Jump to content

Հիվանդ եղջերուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հիվանդ եղջերուն

Թավ անտառում,
Իր խոր այրում
Հիվանդացավ մի եղջերու:
Եղջերուներ՝ էգ թե արու,
Խիստ կարեկից
Դուռ ու դրկից,
Հորքուր, մորքուր
Հեզահամբույր,
Գորովագութ,
Սկսեցին մի ելումուտ.
Եկան հանդես,
Հիվանդատես,
Եվ խնամիչ,
Եվ սփոփիչ:

Հետևանքը՝ հիմա տես ինչ.
Գալ-գնալով այնքան բերան
Խեղճի պաշարն այնպես կերան,
Որ նախ այրը մնաց դատարկ,
Հենց թափ տված մի ալրապարկ:
Հետո որտեղ ոտ կոխեցին,
Չոր կրծեցին
Անցած ճամփին՝ կանաչ, թուփ, ծառ,
Մինչև վերջին փուշն և մացառ:
Երբ ամեն ինչ չոր-չորացավ,
Շրջապատում վերջ-վերջացավ,
Խեղճ եղջերվին,
Լավի լավին,
Էն անմեղին,
Մեջքը հողին,
Դունչը կողին,
Սոված թողին:
Իրենք փախան, փախան անհետ,
Անվերադարձ, էլ չեկան ետ:
Կես ամիսն էլ չլրացավ,
Ցավի վրա եկավ նոր ցավ:
Երբ չմնաց ուտելու բան,
Փրկիչ սովը չոքեց դռան:
Ու ձայն տվավ, — Այ, ջա՛ն-ջանի՜կ,
Զահել-ջիվան ի մ ջեյրանիկ,
Գետնին գերի,
Վե՜ր կաց, արի,
Ու թաքնվիր,
Ա՛յ գալիս են հոքիր... մոքիր...
Խեղճ եղջերուն,
Երբ լսեց անուն-անուն,
Որ չտեսնի երես-երես
Էլ նրանց պես
Հոքիր, մոքիր հիվանդատես,
Հոքիր, մոքիր՝ աչերը խուփ,
Սիրով փարվեց սովին ընդհուպ: