Հյումբաթի ձոր
ՀՅՈՒՄԲԱԹԻ ՁՈՐ
Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։
Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի։
Մի քիչ ներքև, տձև ժայռերի տակ Հյումբաթն է, բլրակի վրա՝ Միջին մահլան, արևկող երեսին՝ Գյունեյ թաղը։ Մութն ընկնելուց ինչքա՜ն մռայլ են թվում վերի ժայռերը, ինչպես հսկումի կանգնած առասպելական հրեշներ։ Հին քարանձավներից, ուր առաջ մարդն է ապրել, մթնով ելնում է գայլը, դունչը գյուղի կողմը դարձնում և երկա՜ր ոռնում։
Անհիշելի ժամանակներից մարդիկ ապրում են Հյումբաթի ձորում։ Նույն քարանձավում այժմ էլ ապրում է մի սերունդ, որի հին պապերն այդ քարանձավում իրենց մերկությունը ծածկում էին գազանի մորթով, մարդիկ, որոնց բրածո բազուկների հաստ ոսկորները այժմ երանության ու նախանձի ժպիտ են հարուցում մանրացած սերնդի աչքերում։
Հին անտառից ոչինչ չի մնացել, ավանդությունից բացի։ Այնտեղ, ուր այժմ մի զույգ լղար եզ ծանր կամն է քաշում, կամի վրա նստած ծերունին շոգ օրին միտն է բերում պապի պատմածը կալատեղի և այն օրերի մասին, երբ Գյունեյի լանջերին խիտ անտառ էր, ձորում շամբուտներ, որտեղ վարազ էին որսում մելիքները։
Այժմ լերկ են լանջերը, արևը խանձել է ժայռերի մամուռը, անտառի հետ անհետացել են ծառերի ստվերում բսնող խոտերը, կուրացել են աղբյուրները, որոնց երակներն անտառի խոնավությունն էին ծծում և ջուրը ցայտում քարի ճեղքերից։
Հյումբաթի ձորում ոչ կռիվ է եղել և ոչ կոտորած։ Տարիների հետ պառավել է գյուղը, ուժասպառ եղել տարիքն առած ծերունու պես։ Դրա համար էլ այնքան շատ են ավերակները, դուռը հողով ծածկած գոմեր, որոնց մսուրում քանի տասնյակ տարի ոչ մի հորթ դարման չի կրծել։
Ահա երբեմնի փողոցը... Ամեն գարնան վերից իջնող հեղեղը մի քիչ խորացրել է հունը, տարիների ընթացքում դարձրել խորխորատ։ Կամարակապ աղբյուրի մի պատը փլվել է, քարե խողովակից իզուր է ջուր ծլլում, որովհետև ոչ մի մարդ չի կռանում խողովակից ջուր խմելու։ Հեղեղը փորել է տան հիմքերը, կրապատը կախվել է խորխորատի վրա։ Մի տարի, երկու-երեք ձյունաշատ ձմեռ, գարնան արագ հալոցք, վարար հեղեղի մի զարկ, և կփլվի խարխուլ պատը։
Աղբյուրի կողքին հին ձիթհանքն է։ Մելիքներն են շինել և ստիպել, որ շրջակա գյուղերից կտավատ հավաքեն ձեթ քաշելու։ Ձիթհանքի թանձր պատերն են մնացել և կլոր քարը, որ դարձրել են գոմեշները, գիշեր-ցերեկ պտույտ տվել, քարի տակ տրորել բոված կտավատը:
Հիմա էլ ժայռի գլխին մնում են Մելիք-Բախտամի ամարաթի բարձր պատերը, նրա բանտը, մելիքի ախոռները, մուտքը սրբատաշ քարերից և գեղեցիկ քանդակներով: Կա մատուռի պես մի շենք, ծաղկանկար քանդակներով, հատակը սալքար, դիմացի պատին՝ ժանգոտ երկաթի օղ: Մատուռի պես այդ շենքում Մելիք-Բախտամի ձին կերել է ռամիկի մատներով մեկ-մեկ ընտրած ոսկեհատ գարի և Իրանից, քարվանով բերած քիշմիշ:
10 Հյումբաթի ձորով գետ է անցնում, որի մյուս ափին այգեստանների մեջ, գունավոր կտուրներով փոքրիկ քաղաքի տներն են: Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում ոչ կռիվ է եղել և ոչ էլ կոտորած: Այն ժամանակ, երբ քաղաքի տեղը շամբուտ էր և անտառ, ձորի բոլոր տներից ծուխ էր բարձրանում: Եվ երբ առաջին մովրովը հրամայեց տափարակի վրա կառուցեք սպիտակ քարե զորանոցը, Հյումբաթի ձորի աստղը թեքվեց:
Գետի կամրջով գյուղից հեռացավ նա, ով ոսկի ուներ, և, երբ բարձրացան մելիքների ջրաղացի գլուխը, մի անգամ էլ նայեցին հսկումի կանգնած ժայռերին, քոչը վայր դրին սպիտակ զորանոցի մոտ և տափարակի վրա փորեցին 20 նոր տների հիմքը:
Այսպես առաջացան քաղաքի տները: Եվ ուղտերը, որոնք Քիրմանի շալ բարձած, ծանր հակերի տակ տնքալով չոքում էին Հյումբաթի ձորի հրապարակում՝ փոքրիկ կրպակների առաջ, իրենց գլուխները սպիտակ զորանոցի կողմը դարձրին և շամբուտները կոխելով մտան քաղաքի առաջին փողոցը:
Այդ օրից սկսվեց և Հյումբաթի ձորի արնաքամ լինելը, որովհետև քաղաքը նստում էր կոկորդին, տները փռվում էին ամենալավ հողերի վրա, աղբյուրի ակունքից ամենից առաջ ջուր էր խմում քաղաքը: Հյումբաթի ձորի հին կրպակները հիմա էլ մնում են, կիսով չափ խանգարված, պատերը խարխուլ, կտուրների վրա կանեփի փարթամ թփեր: Նեղլիկ փողոցներում, ուր աջ ու ձախ հին խանութների հետքերն են, մելիքների շուկան, հիմա անցուդարձը քիչ է: Լծից բեզարած մի եզ գործից դառնալիս գուցե վիզը քսի կրպակի սուր անկյունաքարին, վիզը քորի այնտեղ, ուր գունավոր շալի հոտը բուրում էր, որպես Իրանի սաբզա:
Սպիտակ զորանոցն այն ապահով վայրն էր, դեպի ուր մելիքների ջրաղացի ճամփով գնում էին կրպակների տերերը, քաղաքում մեծ խանութներ բացում, խանութների փեղկերը ներկում, ոսկետառ ցուցանակներ կախում և ոսկիները 10 հողե կճուճների մեջ դարսելու փոխարեն պահ տալիս բանկին:
Վաղուց արդեն համարձակ մի սովդաքյար բացել էր մեծ քաղաքները տանող ճանապարհը և առաջին ապրանքի հետ ուրախ լուր էր բերել Մորոզովից ու Ցինդելից: Վերջին մելիքները հագան Մոսկվայից բերած գուլպաներ, և նրանց ջրակալած աչքերը տեսան, թե ինչպես կամարակապ ախոռում ձմռան գիշերին վրնջում է ձին, գարու մեջ փնտրում Մելիք-Բախտամի քիշմիշը:
Բերդի քարերը մեկ-մեկ ընկան, երբ տափարակի վրա բարձրացան սպիտակ զորանոցի պատերը: Մելիքների բանտում սարդը ոստայն հյուսեց, ժանգը դեղին սերմեր մաղեց բանտի երկաթ բանալիների վրա: Մելիք-Բախտամի վերջին ժառանգը մեռավ հեռու մի քաղաքում, որպես ռուսական գնդի հրամանատար:
10 Հյումբաթի ձորի ժայռերը տեսան, թե ինչպես գունավոր գորգերը հանեցին քարանձավներից, շալակով տարան և փոխարենը քաղաքից ստացան նավթ, շաքար: Գորգերն ուրիշ քաղաքներ ուղարկեցին: Ոչխարները քչացան, ձորում ապրողներին մնաց քաղաքում ձեռք բերել բո՛ւրդն էլ, նե՛րկն էլ և գարնանը պատրաստի գորգեր տալ բրդի տերերին: Թվաց, թե այդ օրից տորքի երկաթներն այլ կերպ զնգացին և երբ ձմռան գիշերով սպիտակահեր մի կին ձորի աղջիկներին հին նախշերն էր սովորեցնում,−ձմռան գիշերին ճրագի պատրույգի հետ մխում էր պառավի սիրտը, երբ հիշում էր չքնաղ գորգերը, որ տարան։
Քաղաքը մեծացավ։ Հյումբաթի ձորում, Միջին մահլայում և Գյունեյ թաղում մնացին հացթուխներ, գզրար կանայք, լվացարարներ, գորգագործ պառավներ, անտառից շալակով ուրիշի համար ցախ բերող մարդիկ, սրա նրա դռանը օրահացի աշխատող աղջիկներ և մանուկներ, որոնց ամենամեծ հրճվանքը քաղաքում օրնիբուն լվացք անող մոր վերադարձն էր, գոգնոցի ծալքում պահած համեղ 10 պատառը։
Այսպես հալվեց ձորի գյուղի աստղը։
Մելիքների ջաղացի գլխից մեկ-մեկ կարելի է համրել երեք թաղի տները, ավերակները, տեսնել, թե ինչպես դանդաղ քայլերով մի էշ բարձրանում է կածանով, հետևից տերը բզում է, կանչում և կածանի դժվար տեղը հրում էշին, օգնում բարձրանալու։
Գետի ափին կանայք ցորեն էին լվանում աշնան արևոտ մի օր, երբ երեք թաղն էլ քարափից դիտելուց հետո, իջանք ձորը։
Խաղաղություն կար ավերակներում, կրպակներում, ձիթհանքում, ջուրն իզուր 20 ծլլացող աղբյուրում։ Ամեն տարի մի քար է ընկել պատից, մահը թեթև է թվացել, բողոք չի եղել, ոչ մի թաղ չի տեսել հրդեհ, գերանները փտել են առանց մխալու, քարերը չեն շիկնել կրակից և նստել է մամուռը։ Մի կրպակի դուռ գոց էր այնպես, ասես սովդաքյար տերը ճաշի էր գնացել կամ գերեզմանօրհնեքի։
Ման եկանք գյուղում, տեսանք շեն տները՝ հատ ու կենտ, պառավ լնդերի դեղնած ատամների պես: Հարևանի ավերակ տունը դարձրել են գոմ ու մարագ: Այնքան շատ են պարապ, կիսախարխուլ տները, դարպասը գոց, ծանր կողպեքները վրան: Թվում է, թե հանդ են գնացել, ներսից ձայն չի լսվում, տան առաջ, դարպասի քարերի ճեղքում բուսել է խոտը:
Մի քանի կտուրների վրա դդում կար շարած, տեղ-տեղ արևի տակ փռել էին գունավոր լաթեր: Մի հին ու մեծ տան միակ պատուհանի քարին, արևի տակ, պամիդոր էին շարել: Եվ միակ ապացույցը, որ կարող էր համոզել, թե այդ տանն ապրողներ կան, պատուհանի կիսակարմիր պամիդորն էր:
10 Թեև քաղաքը հեռու չէր, եկած ճանապարհը մեզ ծանոթ, բայց և այնպես ուրիշ աշխարհ թվաց Հյումբաթի ձորի այդ անկյունը, որի բնիկները կարծես ուրիշ ցեղի մարդիկ էին: Եվ միակ հարցը, որ դառնում էր մեր գլխի մեջ, մի «ինչու» է այն մասին, թե ինչպես են մարդիկ ապրում այս քարերի տակ, ինչո՞ւ չեն հեռացել մի ուրիշ, հարմար տեղ: Հանկարծ եթե ժայռերից մեկն ընկնի կամ մի քար գլորվի վերևից:
Բակում խաղացող երեխաները մեզ տեսան, զարմացած խաղը թողին: Երբ մեզնից մեկը ջուր ուզեց, ջուր բերող երեխայի անունը հարցրեց, թվաց, թե նա ջուր չէր ուզում, այլստուգում էր, թե արդյոք այդ երեխան մեզ նմա՞ն է խոսում:
20 — Որ տան կտուրին դդում եք տեսնում, ուրեմն էնտեղ ապրում են, — ասաց բնիկներից մեկը, որ կամրջի գլխին միացել էր մեզ: — Երեկոյան էլ կրակներով կիմանաք: Քանի ճրագ են վառում, էնքան էլ տուն կա: Մնացածը արջաբներ են:
Երեկոն հաստատեց այդ: Մութի հետ հատ ու կենտ ճրագներ վառվեցին: Մութը չասեց մեզ արջաբներում կենողների մասին, բայց մանրիկ լույսերի թարթոցը կամացուկ պատմում էր, որ Հյումբաթի ձորում քսան ճրագ կա, Միջին մահլայի գետափի մասն է ողջ, Գյունեյ թաղի ծայրը: Մնացածն ավերակ տներ են ու մութի մեջ խառնվում են ժայռերին, և չի լինում որոշել՝ ո՞րն է ժայռ և որը երբեմնի բնակավայր:
Մեկ մեկ հավաքվում էին հեռու թաղերից, ներս մտնում ընդարձակ սրահը, տեղ բռնում փայտե նստարանների վրա: Երբ գզիրը մի անգամ էլ պտույտ արեց փողոցներում բարձր կանչով, շներն այս ու այն կողմից ձայն տվին ու հանդարտեցին. գզիրի հետ մի քանի հոգի եկան հեռու քարանձավներից: Սրահի կիսամութում փափախները մակաղած ոչխարի պես էին, չիբուխների կրակները՝ խոտերի մեջ լույս տվող բզեզներ:
10 Խոսքը հողի մասին էր, հարմար մի տեղ նոր գյուղ հիմնելու մասին: Երևի շատ հնում, երբ վաչկատուն ցեղերը երկրե-երկիր էին գաղթում, նոր աշխարհներ գրավում, այդ աշխարհի մասին հազար առասպել բերնեբերան էր անցնում և ոգևորում անցնելու դժվար կիրճեր, սար ու ձոր, անջուր ավազուտներ:
Նոր գյուղի խնդիրը Հյումբաթի ձորի համար երջանիկ աշխարհի առասպելի պես էր, նրանք իրենց հանդերի անուններն էին տալիս, մեկի ջուրը գովում, մյուսի խոտը:
— Մենակ էս ձորից դուրս գանք...
Փափախների տակ պսպղում էին աչքերը, որպես չիբուխի կրակներ, երբ 10 մեկը ծանոթ բանտի նկարագիրն էր անում և ուրվագծում վաղվա գյուղը, լայն ճանապարհը և ճանապարհի նման ազատ կյանքը:
Երբ ուշ գիշերին ծխից մթնած սրահում նախագահը քվեարկության դրեց նոր գյուղատեղը փոխադրվելու հարցը, ճրագի թույլ լույսի տակ բարձր մեկնած ձեռքերի ետև մի պահ չերևացին փափախները, թվաց, թե հսկա մի մարմին բյուր ձեռքեր է պարզել դեպի սևացած օճորքը: Ճրագը թարթում էր լույսի հետ և տաքություն տալիս։ Ճրագի հետ վաղվա հույսը ջերմություն էր սփռել սրահում։ Եվ ուրախ աղմուկով դուրս եկան։ Այսպես էր սկսում իր չուն վաչկատուն ցեղը անցած դարերում։
Սանդուղքի գլխին Գյունեյ թաղից մի ալևոր մոտեցավ մեզ։
− Մի ոտս գերեզմանումն է, ես կարող է չտեսնեմ էն նոր տեղը, բայց տարեք... Գնացե՛ք Հյումբաթի ձորի դժոխքից։
Սանդուղքի գլխից մի պահ նայեցի, թե ինչպես մահակով քարերը շոշափելով ծերունին կորավ մութի մեջ։ Լսելի էր, թե ինչպես նա 10 մահակի ծայրով զարկում էր քարերին, ճանապարհը փնտրում։
Կրակները չէին երևում։ Մութի մեջ հազիվ էին նշմարվում գյուղի գլխի ժայռերը, մելիքների ամարաթի պատերը։ Ժայռերը թանձր ստվեր էին կախել գյուղի վրա, ամարաթը թվում էր որպես կանգուն դղյակ, որի խավար խուցերում գուցե շրջում է Մելիք-Բախտամը, որպես ուրվական...