Արևը ցած խոնարհում է կամաց–կամաց,
Կյանքս նորից հետ դառնալու հույս չմնաց.
Ե՛կ, Ալեքսանդր, իմ անդրանիկ որդի ժառանգ,
Ասաց վերջին շնչով սակայն հոգին հանդարտ։
5
Այն գայիսոն, գահն ու թագը, որ ստացա
Իմ նախորդից, նույն թողնում եմ քեզի ահա՛.
Բայց իմացի՛ր, դու անդրանիկ իմ սիրական,
Լավ ճանաչե թող և ամբողջ Ռուսաստան։
Ես ստացա այս երկիրը խոպան, անշեն, 10
Բայց թողնում եմ քաջ մշակյալ նորան անդրեն.
Ինչ որ կարո՛ղ էի առնել, կատարեցի,
Իմ ասպարեզը այս օրվա օրը լրացուցի:
Ես կերակուր կուշտ չկերա, եթե տեսա,
Թե սիրական հայրենիքիս մի վտանգ կա. 15
Քունը աչքիցս փախավ հեռի շաբաթներով,
Որ հայրենիքս պաշտպանեմ ես ապահով։
Թե իմացա, որ մի տեղում Ռուսի Աթոռը
Ցած է դրած ուրիշներից և ո՛չ առաջին,
Թուրը ձեռիս, կտրիճի պես հասա շուտով, 20
Փառք ու պարծանք պարգևեցի ես իմ ազգին։
Եթե տեսա ես Ռուսիո մի դաշնակից`
Նեղության մեջ ալեկոծյալ մի չար բաղդով,
Արծվենշան դրոշակս ես բաց արի
Ու փորձանքից ազատեցի նորան շուտով։
25
Նիկողոսը չծերացավ ի զուր տեղը,
Նա չգտավ երկրիս վերա յուր նմանը,
Թե նա օգնեց ուրիշներին, ինչպես առյուծ,
Նոքա եղան նորա հանդեպ ապերախտ ինձ[1]»
Գայիսոնը, գահն ու սուրը ա՛ռ դու, որդյակ, 30
Քո նախահարց եղիր արժան ընտիր ժառանգ.
Իմ հոգին քեզ կառաջնորդե ամեն բանում.
Նիկողոսը ասեր, թ՚Եվրոպ չի՛ք մեջ տեղում:
Բարյավ մնա՜ք, իմ հայրենիք, իմ սիրականք,
Բարյավ մնա՛, իմ Աթոռիս ընտիր ժառանգ. 35
Սուրբ թող չինի քեզի համար իմ այս կտակ.
Իմ արևը մայրը մտավ... ի հիշատակ։
Նիկողոսիս դուք կկանգնեք հավերժ արձան,
Թե թշնամիք տեղ չունենան ի Ռուսաստան: