Սևով կնքած, սև ներկած սև լուրը
Երբ դուրս եկավ Պետերբուրգից անկարծիք,
Խորտակում էր ճամբի վերա սրտերը,
Ուր որ չըկար հոգվո արատ կամ կեղծիք:
5
Այդ մի աղբյուր էր արտասվաց հորդառատ,
Կարծես Նևան ինքն արտասուք էր դարձել.
Կամաց-կամաց վերևից ցած գընալով՝
Հըպատակաց սիրտն ըսկըսավ հեղեղել:
Լսեց իշխան, թողեց զարդը, թխով պատեց յուր անձը, 10
Ոսկենըկար գլխարկներին սև քող իջավ ծածկույթը.
Լսեց ազնիվ, թնդաց սիրտը, ողբաց արքայի մահը,
Վաճառականն ուշաթափած գոռաց. Մեռա՜վ մեր կայսրը
Բայց տես այն կողմ, ի՞նչ առնում է առհասարակ ռամիկը,
Տե՜ս, ի՞նչ ոգով կոծում է նա Նիկողայոսի մահը. 15
«Մեռավ մեր հայր, հայր որդեսեր, հայր հպատակաց սիրող,
Արտասուքով ու արյունով թրջենք նորա շիրմի հող։
Երանի՜ էր, թե գիտնայինք նորա վերջին կտակը:
Ա՜խ, թե մինը ասեր մեզի նորա սրտի սուրբ կամքը.
Այն սուրբ կամքը կատարելու ամենեքին, եմք պատրաստ — 20
Ծեր ու տղա, երիտասարդ, կին, գույք, կալված ու գրաստ»։
Տեսավ ամբոխը արևմուտքում մի մրրիկ բարձրացած.
«Տոն են տոնում մեր թշնամիք»,— նա կատաղությամբ գոռաց.
Մի զվարթուն կերպարանյալ եթերական կամարից
Որ կանգնած էր ժողովրդում՝ կանգնած աննկատ ամենից։
25
«Լսեցե՛ք ինձ, ինձ՛ ծերունվույս,— ասաց զվարթուն այն հրեշտակ
(Ինքն ուներ ալևորյալ մի ծեր մարդու կերպարանք).—
Ասում են որ, ի՞նչ ասում են, այդ շատ հաստատ, ճիշտ լուր է,
Մեր արքայի վերջին կամքն էր, որ թշնամյացը հաղթե:
Նա այս բանը կտակ թողեց, կնքեց նորան յուր մահով, 30
Հանձնեք կտակը յուր ժառանգին յուր աթոռով ու սրով.
Ասաց նորան. որդի լինել արժանի, հոր՝ արժանի,
Ինքն էլ նորան օգնական է, քանի որ սա է կենդանի»:
Ժողովրդոց բազմությունը ըստ կրոնի կրոնի
Վազեց երդվել եկեղեցին սուրբ սեղանույն առաջի, 35
Թե պատրաստ է նորա համար թափել վերջին արյունը
Ու թշնամյաց արյամբ ներկել յուրյանց հագի սև շորը։
Արևմուտքը տեսավ հեռվանց, տեսավ սիրտը բազմության,
Խոր հառաչանք քաշեց սրտից, հույսը եղավ ողջ ունայն.
Տեսավ բազմած Նիկողոսի գահումը նոր թագավոր 40
Ու դեպի նա տեսավ ազգի սրտում վառած սիրո հուր:
Միտքը բերեց, ինքը քանի՞ Նիկողայոսի ձեռքով
Ազատվել էր վտանգներից ու ապրել էր ապահով.
Խղճմտանքից բռնադատված՝ ինքն էլ լացեց մի մեծ լաց»
Մոռցավ այն օր և շունչ քաշել, թող թե ուտել ճաշ կամ հաց։
45
Կեցցե՛, կեցցե՛ մեր Ալեքսանդր, օրհնեցելույն համանուն,
Նորա ժառանգ Նիկողայոս լիցի նման յուր հավուն.
Կեցցե՛ Աթոռ Ռուսաստանի Եվրոպիո ահարկու,
Իսկ Նիկողայոսի անունը արևից վեր լուսատու։