Jump to content

Հողաշինարարության հերթական անելիքներից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԵԼԻՔՆԵՐԻՑ

Հողաշինարարության և հողօգտագործման մասին Կոմկուսակցության համամիութենական Կենտկոմի որոշումները շոշափում են և բոլշևիկյան հստակությամբ լուծում այն ակտուալ խնդիրները, որոնք ո՛չ միայն մի տարվա, այլև հետագա տարիների ընթացքում կիրականանան, գյուղի և քաղաքի կապը է՛լ ավելի հզորացնելով, չքավոր ու միջակ գյուղացիությանն անվերապահորեն շաղկապելով սոցիալիզմի կառուցման։

Այդ ասպարիզում կուսակցության տված դիրեկտիվները[1] համապատասխան օրգանների կողմից պիտի կիրառվեն ուղիղ և վճռական։ «Օպոզիցիայի անզոր թոթովանքին այդ դիրեկտիվները գերազանցում են իրենց հստակությամբ, գործնականությամբ և մշակման խորությամբ» (Պրավդա»)[2]։

Այդ դիրեկտիվի համաձայն խմբագրվում է և շուտով կիրարկության կդրվի համամիութենական հողային նոր օրինագիրքը, որի մեջ դիրեկտիվները որպես օրենքներ կլինեն՝ անշեղ իրագործելու կուսակցության քաղաքականությունը հողային խնդրում, այսինքն՝ գյուղում տանելիք աշխատանքի ամենից կարևոր բնագավառում։ Մինչև այժմ գործադրվող հողային օրենսգիրքը լրիվ չի համապատասխանում մեր այսօրվա քաղաքականության։ Այժմ, երբ մեր գյուղատնտեսությունը հասել է նախապատերազմյան վիճակին, երբ օրվա խնդիր է գյուղատնտեսության ռեկոնստրուկցիան սոցիալիստական ուղղությամբ, երբ այդ գյուղատնտեսությունը հարմարեցվում է որպես բազա արդյունաբերացման պլանին, հնարավոր չէ ղեկավարվել 22 թ․ հրատարակած հողային օրենսգրքով[3], որի մեջ, օրինակ, շատ համեստ տեղ է բռնում հողօգտագործական կոլեկտիվների խնդիրը, չքավորներին հողային արտոնություններ տալը, որով ապահովված չեն հողային կոմիտեները ձայնազուրկ և հարուստ տնտեսությունների մասնակցությունից:

Հողային մարմինների առաջիկա անելիքներից ամենից կարևորը, որի կիրառման մեջ ամեն թերություն դատապարտելի է հենց այժմվանից, չքավոր տնտեսություններին տրվելիք հողային արտոնությունների լրիվ և անշեղ կիրառումն է։ Ճիշտ է, մեզանում մինչև այժմ կատարված թե՛ միջգյուղյա և թե՛ ներքին հողաշինարարությունը չքավորության համար կատարվել է պետության հաշվին։

Իհարկե, մեր պայմանները մի քիչ տարբեր էին։ Միջգյուղյա հողաշինարարությունը, մանավանդ սկզբի տարիներում, կատարվում էր սովից և գաղթից ավերված գյուղերում, երբ հողաշինարարությունը, որպես հողահավասարեցում, անհրաժեշտ նախապայման էր հենց այդ ավերված տնտեսությունը վերականգնելու, հողազուրկ գաղթականության և հողապակաս գյուղերին բավարար չափով և հավասար շնչաբաժին տալու:

Սակայն այլ պատկեր է հիմա, երբ բոլոր գյուղերում հողային ռեֆորմի «սևը», որպես հողահավասարեցում, կատարված է: Այս տարվանից, համարյա բոլոր գավառներում, սկսված է ներքին հողաշինարարությունը, որն ըստ պլանի պիտի ավարտվի հնգամյակում: Մի աշխատանք, որ պիտի ստեղծի օրինակելի գյուղատնտեսություն, պիտի կարգավորի ճանապարհները, ոռոգումը, պիտի հատակագծի բնակավայրերը և, վերջապես, դաշտերը կտրատի այն ձևով, որ, իրոք, գյուղատնտեսությունը դառնա բազա մեր արդյունաբերության համար։

Ահա այդ աշխատանքի ընթացքում է, որ հողաշինարարության ծախքերից միանգամայն ազատվելու են չքավոր և սակավազոր տնտեսությունները, և, ընդհակառակն, այդ ծախքերին ավելի խոշոր չափով մասնակից են դառնալու գյուղի ունևոր և կուլակ ծխերը։ Հոկտեմբերյան հեղափոխության 10-րդ տարեդարձի աոթիվ հրատարակած մանիֆեստով[4] գյուղի աղքատ տնտեսությունների հողաշինարարության համար հատկացվում է 10 միլիոն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մեր երկրին բաժին է ընկնում 150000 ռուբլու չափ։ Ահա այդ գումարն է, որ բյուջեով սահմանված հատկացումների հետ միասին կազմելու է հողաշինարարության չքավորական ֆոնդը։

Այժմ տեսնենք, թե ի՞նչ խնդիրներ կան հողային մարմինների առաջ դրված, խնդիրներ, որոնց իրագործման համար առաջին հերթին պիտի գործադրվեն չքավորական ֆոնդի գումարները։ Մենք կանգ չենք առնի այն հիմնական դիրեկտիվի վրա, որ տալիս է կուսակցությունը հողաշինարարությունն արագ վերջացնելու մասին։ Բարեբախտաբար, այդ տեսակետից Միության մեջ Հայաստանը ամենից բարենպաստ պայմանների մեջ է իր հնարավորությունների տեսակետից։ Այն ժամանակ, երբ սահմանվում էր հողաշինարարության վերջնական ժամկետը 10 տարով, մեր Հողժողկոմատը պատրաստակամություն էր հայտնում հինգ տարում ավարտելու։ Այժմ, երբ ժամկետն ամբողջ Միության համար իջեցված է 7 տարվա, դարձյալ 5 տարում Հայաստանի հողաշինարարության հնարավորությունը մնում է իր ուժի մեջ։

Սակայն այս իմիջիայլոց։ Երբ էլ վերջացնելու լինենք, հողաշինարարությունն անկատար կհամարվի, եթե չքավոր և սակավազոր տնտեսությունների շահերի լիուլի ապահովված չլինեն:

Պետք է պարզ և որոշ, առանց փոքրիկ սայթաքման անգամ, տանել խիստ շեշտված դասակարգային գիծ հողաշինարարության ասպարիզում, գյուղական արոտների օգտագործման խնդրից սկսած մինչև գյուղերի հատակագծումը։ Այսպիսով, մենք ո՛չ միայն ապահոված կլինենք չքավոր և միջակ խավի, այսինքն՝ գյուղի ճնշող մասի անխախտ դաշինքը, այլև արմատում կխեղդենք սեփականատիրական այն ձգտումը, որ հողային ասպարիզում հանդես է բերում կուլակը։

Բայց անցնենք գործնական անելիքներին։ Համամիութենական հողային նոր օրենսգրքի հրապարակման հետ անհրաժեշտ է օրինական ձևակերպում տալ այն մասնակցության, որ պիտի ունենա գյուղի ունևոր մասը հողաշինարարության ծախքերի մեջ։ Հողային օրգաններն իրենք պիտի հոգան, որ տեղերում խստիվ կիրառվի գյուղի չքավորին հողաշինարարության ծախքերից ազատելու դիրեկտիվը, նույնիսկ այնպիսի ծախքերից, որ հոգում է գյուղը (օրինակ՝ հողաչափի բնակարանի վարձ, հողային կոմիտեների աշխատավարձ և այլն)։ Պիտի բոլոր միջոցները գործադրել, որ չքավորները հողը միանգամայն ձրի ստանան, Գյուղական և ո՛չ մի համախոսական ու ո՛չ մի համայնական որոշում կամ «թովջի» այս խնդրում ընդունելի լինել չի կարող:

Հիմնական հողաշինարարության ընթացքում չքավորի շահերը պիտի պաշտպանել անխախտ։ Թույլատրելի լինել չի կարող վիճակահանության ձևը, որի ընթացքում շատ չքավորների հողը հեռու և անբարեբեր վայրում է ընկնում։ Հողաշինարարը և այդ գործին հսկող վարչական և հողային մարմիններն ավելի աչալուրջ պիտի հետևեն չքավորներին պաշտպանելու գործին։

Այս խնդրի հետ սերտ առնչություն ունի հողօգտագործական կոլեկտիվների խնդիրը, որի նկատմամբ մինչև այժմ շատ քիչ բան է արված՝ ձևակերպելու այն տարերային պահանջը, որ գալիս է «ներքևից», չքավոր տնտեսություններից։ Պետք է պարզ ասել, որ հողային մարմինները կոլեկտիվ կազմելու գործում շատ ավելի են առաջ գնացել, քան այն մարմինները, որոնք պիտի հետևեն նրանց վարկավորման, տրակտորիզացիային և հողերի միասնական մշակության։ Հողաշինարարության ընթացքում կազմակերպված կոլեկտիվները հաճախ քայքայվում են ղեկավարություն չստանալու պատճառով։

Այս դրությունը վերացնելու և հետագայում հողօգտագործման կոլեկտիվների կազմակերպման գործն ավելի կանոնավոր հունի մեջ դնելու համար հարկավոր է ստեղծված կենտրոնը գործի հրավիրել և կանչել աշխատանքի, մշակել անելիքի ծրագիր և այդ անելիքը հարմարեցնել առաջիկա տարվա թե՛ հողաշինարարության և թե՛ մեր վարկային հնարավորությունների հետ։ Հավասարաչափ անելիք ունեն այս խնդրում հողաշինարարը, ագրոնոմը և կոոպերատորը։ Եթե հողաշինարարն իր աշխատանքի ընթացքում կոլեկտիվին պիտի մի տեղ հատկացնի և հող տա, ագրոնոմն այդ հողի վրա պիտի նրանց տնտեսության կազմակերպման հետամուտ լինի, կոոպերատորն ագրոնոմի հետ միասին պետք է հոգա վարկի, մթերքների սպառման և այլնի մասին։

Բայց դառնանք դարձյալ անելիքներին։ Չքավոր տնտեսություններին կամ նրանց կոլեկտիվներին հողով բավարարելուց հետո պետք է հոգալ այդ հողի վրա կատարելիք աշխատանքների մասին, առանց որի հողաշինարարությունն արդյունավետ չի կարող լինել։ Բանն այն է, որ հիմնական հողաշինարարությունն այժմվա հողատեսքերի պատկերր միանգամայն փոխում է։ Ստեղծվում են համեմատաբար խոշոր կտորներ՝ մի կամ երկու տեղ, նոր ճանապարհներ են գցում, նոր առուներ անցկացնում։

Այդ բոլորը պահանջում է աշխատանք։ Ունևոր տնտեսությունը իսկույն իր ստացած հողը կարգավորում է, քարերից մաքրում, փոսերը լցնում, թմբերը հավասարեցնում և իր ստացած հողը կարճ ժամանակում ամբողջովին պիտանի դարձնում և նույն տարին էլ համարյա ամբողջովին մշակում։ Չքավոր տնտեսությունը լծկանազուրկ լինելով՝ միայն իր ուժով պիտի այդ հսկա աշխատանքը կատարի։ Հետևանքը լինում է այն, որ չքավորը ստացած հողը լիովին չի կարողանում օգտագործել։ Մեր գյուղերում, ուր արդեն ավարտված է հիմնական հողաշինարարությունը, հաճախ կարելի է տեսնել մշակած և կարգավորած հողամասի կողքին նույն որակի հողամաս, սակայն հարթելու կարոտ, կեսը խոպան, հին հողատիրության հետքերը (ավերված պատեր, առուներ, սահմանային հին թմբեր և այլն) մնացած։

Պետք է չքավոր տնտեսության հող հատկացնելուց անմիջապես հսկել և աջակցել այդ հողը մշակության համար լիովին պատրաստելու։ Այստեղ դարձյալ կոլեկտիվների խնդիրն է առաջանում։ Ուրիշ շատ առավելությունների հետ, հատկապես այս խնդրում, հողօգտագործման կոլեկտիվը մի խոշոր առավելություն ունի, անգամ քիչ վարկ ստանալու դեպքում կոլեկտիվ ուժերով կարելի է հողերը բարեկարգել։ Չքավոր տնտեսությունների հողաշինարարության հատկացրած գումարներից այս նպատակին ևս պիտի հատկացվի մի որոշ մաս, որպես երկարատև վարկ, առաջին հերթին չքավոր տնտեսություններից կազմված կոլեկտիվներին։

Մի այլ խնդիր։ Հողային հասարակությունների և գյուղխորհուրդների միջև գոյություն ունեցող այն աննորմալ վիճակը, երբ, ինչպես գրում է «Պրավդան»[5], «կուլակային տարրերը, որոնք զրկված են ընտրողական իրավունքից, ոչ միայն վճռական ձայն ունեն հողային հասարակություններում, այլև հաճախ ղեկավարում են, երբեմն էլ հարկադրում գյուղխորհուրդներին»,— մեզանում շատ ավելի թույլ է, որովհետև հողային հասարակությունները, որպես իրավական անձ, հաստատված չեն մեզանում։ Սակայն այդպես լինելով հանդերձ՝ հակախորհրդային խորհրդային տարրին հաճախ հաջողվում է հողաշինարարության խնդիրներում, հողհասարակության ժողովներում վճռական դեր խաղալ։

Պետք է բոլոր միջոցները գործադրել հողհասարակության աշխատանքները կուլակային տարրի մասնակցությունից ապահովելու համար: Կուսակցության դիրեկտիվն այս հարցում շատ վճռական է և որոշ: «Կուսակցության դիրեկտիվը պահանջում է խնդիրն այնպես ձևակերպել, որպեսզի պրոլետարական և կիսապրոլետարական տարրերը կարողանան վճռական ձայն ստանալ, իսկ կուլակային տարրը զրկված լինի հողհամայնքների ժողովներում ձայնի իրավունքից, որպեսզի գյուղական կյանքում գյուղխորհրդի համար ապահոված լինի ղեկավար դեր»[6]։

Համապատասխան մարմինները կխմբագրեն կուսակցության այդ դիրեկտիվը որպես օրենք՝ ապահովելու չքավոր և միջակ տնտեսությունների բացարձակ ղեկավարությունը, գյուղխորհրդի միջոցով, հասարակության հողային գործերում։ Բայց անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել և այլ խնդիրների վրա, որոնք իրենց հերթին պակաս չեն ապահովի գյուղի պրոլետար և կիսապրոլետար խավին կուլակների ոտնձգություններից։

Մեզանում դեռ նոր է սկսված հողերի վարձակալության տոմարագրումը[7], տեղերում դեռ թույլ ուշադրություն են դարձնում այս շատ կարևոր հաշվեառման, որի հետևանքով ո՛չ միայն դժվարանում է ճշգրիտ պատկեր կազմել վարձակալության ձևերի ու չափի, պայմանների և որ խավի վարձակալ լինելուն, այլև այս անուշադրությունը նպաստում է ստրկացուցիչ վարձակալության առաջացման, որ ըստ մեծի մասի մնում է անպատիժ, այնքան, որքան դժվար է լինում այդպիսի վարձակալությունն ի հայտ բերել։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրին, տոմարագրման նախնական աշխատանքներն արդեն պատրաստ են։ Գյուղխորհուրդներին և շրջգործկոմներին է մնում տոմարագրման գործը լրիվ և անթերի կատարել։ Վերջին հաշվով՝ վարձակալության տոմարագրումը սակավազոր տնտեսություններին ստրկացուցիչ և շահադիտական վարձակալությունից ազատելն է։ Ուրեմն և այդ աշխատանքի վրա պիտի առանձնակի ուշադրություն դարձնել։

Պակաս կարևոր չէ և այն օգնությունը, որ մենք պիտի ցույց տանք չքավոր տնտեսություններին գյուղերի հատակագծման և նոր բնակարանների շինարարության ժամանակ։ Արդեն հիշատակել ենք, որ հիմնական հողաշինարարությանը համարյա միշտ էլ զուգորդվում է բնակավայրերի, գյուղատեղերի հատակագծումը։ Տրվում են նոր տնատեղեր, գծվում են նոր փողոցներ։ Ամենից շատ կառուցումներ անում են ունևոր տնտեսությունները, չքավոր տնտեսության տնատեղին մնում է պարապ։ Հարկավոր է այս ուղղությամբ ևս աշխատանք տանել, վարկային հնարավորության սահմաններում չքավոր տնտեսություններին օգնության գալ, նրան հատկացրած տնատեղում թեկուզ մի սենյակ կառուցելու։ Տեղավորման և տեղափոխության ընթացքում, իհարկե, այդ աշխատանքը կատարվում է, ուրիշ վայրեր տեղափոխվողները ստանում են վարկ՝ բնակարանների կառուցման համար։ Եվ քանի որ տեղափոխվողների ճնշող մեծամասնությունը հողազուրկ գաղթականներ են և կամ թե հողապակաս և չքավոր բնիկներ, ուրեմն և բնակարանների կառուցման համար նրանց տրված վարկը, իհարկե, խոշոր աջակցություն է։ Սակայն այստեղ խոսքը վերաբերում է այն չքավոր տնտեսություններին, որոնք տեղացի են, հիմնական հողաշինարարության ընթացքում հող են ստացել և տնատեղ, սակայն միջոցներ չունենալու պատճառով ստիպված են ապրել հորենական ավերակներում։

Գործնական այս խնդիրների կիրառմամբ հողային մարմինները կարող են ասել, որ կուսակցության դիրեկտիվները հողաշինարարության և հողօգտագործման ասպարիզում անթերի և լրիվ կատարել են։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6
  7. 7