Jump to content

Հողվարչության աշխատանքները առաջիկա դաշտային սեզոնում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հողվարչության աշխատանքները առաջիկա դաշտային սեզոնում

ՀՈՂՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԱՌԱՋԻԿԱ ԴԱՇՏԱՅԻՆ ՍԵԶՈՆՈՒՄ

Հողաշինարարության և պետհողգույքերի վարչության ընթացիկ տարվա դաշտային սեզոնի աշխատանքներն իրենց մեջ ընդգրկում են հիմնական հողաշինարարության, ներքին հողաբաժանման, արոտաշինարարության և բնակավայրերի հատակագծման համար գավառների առաջադրած կարիքները, համաձայնեցնելով այն բյուջեին ու մասնագետների քանակին։ Կազմված և հաստատված ծրագիրը, որ հավանություն է ստացել և գավառներում, նախատեսում է այս տարի վերջացնել ներքին հողաբաժանությունը մնացած բոլոր գյուղերում՝ առանձին ուշադրություն դարձնելով արոտաշինարարության և բնակավայրերի հատակագծման վրա, և ավելի մեծ չափով սկսել հիմնական հողաշինարարությունը։

Հողաշիարարական աշխատանքների ամենից կարևոր մասը գյուղերի հիմնական հողաշինարարությունն է, որպիսին մեր երկրում միայն ընթացիկ տարում է, որ լայնանում է և ընդգրկում համարյա բոլոր գավառները։ Եթե չափրարների միջոցով կատարելիք ներքին հողաբաժանության նպատակը հողահավասարումն է, ունևորներից հողի ավելցուկն առնելն ու հողազուրկին տալը, հիմնական հողաշինարարությունը գյուղի նոր տնտեսության հիմքն է գծում, իսպառ վերացնելով հողերի այն անշահավետ օգտագործումը, որպիսին կա մեր գյուղերում (հողացրվածություն, հողերի հեռավորություն և այլն) և որր լիովին չի վերանում ներքին հողաբաժանության ժամանակ։

Ամբողջ Հայաստանում, ընթացիկ տարում, հիմնական հողաշինարարություն է կատարվելու 114 գյուղում, որոնց 73900 բնակիչներին բաշխվելու է 79500 դեսյատին մշակության հարմար հող (խոտհարք և վարելահող)։ Ըստ գավառների՝ առաջին տեղը բոնում է Լենինականը — 40 գյուղ։ Այդ թվի մեջ են մտնում Աղբաբայի գավառակի[1] 21 գյուղերը, որոնց հիմնական հողաշինարարությունը նախատեսում է այդ գավառակի մանր գյուղերի միացում։ Այդ գավառակում 26 թվին կատարած տրիանգուլիացիոն աշխատանքները[2], որպիսին Աղբաբան երբեք չի տեսել, հիմք են օրինակելի շինարարության։ Լենինականի գավառի մնացած գավառներից, Աղբաբայից հետո, երկրորդ տեղը բռնում է 7-րդ գավառակը[3], որտեղ հիմնական հողաշինարարություն է կատարվելու 7 գյուղում։ Այդ գյուղերի հողերի դիրքն ու որակը հնարավոր են դարձնում հողաշինարարության նախագիծը կիրառելիս՝ հոգ տանելու և գյուղատնտեսական կողմի, գյուղերին տնտեսության նոր ձևեր տալու և հողերն ըստ այդ բաժանելու։

Մյուս գավառներից լայն չափով հիմնական հողաշինարարություն է կատարվելու Երևանի և էջմիածնի գավառներում, առաջինում՝ 33 գյուղ, և երկրորդում՝ 17 գյուղ։ Երևանի գավառի հիմնական հողաշինարարությունը շարունակություն է այն աշխատանքների, որպիսին սկսվել է դեռ երկու տարի առաջ։ Այս տարի աշխատանքները կենտրոնացած են երկու գավառակում՝ Հրագդանում և Ղամարլվում[4]։ Մի քանի գավառներում, օրինակ՝ Զանգեզուրում, Նոր Բայազետում, հիմնական հողաշինարարությունն առաջին անգամ այս տարի է սկսվում լայն չափով, եթե չհաշվենք այն աշխատանքը, որ կատարվել է անցյալ տարի այդ գավառների մեկական գյուղերում։ Եթե հիմնական հողաշինարարությունն այս տարի կենտրոնացած է հարթավայրում (Երևան, էջմիածին, մասամբ՝ Լենինական), լեռնային գավառների համեմատաբար սակավաթիվ գյուղերում այս տարվա հողաշինարարությունը կպարզի այն դժվարությունները և առանձնահատուկ պայմանները, որ բնորոշ են այդ գավառների համար և որոնց սրբագրումով հաջորդ տարվա ընթացքում աշխատանքներն է՛լ ավելի ծավալելիս՝ գործը կընթանա անարգել։

Վերև հիշած երեք գավառներից բացի, որտեղ աշխատանք պիտի տարվի 90 գյուղում, մնացած գավառներում հիմնական հողաշինարարություն է կատարվելու 24 գյուղում, որից 10-ը՝ Զանգեզուրում, 8-ը՝ նոր Բայազետում և 6-ը՝ Փամբակ-Լոռի գավառում։ Նյութական միջոցների պակասը և մասնագետների սահմանափակ քանակը հնարավորություն չեն ընձեռում բոլոր գավառներում էլ հիմնական հողաշինարարությունն սկսել այս տարվանից։ Գավառներում կատարվելիք աշխատանքների մեջ հնարավոր համաչափություն պահելու համար մի գավառում ավելի ուշադրություն է դարձված արոտաշինարարության և ներքին հողաբաժանության վրա, երկրորդում՝ հիմնական հողաշինարարության, երրորդում՝ ներքին հողաբաժանության և բնակավայրերի հատակագծման վրա և այլն։

Այն 26 հողաչափները, որոնց վրա է ծանրանում 114 գյուղի հիմնական հողաշինարարության գործը, այս տարի, տեխնիկական աշխատանքներից բացի, տանելու են նաև մի շարք այլ աշխատանքներ, որոնց նպատակն է՝ հիմնական հողաշինարարությանը տալ ըստ ամենայնի լրիվ և անթերի տեսք և ամբողջական ձև։ Սկսած հողհամայնքի լիազորների ընտրության գործից մինչև հողաշինարարության նախագծի դեմ եղած բողոքների ձևակերպումը՝ այդ ամբողջ աշխատանքը այս տարի ընկնում է հողաչափերի վրա։

Տեղական օրգանների անմիջական մասնակցությունն ու աջակցությունը հողաշինարարության մեջ այս տարի է՛լ ավելի անհրաժեշտ է դառնում։ Իր վրա վերցնելով մի շարք ծախքեր (փոխադրական միջոցներ, որակյալ ձողակիրների ու բանվորների ծախք և այլն)՝ հողաշինարարության վարչությունը կամեցել է վերացնել այն բոլոր արգելքները, որոնք, կապված լինելով այդ ծախքերի հետ, խանգարում էին աշխատանքների նորմալ ընթացքին և կորցնել տալիս հարյուրավոր բանվորական օր։ Սակայն տեղերն այս տարի անցյալ տարվանից է՛լ ավելի շատ պիտի աջակցեն հողաչափներին ծրագիրն անշեղ իրագործելու: Այդ աջակցությունը չափազանց կթեթևացնի հողաշինարարների աշխատանքը և թույլ կտա խնայողաբար ծախսելու հողաշինարարության հատկացրած գումարները։

Հիմնական հողաշինարարության բարդ և պատասխանատու գործին ամենից առաջ մասնակցություն պիտի ցույց տան գավառական ագրոաշխատակիցները։ Հողաշինարարության ոչ մի նախագիծ առանց գյուղատնտեսի հավանության չի կարող անթերի համարվել։ Հիմնական հողաշինարարությունը միանգամից փոխում է գյուղի ընդհանուր պատկերը։ Հողակտորների միացումը, դաշտերի թվի որոշումը, հեռու ընկած հողերի օգտագործումը և այլ նման խնդիրներ իրենց լուծումն են ստանում հողաշինարարության ընթացքում։ Ագրոնոմի մասնակցությունը չպիտի հասկանալ որպես սոսկական էքսպերտիզա՝ հողերի որակավորման և գնահատման գործում։

Դաշտերի թիվն ու դասավորությունը նախապայման են ագրոնոմի աշխատանքների համար։ Հողաշինարարից հետո, առաջին հերթին, գյուղատնտեսն է, որ ձևած հողերի վրա գյուղացուն պիտի վարժեցնի տնտեսության նոր ձևերի, կազմակերպելով այն, մտցնելով որոշ հաջորդականություն՝ գյուղի հողերից առավել եկամուտ ստանալու համար։ Առանց այդ աշխատանքի, հիմնական հողաշինարարությունը ցանկալի էֆեկտ չի կարող տալ։ Հիմնովին կոտրատելով պապենական հողագործության ձևերը և գյուղերի հողերը ձևելով ըստ առավել հարմարության, գյուղացուն պիտի վարժեցնել այդ նոր ձևին։ Այլ կերպ՝ հողաշինարարի հեռանալուց հետո գյուղացին կառչած կմնա հողօգտագործման հին ձևերին։

Ագրոնոմի և հողաշինարարի կողքին և նրանց հետ միասին պիտի աշխատի և գյուղատնտեսական կոոպերացիայի ներկայացուցիչը։ Այս կամ այն գյուղում հողագործական, մեքենագործա կան ընկերություն ներ, կաթնատնտեսական և այլ արտելներ ու կոլեկտիվ տնտեսություններ շատ ավելի հեշտ է կազմակերպել հենց հիմնական հողաշինարարության ընթացքում, երբ հնարավորություն է ստեղծվում ընկերությունների մեջ միացած տնտեսությունների հողերը զատել և միացյալ կտորով տալ։

Իսկ այդ հանգամանքը հետագայում շատ է նպաստելու այդ ձևով կազմակերպված ընկերությունների ծաղկման։ Ընդհանուր հողօգտագործումը, առաջին հերթին՝ չքավոր տնտեսությունների համար, հեշտացնում է և՛ վարկավորման ու նոր գործիքներ ձեռք բերելու, և՛ տնտեսությունը մեքենայացման (տրակտորներ) ենթարկելու, և հետագայում դառնալու օրինակելի տնտեսություն՝ անհատականի հանդեպ։ Վաղարշապատի հիմնական հողաշինարարության ընթացքում տարերային կերպով այդպիսի կոլեկտիվներ կազմվեցին՝ հողը միասնաբար օգտագործելու։ Իհարկե, հողաշինարարի անմիջական պարտքն այդ կոլեկտիվների հողը զատելն է։ Կոոպերատորն է, որ հողաշինարարից առաջ գյուղում պիտի կազմակերպի կոլեկտիվ տնտեսություններ և հողաշինարարության ժամանակ միացյալ հողամաս ստանալով՝ հետևի նրանց ծաղկմանն ու բարգավաճմանը։ Այդ նպատակով հողաշինարարական և գյուղկոոպերացիայի աշխատանքների մեջ այս տարի որոշ ներդաշնակություն է մտցված։ Հողաշինարարության ենթակա գյուղերի ցանկն ու հողերի քանակը Հայգյուղկոոպին ներկայացնելով և հողաշինարարության ժամանակի մասին տեղեկացնելով նրան, կոոպերատորն առաջուց արդեն կսկսի իր աշխատանքներն այս կամ այն գյուղում:

Չքավոր տնտեսություններին հողով բավարարելու խնդիրն առաջնակարգ կարևորություն ունի։ Դժբախտաբար, ներքին հողաբաժանության ժամանակ քիչ չեն լինում դեպքեր, երբ գյուղի ունևոր մասն իրեն է վերցնում մոտակա և ընտիր հողերը, լծկանից զուրկ չքավոր տնտեսություններին հատկացնելով գյուղից հեռու ընկած հողերը։ Հիմնական հողաշինարարության ընթացքում այդ երևույթից խուսափելու համար պետք է չքավոր և հողազուրկ տնտեսությունները համախմբվեն կոլեկտիվների շուրջը՝ միասնաբար հող ստանալու։ Անգամ, եթե կոլեկտիվներ էլ հնարավոր չլինի ամենուրեք կազմել, չքավոր տնտեսություններին առաջին հերթին պիտի բավարարել գյուղի մոտակա հողերից և ըստ կարելույն համախմբելով մի տեղում, որպեսզի մի կամ երկու տարի հետո կարողանան վարկով ստացած գործիքներով հողը մշակել: Հիմնական հողաշինարարության ընթացքում գյուղի չքավոր խմբակներն հենց իրենք պետք է կազմակերպեն և առաջաղրեն այս խնդիրը:

Հիմնական հողաշինարարությունը կերպարանափոխում է գյուղը, վերացնում է ջրօգտագործման այն անշահավետ ձևը, որ կա մեր գյուղերում, երբ ամեն ոք իր առվից է օգտվում, կորցնելով բավական ջուր, առաջացնելով ճահճուտներ և այլն։

Հանդամեջ տանող ճանապարհները, որոնք հարյուրավոր դեսյատին տարածության հող են փչացնում, հիմնական հողաշինարարությունը կարգի է բերում, գծելով ըստ կարելույն ուղիղ ճանապարհներ այն հաշվով, որ յուրաքանչյուրն ազատ ելումուտ ունենա իր հողամասը, սակայն կարճ լինի ճանապարհը, հարմար և ամենքի համար պիտանի:

Ահա թե ինչու՛ առաջնակարգ կարևորություն ունի գյուղում կատարվելիք հողաշինարարությունը, որի հաջող ավարտումը կապահովվի հողաշինարարի, կոոպերատորի և ագրոնոմի միասնական աշխատանքով:

* * *

Ներքին հողաբաժանություն կատարվելու է 154 գյուղում, 72500 բնակչի համար, 65800 դես. տարածության վրա։ Այսպիսով՝ առաջիկա տարում Հայաստանում ավարտվում է հողային ռեֆորմի կիրառումը, որպես նախնական հողահավասարեցում։ Ներքին հողաշինարարության ենթակա 154 գյուղն ըստ գավառների բաժանվում են հետևյալ թվով. Զանգեզուրում՝ 44 գյուղ, Դիլիջանում՝ 31, Երևանում՝ 21, Դարալագյազում՝ 17, Փամբակ֊Լոռի գավառում՝ 15, Լենինականում՝ 13, Նոր Բայազետում՝ 8, և էջմիածնի գավառում՝ 5 գյուղ։ Մեղրու գավառում ներքին հողաբաժանության աշխատանքներն ավարտված են դեռ 1926 թ.։ Ամենից շատ աշխատանք առաջիկա սեզոնում կատարվելու է Զանգեզուրում, որտեղ սահմանագծման աշխատանքները պատճառ դարձան ներքին հողաբաժանության ձգձգման: Սահմանագծումն այդ գավառում արդեն վերջացած է, ուրեմն և հնարավոր է այս տարի Զանգեզուրում ներքին հողաբաժանության աշխատանքները ավարտել:

Ներքին հողաբաժանությունը պիտի կատարվի չափրարների միջոցով, հողհամայնքի կողմից ընտրած հողկոմների ղեկավարությամբ։ Վերջ տալու համար այն տարբերության, որ գոյություն ունի չափրարի աշխատավարձի մեջ զանազան գավառներում, երբ իրենք գյուղերն են վարձում չափրարներին, և շատ անգամ անտեղի, և իզուր ծախք անել տալիս գյուղին, առաջիկա տարում բոլոր գավառներում աշխատելու համար հրավիրվելու են 48 հմուտ և բարեխիղճ չափրար, ընտրություն կատարելով եղածներից։ Յուրաքանչյուր չափրարի հետ կնքելով պայմանագիր այս կամ այն գյուղում կատարելիք աշխատանքի համար՝ ո՛չ միայն ստեղծվում է միակերպություն աշխատավարձի, այլև հեշտանում է իրեն՝ չափրարի աշխատանքը։

Այս տարի հատուկ ուշադրություն է դարձվելու հողկոմի կազմի վրա, չքավոր և միջակ գյուղացիների գերիշխող ղեկավարությունն ապահովելու համար։ Ներքին հողաբաժանության ենթակա գյուղերում հատուկ ուշադրություն է դարձվելու աշխատավորական հողօգտագործման իրավունքը ճշգրիտ կիրառելու, որպեսզի գյուղերում հող չստանան այն ծխերը, որոնք այդպիսի իրավունքից զուրկ են Հողային օրենսգրքի և Հողժողկոմատի համապատասխան հրահանգների համաձայն: Հողօգտագործման իրավունք ունեցող ծխերի ցուցակը պիտի հաստատի հողհամայնքի ընդհանուր ժողովը։ Որպեսզի մեկընդմիշտ վերջ տրվի ներքին հողաբաժանության հետ կապված դժգոհություններին, որի պատճառով հողաբաժանությունը ձգձգվում է, կազմված հրահանգների համաձայն, այս տարի գավհողբաժինները հատուկ ուշադրություն պիտի դարձնեն բաշխվող հողերի ցուցակագրության, բակերի (տնատեղերի) չափի ու բաժանության, անմիջական հսկողություն ունենան հողաբաժանության և, վերջապես, աշխատանքներն ավարտելուց հետո գյուղի ներքին հողաբաժանության հաստատումը ձևակերպեն սահմանված կարգով։

Արոտաշինության ասպարեզում դաշտային սեզոնում աշխատանքները տարվելու են ամառային արոտավայրերում։ Այդ նպատակով գավառներ մեկնող հողաչափերի ու գավառական պետհողգույքերի վարիչների կատարելիք գործն այս տարի չի սահմանափակվելու միայն վարձագնի գանձումով ու օգտագործման վարչական կարգավորումով։ Կես միլիոն դեսյատինի հասնող մեր արոտավայրերում կան վաղուց հասունացած խնդիրներ, որոնց ճշգրիտ լուծումը կփրկի արոտավայրերն անխնամ օգտագործվելուց՝ ավելացնելով ստացած եկամուտը, հնարավորություն կտա տեղական ազգաբնակության է՛լ ավելի լայն սահմաններում օգտվելու արոտներից։

Արոտաշինարարությունը կատարվելու է հինգ՝ Փամբակ-Լոռու, Դիլիջանի, Զանգեզուրի, նոր Բայազետի և Դարալագյազի գավառներում, 202 հազար դեսյատին տարածության վրա, 5 հողաչափի միջոցով։ Աշխատանքների կարևոր մասն արդեն ուսումնասիրված արոտների վերաբաշխումն է տեղացի և եկվոր ժողովուրդների միջև այն հաշվով, որ եկվորների օգտագործման տակ եղած տարածությունը թողնելով անփոփոխ, բավարարություն տրվի տեղական բնակչության՝ նադել հողերին[5] կից արոտներից։

Վերաբաշխումը, որպիսի աշխատանք նախատեսվում է կատարել Փամբակ֊Լոռում և Նոր Բայազետում, նպատակ ունի նաև դրսից եկող քոչվորներին համախմբելու մի քանի շրջաններում՝ ավելի հեշտացնելու համար ժանտախտի հնարավոր վտանգի դեմ պայքարելու գործը, զերծ պահելու տեղացիների ցանքերն ու խոտհարքները քոչվորների անասուններից, ավելի դյուրացնելու վարչական աշխատանքները՝ վարձագնի գանձում, արոտների կանոնավոր օգտագործում և այլն։

Որոշ փոփոխություններ մտցնելով քոչվորների մինչ այժմ օգտված արոտների տաոածության չափի մեջ և խստիվ կիրառելով արոտների համախմբում՝ այս տարվանից հնարավոր է դառնում մեր արոտներն ավելի շահավետ օգտագործել:

Վերաբաշխման ընթացքում տեղական բնակչությանը տրվում են արոտներ ըստ հարմարության, հիմք ընդունելով գյուղի անասունների քանակն ու անասնապահության վիճակը։ Արոտներով բավարարվել են ոչ բոլոր գյուղերը։ Անգամ վերաբաշխումից հետո մնում են գյուղեր, որոնք ոչ մի դեսյատին արոտավայր չեն ստանում։ Վերաբաշխման ժամանակ արոտավայրերի այն նեղ և երկար կտորները, որոնք, խառնվելով գյուղական նադելին, մինչ այժմ դժգոհությունների աղբյուր էին ծառայում, կտրվում և միացվում են գյուղի նադելին, սահմաններն ուղղելու նպատակով։ Այս տարվա աշխատանքներից է և արոտավայրերի մասնակի բարելավումը (ճանապարհների կարգավորում, ջրային հարցի լուծում, պարարտացում, քարերի ու մոլախոտերի վերացում, արոտների կանոնավոր և շահավետ օգտագործում)։ Մինչ այժմ մեր արոտավայրերը թե՛ քոչվորների և թե՛ տեղացիների կողմից օգտագործվել են անխնա։ Մի շարք արոտավայրերում այդպիսի օգտագործության հետևանքով պակսել է խոտը, հողը պնդել է, քարեր են կիտվել իրար վրա. եղած աղբյուրները չորացել, տեղ֊տեղ ճահճուտներ կազմվել։ Հենց իրենց՝ օգտագործողների միջոցով է, որ այս տարի սկսվելու է արոտավայրերի մասնակի բարելավումը։

Թե՛ տեղացիներին և թե՛ քոչվորներին արոտավայրերն օգտագործության տալուց նախապատվություն է տրվում կոոպերատիվ կազմակերպություններին։ Վրաստանի ոչխարապահների «Բիրլիկ» միությունն իր կարիքների համար վերցրել է Լենինականի արոտավայրերից մոտ 9000 դեսյատին։ Այդ նույն կոոպերատիվը, կնքած պայմանագրի համաձայն, պարտավորվում է տարեկան բարելավել 100 դեսյատին արոտավայր: Այս ձևը, ուրիշ առավելությունների հետ միասին, հեշտացնում է արոտավայրի կարգավորման վարչական կողմը և կարելի դարձնում արոտավայրերի բարելավումը կատարել կոոպերատիվ կազմակերպությունների միջոցով։

Այն գյուղերը, որոնք ունեն պանրի և յուղի գործարաններ և կաթնատնտեսական արտելներ, անասնապահության զարկ տալու և գործարանների արտադրությունն ավելի մեծացնելու նպատակով ստանում են արոտավայրեր, որոնց օգտագործումն իրենք՝ արտելները պիտի կազմակերպեն: Այս աշխատանքներն ևս համաձայնեցնելու է կաթնատնտեսական արտելների կենտրոնի՝ «Պանիր֊յուղի» վարչության հետ։

Անտառներում մինչ այժմ ձմեռանոցներ ունեցող գյուղերին հանելով այդ ձմեռանոցներից՝ արոտաշինարարության ընթացքին, առաջին հերթին, այդպիսի գյուղերին են բավարարելու, ի տրիտուր ձմեռանոցների: Այսպիսով՝ արոտավայրերի վերակազմությամբ մեր անտառներն ազատվելու են ձմեռանոցների հասցրած վնասներից։

Մեր արոտավայրերի վրա միայն ընթացիկ տարում է, որ դարձվելու է հարկավոր և ավելի խնամքոտ ուշադրություն։ Յուր ձեռքն առնելով արոտաշինարարությունն ու արոտավայրերի հսկողության գործը, վարձագների գանձման հետ միասին, Հողժողկոմատն ի վիճակի կլինի Կարևոր աշխատանքներից է և բնակավայրերի հատակագծումը։ Ո՞ւմ հայտնի չեն մեր գյուղերի ընդհանուր տեսքը, ծուռումուռ փողոցները, իրար վրա թափված տներն ու գոմերը, տների հակաառողջապահական լինելը և այլն։ Բնակավայրերի հատակագծումն իսպառ վերացնում է մեր գյուղից այդ թերությունները և գյուղը դարձնում է օրինակել հատակագծով կառուցված բնակավայր։

Անշուշտ, հեշտ է կատարել այդ աշխատանքը, երբ գյուղը նոր է կառուցվում։ Սակավ չեն դեպքեր, երբ հիմնական հողաշինարարության հետևանքով ձևում և կերպարանափոխվում է ոչ միայն գյուղի հողերի առաջվա տեսքը, այլև գյուղը։ Այդ դեպքում, ինչպես և վերաբնիկներին կամ գաղթականներին նոր գյուղերում բնակեցնելիս, հատակագծումն ինքն իրեն հասկանալի է և անխուսափելի։ Խնդիրը բարդանում է և դժվարություններ հարուցում, երբ հատակագծման է ենթարկվում հին գյուղը, երբ հարց է առաջանում տներ քանդելու, նոր փողոցներ գծելու, նոր տնատեղեր հատկացնելու և այլն։

Եթե վարկավորող մարմիններն ի վիճակի լինեին միշտ ընդառաջելու բնակավայրերի հատակագծման հետ կապված ծախքերին՝ վարկ տալով գյուղացիներին նոր տներ կառուցելու, գյուղերի հատակագծումը շատ կհեշտանար։ Սակայն, մինչ այժմ, վարկը քիչ անգամ է օժանդակել գյուղի հատակագծման։ Կատարած աշխատանքը մեծ մասամբ եղել է նոր գյուղերում, իսկ հին գյուղերում այդպիսին կապվել է հիմնական հողաշինարարության հետ։

Այս տարի հատակագծման են ենթարկվելու 42 գյուղ, 11200 ծուխ բնակչության համար։ Երևանի գավառից հետո երկրորդ տեղը բռնում է Լենինականը։ Երկրաշարժից տուժած բոլոր գյուղերը ենթակա են հատակագծման[6]։ Մնացած գավառներում հատակագծվելու են 5֊ ական գյուղ Զանգեզուրում և Նոր Բայազետում, 3 գյուղ Դիլիջանում, 2-ական գյուղ Դարալագյազում, էջմիածնում և Փամբակ-Լոռու գավառներում։

Տեղական մարմիններն ամենից շատ կատարելիք ունեն բնակավայրերի հատակագծման գործում։ Պատահում են դեպքեր, երբ գյուղը հատակագծելուց հետո տներ են կառուցվում ոչ ըստ պլանի։ Ահա այդ հսկողությունն է, որ իրենց վրա պիտի վերցնեն տեղական իշխանությունները՝ պատասխանատվության կանչելով ընդհանուր պլանը խախտողին։ Մեկընդմիշտ հատակագծումն ապահովելու համար է, որ միջնորդություն է հարուցված Ժողկոմխորհի առաջ՝ հատուկ որոշումով ապահովելու հատակագծված գյուղերի շինարարության կիրառումը հատակագծերի համաձայն։

Համառոտակի այս են այն կարևոր աշխատանքները, որ ընթացիկ տարվա դաշտային սեզոնում կատարելու են հողաշինարարության և պետհողգույքերի վարչության մասնագետները։ Այս աշխատանքների մեջ չեն մտնում տրանգուլիացիոն <չափումների> շարունակությունը, որպիսին այս տարի պիտի կատարվի մի խմբակի միջոցով։

Եթե ավելացնենք այն, որ այս տարի պետական հողային ֆոնդերի վրա բնակեցվելու են հողազուրկ գաղթականներ, որ հատակագծման աշխատանքներ կատարվելու են պղնձահանքերի շրջանում, որ անխուսափելի են չնախատեսված աշխատանքներ ծրագրից դուրս, պարզ կլինի, թե որպիսի ծանր պարտականություն և աշխատանք է բաժին ընկնում հողաշինարարին։

Սակայն տեղերի և շահագրգռված մարմինների մասնակցությունը, գյուղական կազմակերպությունների և հողաշինարարների միասնական և եռանդուն աշխատանքը գրավական են ծրագրած աշխատանքները ժամանակին և լիովին ավարտելու։

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6