Հորիզոնից այն կողմ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ծաղկերգություն Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Հորիզոնից այն կողմ)

Վարդան Հակոբյան

Օ-ն
ՀՈՐԻԶՈՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ


1.

Լռությամբ ասվածը միշտ ավելի խորն է լինում,
քան՝ երբ դիմում են բառերի.
անընդհատ ականջիս տակ շշնջում են տխրությունը,
ծաղիկը, երկինքը։

Համբուրելիս
ոչ-ոք
չի խոսում.
աստղերը՝ որքան էլ հեռու, իմն են։

Երկնելիս
ոչ-ոք
չի խոսում.
ազատություն է միտքը։

Կրակելիս
ոչ-ոք
չի խոսում.
տառապանքը անկեղծություն է։

Երազները ապրում են անհասանելի հորիզոնում,
երբ ուզում եմ համբուրել աչքերդ՝ համբուրում եմ
հորիզոնը.
իսկ սերը ծաղկում է լռությունից, բառից եւ հորիզոնից այն կողմ։


2. ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ

Գրկելիս՝ փակում եմ աչքերս, որ ավելի
                                լավ տեսնեմ քեզ.
լույսը խաբում է։

Պատուհանը գիշերը բաց էի թողել, եւ բոլոր
ծաղիկները պարտեզի
միանգամից խուժել են ներս՝ անձրեւի, լուսնի, աստեղերի հետ,
բացի մի փոքրիկ ծաղկից, որն ինձ սիրում է։

Երբ արթնացա՝ հրեշտակները
եղրեւանու կապույտ թեւին
խնդմնդում, խոսում էին, թե ինչպես էր լույսը բացվում։

Իմ նախապապի համար անհամեմատ հեշտ էր, եւ
համբույրը անմահական խնձորի նման հասունանում էր
միայն մթան մեջ՝
խավարավայրում, ուր կային միայն ներսի աստղեր ու երկինք։
Երկար նայեցի երկքով թռչող երամների հետեւից։
                                         Վա՞ղ չէ, կռունկներ։

Ես քեզ համբուրելիս՝
տան լույսերը միշտ հանգցնում եմ,
որ լույսը չվերցնի համբույրները։
Լույսը աչքերից փախցնում է աչքերը։

Առուներից բարձր, ժայռերից բարձր, բարձրերից բարձր ամպերը
կայանում են,
քանի որ ձորերի մեջ անհայտ մանուշակներ կան։

եվ գարունոտ հովը հաճելի է այնքան, որ թվում է՝
ներքնազգեստիդ փեշերն են խփվում երեսիս։

Մատներս սահում են մարմնիդ ամենամանուշակոտ վայրերով,
իբերւ թե գիշերային երկնքից դանդաղ քաշում են ամպերը,
եւ միանգամից տիեզերքում բացվում են հազարավոր,
միլիոնավոր, միլիարդավոր աստղեր։ Բայց հաշվողն ո՞վ է։

Իսկ սերը ծաղկում է լռությունից, բառից եւ հորիզոնից այն կողմ։


3. ՀՈԳԵԾԱՂԻԿ

Շամիրամը քայլելիս՝ ծաղիկներ են բացվում թեւերին,
ձեռքերի վրա, կոնքերին, ամենուրեք։ Մի թռչուն կա,
ասում են, ծարավը հագեցնում է միայն կայծակի պահին՝ անձրեւի կաթիլներով։ Այդ
թռչունն ապրում է սիրուց տոչորվողների մեջ։

Տառապանքի հավերժական նավարկություն - ահա հոգին։
Ծաղիկ՝ ջերմոցից դուրս - ահա սերը։
-Ափսոս։
-Ինչո՞ւ։
-Ամեն ծաղիկ մի օր թառամում է։
-Բայց բույրը... հավերժական է, բույրը - ահա հոգին։
Եվ հոգեծաղիկ է սիրո փուշը, որ հուշ է դարձել- ահա սերը։
Ես խորացա գիշերվա մեջ՝ մինչեւ դուռը անհայտի,
եւ բռնակին նրա թողեցի մի երկարացողուն ծաղիկ՝
որպես խոսք մի, որ երբեք չի ասվելու։

Իսկ սերը ծաղկում է լռությունից, բառից եւ հորիզոնից այն կողմ։