Հորինել պետք չէ…
Դու միայն խոնարհ արձանագրիր
Մոշահավերի երգը խնդասիրտ,
Շշուկը`
Զարթնող թփերի միջով ձգվող շողերի,
Կանաչ անտառի շիվերին հասակ
Եվ սաղարթներին դալարում բերող,
Պիրկ արմատներից խորհուրդներ հայցող
Ձեռքերի ցավը`
Երջանկաթաթավ…
Արձանագրիր
Թարմությունը այս կապտաջինջ ձորի,
Մերկ կնոջ նման գետից դուրս ելած,
Քարափին ծաղկած խենթ արեգակի
Հմայքը արբշիռ,
Գետի հուզմունքը,
Թփի ճկվելը,
Համառելը` մեծ կյանք տեսած ծառի,
Հնությունը քո անմաշ ու փշոտ
տառապանքների:
Հորինել պետք չէ,
Արձանագրիր դու պարզությունը
Այն մի բուռ ջրի,
Որ քո հայացքը առավոտում է,
Կանաչ բարեւը` անխոս-անհնչյուն
Խոնարհվող ճյուղի,
Արձանագրիր…
Եվ թող շիվերը բարեկամաբար
Խոնարհվեն քո այդ տողերի վրա
Եվ… ընթեռնեն քեզ:
Եվ ոչինչ, ոչինչ,
Թե հանկարծ նրանց տերեւ-աչքերից
Մի շիթ-ցող կաթի թղթերիդ վրա.
Սուրբ է ցողն այդ -
Դրանով երգդ սրբագործվում է:
Հորինել պետք չէ, արձանագրիր…