Jump to content

Հույս (Միքայել Նալբանդյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


ՀՈՒՅՍ

Շա՜տ տարիներ, շա՜տ օրեր
Անցան դժբաղդի գլխից.
Շատ նեղություն, չարչարանք
Կրեց նա այս աշխարհից.
5 Այլ յուր հոգին որպես թե՝
Զգաստացած մի ձայնից,
Հորդորում էր ժիր լինել,
Չըվախենալ վտանգից։

Նա անդադար ասում էր.
10 Կգա մի օր, մի վայրկյան,
Դու մոռնալով քո ցավեր
Կասես՝ ո՞ւր են, ե՞րբ անցան։

Այս խոսքերն, որ մեր հոգին
Միօրինակ կրկնում է,
15 Նորան սուրբ գիրք ու հավատ
Հույս մեծ անուն տալիս է։
Բայց ի՞նչ բան է այս հույսը,
Արդյոք երբեք յուր օրում
Մարդու լցեց փափագը,
20 Թե լոկ գրերումն է հիշվում։

Դժբաղդը շատ տարիներ՝
Մանկութենից ծերություն
Անցուց, չտեսավ լավ օրեր.
Հանգիստ ու ազատություն։
25 Սպասելով այն հույսին,
Մինչ նա տանը նստած է,

Հանկարծ բաղխեց նորա դուռ.
Մի այլանդակ չոր պատկեր։

Տեսավ դժբաղդն նորանում
30 Մի ծեր մարդու կերպարանք.
Ձեռին բռնած սուր մանգաղ
Ու սպիտակ մահու պատանք։

Ատամները խիստ սուր են
Ճակատը լերկ մազերից,
35 Բազուկները` չոր ոսկոր,—
Մարդ սոսկում է տեսնելից։

Եկավ դժբաղդի մոտը
Նա յուր դանդաղ քայլերով,
Տվեց նորան մի նամակ,
40 Ծրարը կնքած սևով։
Բացեց խեղճը դողալով.
Բայց ի՞նչ կարդաց, ի՞նչ տեսնե —
Հույս, հույս, գլխից մինչև ցած՝
Վերջումը մահ է գրած։

45 Դժբաղդը այն միջոցին
Ասաց հոգուն. Իմ ընկե՜ր,
Ո՞ւր է քո մեծ խոստմունքը,
Ո՞ւր նկարած քո պատկեր։
«Հուսա՜, հուսա՜»— լսելով՝
50 Անկա մահիճ ծերությամբ,
Եվ մինչ սպասեի լալով
Կարոտս առնուլ տեսությամբ,

Այս այլանդակը շտապեց
Կյանքիս թելը կտրելու.
55 Ավա՜ղ, էլ չեմ տեսնելու
Ես իմ որդու երեսը:
«Շուտ է առնել դատաստան,—
Ասաց գազանն անբաղդիս,—
Երթա՛նք, երթա՛նք գերեզման,
60 Այս է հույսը աշխարհիս»։