Հուշիկ քայլով պատուհանիդ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հուշիկ քայլով պատուհանիդ․․․

Հակոբ Հակոբյան

***
Հուշիկ քայլով պատուհանիդ
Ես մոտեցա, իմ հոգյակ,
Դու լուռ հենված քո սեղանիդ,
Նստած էիր միայնակ։

Սիրտս լցվեց․․․ տանջվում էիր,
Ես նայեցի քո դեմքին,
Որքան տխուր նայում էիր
Իմ նվիրած պատկերին։

Հա,― ասացի,― նա զղջացել,
Միտն է բերել անբախտիս,
Օ՜, վերջապես իր հին մեղքեր
Քավում է իմ առաջիս։

Հանկարծ կաթիլ․․․ մի զույգ արցունք
Ցողեցին քո այտերը․
Ա՜խ, այդ արցունք կրակի պես
Հալեց վշտիս սարերը։

Եվ այդ օրից, հուշիկ քայլով,
Թափառելով մթնի մեջ,
Ես փնտրում եմ ցող արցունքներ՝
Մարող կրակն իմ անշեջ․․․

1894