Jump to content

Հրաժեշտ Լենինգրադին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 121 ]

ՀՐԱԺԵՇՏ ԼԵՆԻՆԳՐԱԴԻՆ


Մնաս բարո՜վ, քաղա՛ք դու մեծ,
Քաղաք զգաստ ու մաքառող,
Ես սիրեցի առօրյան քո,
Ընթացքը քո թե՛ վեհ, թե՛ վես:
5 Ես սիրեցի փողոցներիդ
Հեռուն թե՛ լուրջ, թե՛ գրավիչ,
Նևան՝ հագած գորշ գրանիտ,
Արձանն անգամ Պետրոս Մեծի,
Որ բարձունքից իր ահռելի
10 Նայում է հին պալատներին,
Ուր իր համար զարմանալի
Կյանք է եռում հիմա ուրիշ,
Մի կյանք՝ ուրի՛շ եռանդով լի,
Ուրի՛շ խանդով հրապուրիչ։—
15 Մնաս բարո՜վ, քաղաք գործի,
Աշխատանքի մայրաքաղաք,
Մաքառումի միապաղաղ,
Բայց հավիտյա՛ն ստեղծագործիչ
Սովորեցի այստեղ ես է՛լ
20 Լինել զգաստ, լինել տոկուն,
Իջավ այստեղ իմ խոլ ոգուն
Իմաստություն պարզ ու վսեմ,
Սովորեցի գնալ անդուլ
Սերունդների ճանապարհով,
25 Ինչպես ահա գնում ես դու,
Օ, վե՛հ քաղաք,— մնաս բար՜ով...
1929, 26 X․ Լենինգրադ