Jump to content

Ներբող առ քննադատն N․ N․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԵՐԲՈՂ ԱՌ ՔՆՆԱԴԱՏՆ N. N.
                     Решил Фиглярин вдохновенный.
                        Что я в дворянстве мещанин,
                                              А. ПУШКИН

О, դո՛ւ, նայիրյան մարքսիզմի չստեր
Հագած ֆիլիստեր,
0, դո՛ւ, պատահմամբ սերտած մտքերի
Մի խղճուկ գերի
5 Դարձած կրետին —
Լսի՛ր մի անգամ խոսքը պոետի,
Որին դու անշուշտ հայհոյես պիտի...
Զարմանո՞ւմ ես դու, որ երգ եմ գրել
Ես այսօր ահա մաքառման մասին,
10 Եվ չթառամող խոսքերով հրե
Գովք եմ կարդացել անդուլ երազին
Եվ բարձունքների ցնորքին անհաս.—
О, հավատացի՛ր, ընկե՛ր սիրելի,
Որ հավետ անմահ մի երազ է այս:—
15 Չի՛ կարող լինել մեր ոգին գերի.
Սերտած խոսքերի, կռտած մտքերի.—
Թե ապրում է նա ու շնչում է դեռ՝
Ձգտելու է նա անհաս ափերի,
Որքան էլ ահա դու այսօր պնդես,
Թե չկա՛ ուղի ինքնախոյացման,
Խոլ, անխոնջ ոգու անդուլ մաքառում,
Որ հասել ենք մենք «անդորրի» հիմա —
Լենինյան այս վեհ գործերի դարում...
Չէ՞ որ լուծված են քեզ համար բոլոր

25 Հարցերը, անգամ «պրոբլեմը սիրո».—
Օ, բոլո՛ր, բոլո՛ր հարցերին արդեն
Դու վաղուց պատրաստ լուծումներ ունես,
Քեզ համար չկա ասպարեզ, որտեղ
Դու անդորրության հասած չլինես։—
30 Իսկ ե՞ս ի՞նչ պահեմ իմ հանցանքը ես.
Բարդ է ինձ համար աշխարհը մի քիչ,
Եվ բոլոր այդ բարդ հարցերի հանդեպ
Չե՛մ կարող այսօր ես թեթև խանդով
Արձակել միայն հիացմունքի ճիչ։—
35 Հե՜շտ է ձեզ համար մեր ուղին այսօր
Եվ չե՞ք նկարել շարունակ մեզ դուք,
Ինչպես ձեր գոված պոետն է ասել —
Այս ուղին, որպես մի «թեթև ոստյուն»։—
Փռված է այսօր կրկին ձեր առաջ
40 Այս ուղին, որպես հարսանիքի երթ,
Եվ դուք, երջանիկ թմբուկներ առած,
Երգում եք անվերջ հարսանիքի երգ —
Եվ ինքներդ ձեր երգով հիանում,—
Հասկանո՜ւմ եք դուք, թե ի՛նչ եք անում...
45 Չե՛մ ուզում գնալ ես ճանապարհով,
Ուղիով ձեր այդ` զարմանալի հեշտ,
Գերադասում եմ ուղին քարքարոտ,
Որով շարունակ ընթացե՛լ եմ ես։—
Եվ մի՛ք շփոթի ձեր ուղին այդ հեշտ,
50 Այդ ուղին թեթև խաղի ու պարի —
Պրոլետարիատի ճանապարհի հետ,
Նրա մաքառման, նրա՛ պայքարի։—
Այդպես չի՛ այսօր շարքերով իր կուռ
Սրբում նա իրեն պայքարի բոցում,
55 Եվ աշխատանքի հնոցում անդուլ
Այսպես չի՛ այսօր նոր կյանք կառուցում։—

Ես չեմ էլ ձգտում, որ դուք ինձ շոյեք.—
Դուք չե՛ք, որ պիտի սնեք իմ ոգին,—
Կանցնեմ իմ ուղին ես, որպես պոետ,
60 Ձգտելով միայն, որ ժանգ չչոքի
Իմ ոգու վրա և ոչ մի վայրկյան։—
Երգել եմ այստեղ ես խոհ ու պայքար
Եվ խնդությունն եմ երգել իմ ոգու,
Երգել եմ նրա ձգտումն անդադար,
65 Ձգտել եմ երգով, որ մնա տոկուն
Նա թե՛ տխրության, թե՛ հոգսի ժամին,
Ինչպես հնոցի հուրը բորբոքուն,
Ինչպես օվկիանում թնդացող քամին։—
Ես գիտեմ հիմա, որ հարսանիք չի՛
70 Մեր կյանքր այսօր, կամ «թեթև ոստյուն».
Որ փոշի՛ է լոկ այն ոգուն նստում,
Որ կարծում է, թե թեթև կթռչի,
Ինչպես ծիծեռնակ` դեպի կյանքը նոր:—
Ես գիտեմ հիմա` որպիսի՛ գնով,
75 Որպիսի՛ դժվար ջանքերով է մարդ
Կռում իր ոգին, որ նա կարծրանա,
Կոփվի — և ապա պիտանի դառնա
Այս դժվար, այս բարդ պայքարի համար:—
Որ չի՛ վերացել դեռ կյանքից ներկա
80 Եղկությունը` մեր խոհերին նստող,
Եվ փոքրությունը մարդկային դեռ կա,
Եվ ոգո՛ւ, ոգո՛ւ ճորտությունն ստոր
Ես գիտեմ հիմա, որ մարդը հաճախ
Կարող է մղել մարտ բազմաշառաչ,
85 Բայց ոգով կքվել, թեքվել չարաչար
Սիրո, կորստի, կամ հոգսի առաջ —
Թե խոհերը նա այն բազմապիսի,
Որ ընդունում է ուղեղով իր ցուրտ —

Չթրծի անդուլ և չհրկիզի
90 Ոգու, տանջանքի աննինջ հնոցում։—
Դժվար է եղել իմ անցած ուղին
Եվ կորուստներ եմ ունեցել ես մեծ,
Եվ ճանապարհս եղել է հղի
Խոր անկումներով,— սակայն ահա ես
95 Ոտքի եմ ելնում կրկի՛ն անվեհեր`
Խոր տանջանքներով իմ ոգին կոփած,
Եվ մաքառում եմ կրկի՛ն ահա վեր`
Նինջ ու հոգնություն ներքևում թողած։—
Ոգի է տալիս ու թափ ներշնչում
100 Ինձ կրկին այն մեծ պայքարը նրա՛նց,
Որոնց դժվարին, բայց հաղթական չուն
Երգել եմ ես իմ երգով հուրհուրան։—
Եվ կերգեմ կրկին։— Եվ ո՛չ մի ժանիք
Ինձ չի՛ բաժանի լենինյան դարից,
105 Ինչպես ո՛չ մի ուժ ինձ չի՛ բաժանի
Իմ շռնդալից, պայծա՜ռ քնարից...
1929, 22 X, Լենինգրադ