Ողջամբ երթ նա՛վ որ ճեղքելով բուռն ալիս,
Սիրտըս կուրծքես Հափշտակած կը տանիս,
Ու ծովուն վրա իբրև շարժուն մի հրաբուխ
Լանջեդ՝ փրփուր, կուրծքեդ ժայթքած հուր ու մուխ
Ահա ետին կոհակներուն լեռնադեզ
Շատոնց ի վեր անհետացար աչքերես,
Մինչդեռ ակնարկս համառ կապույտն հայդ հեղուկ
Դեռ կուղեկցի քեզ ի ճամփադ հեղհեղուկ։
Իզուր կանգնած ժայռին վըրա բարձրադետ
Աղաչավոր կերկարեմ ձեռք ետևեդ,
Եվ կամ իզուր դեռ կորոնեմ ուշադիր
Գեթ այն ակոսն զոր ծովուն վրա ձըգեցիր.
Կամ թե ըստվերն հըպարտ կայմիդ երկնասլաց
Ուր արծվո պես պարզես թևեր մեծաբաց,
Ու ես շունչըս զսպած իզուր ականջ տամ
Անվույդ լըսել ձայնը վերջին մի անդամ։
Դո՛ւն ալ ողջամբ գընա՛, անսիրտ մըտերիմ,
Մոռցի՛ր երդումդ, մոռցիր հավետ ըզսերն իմ,
Սեր... զի՚նչ քան զայս պարմանուհվույն է ոճիր,
Մոռցի՜ր, գոչեն, այս սերն հիմար շուտ մոռցիր,
Մոռնա ուրեմն թող սիրտդ անզոր ու փափուկ,
Մինչդեռ՝ սիրույդ հիշատակ սիրտն հիմ ծածուկ,
Սրվանըվեր է միշտ, իբրև խաղաղիկ
Դամբանի մ՚վրա ծըլած դժբախտ մի ծաղիկ։
Ե՛րթ ու անջինջ պահե ճակատդ, սիրտըդ սառ,
Այն սիրո թույնն պահե շրթանցդ անըսպառ,
Եվ անըսպառ հուրն աչերուդ խաբեբա
Հորում մոգիչ աստված մ՚անշուշտ թաքուն կա,
Բայց... է՞ր տրտմիս... երբոր ցնծաս մեկնելուդ,
Իբր անձրևոտ եթերն ամռան այն կապույտ,
Երբ ծիրանի գոտին կապես մեկ կողմեն,
Չըլլա մյուսեն նենգոտ աչերդ արտասվեն։
Գընա՛, զի դու գետակն ես միշտ խուսափող,
Ես ամայի ափունք, անշարժ քար ու հող,
Հեզ սըլանալ պարտ է ու ինձ մընալ հոս,
Երթ, գեղուհիդ իմ, երթ ուրեմն ի Կիպրոս.
Այլ սիրուհվույս կարե՞մ մաղթել ես ինչ չար —
Է՜հ, թող հավետ շողա քու աստղըդ պայծառ,
Իմըս խավար պատեն ամպեր թող նըսեմ,
Դու երջանիկ լեր, թող որ ես արտասվեմ։