Երբ չի հեռանում ծառը տերեւից,
երբ արցունքներից աչքեր են ընկնում,
երբ չասված խոսքը լեզվի ծայրին է,
սակայն ոչ մի կերպ չի մտաբերվում,
ուրեմն՝ պահը խորհուրդներ ունի։
Երբ քաշաթուխպը սարերից քաշվում,
անհետանում է չգիտես, թե ուր,
երբ քո ոտքը դեռ ճամփին չդրած՝
սիրտդ քեզանից առաջ է ընկնում,
ուրեմն՝ ճամփան վաղվան մի թողիր։
Երբ հողն արմատի միջով չի ձգվում,
երբ չի աստղոտվում մութը երկնքով,
երբ անլուր քարը արդեն չի երգում՝
անգամ կաքավն է երբ իջնում քարին,
ուրեմն՝ ուղին ուղիղ չի գնում։
Երբ ծիծաղում է ցավը երեսիդ,
երբ խոսքը սառած շուրթի համ ունի,
երբ որ աղբյուրը ծարավ չի բերում,
առավել եւս՝ չի կոտրի ծարավ,
ուրեմն՝ պահն է մնաս բարովի։