Jump to content

Հրաշալի ցորենը Զանգեզուրում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՀՐԱՇԱԼԻ ՑՈՐԵՆԸ ԶԱՆԳԵԶՈԻՐՈԻՄ

Երևի շատերը լրագրիցս[1] տեղեկացել են արդեն Հրաշալի ցորենի մասին։ Ավելորդ չենք համարում մի երկու խոսք ասել և մեր ընթերցողներին այդ ցորենի մասին։

Գավառական գյուղատնտեսական կայանին հաջողվել է կենտրոնից ստանալ մոտ չորս փութ այդ Հրաշալի ցորենից։ Ստացած ցորենը պետք է բաժանել մի շարք գյուղական տնտեսությունների մեջ, յուրաքանչյուրին մոտ 10-ական ֆունտ։

Այդ արվում է հետևյալ նպատակով.

Հենց այժմվանից դժվար է ասել, թե Զանգեզուրի որ շրջանը կամ որ գյուղն է ամենից համապատասխանն այդ ցորենի մշակման համար։ Հարկավոր է փորձել և փորձից հետո միայն որոշել այս կամ այն շրջանը։

Հենց դրա համար էլ ստացած ցորենը բաժանվելու է մի շարք գյուղերի մեջ[2], նախօրոք ի նկատի է առնվելու, թե այդ գյուղում կամ շրջանում հացաբույսերի մշակույթը որ տոկոսն է կազմում։ Անհնար է Հրաշալի ցորենի մշակույթն այն շրջանում, ուր ժողովրդի եկամուտի աղբյուրը գերազանցորեն անասնապահությունն է կամ երկրագործությունը։

Հրաշալի ցորենի հետ մեծ հույսեր չպիտի կապել, որպեսզի հետո չհիասթափվել։ Հաստատ և առանց սխալվելու կարելի է ասել, որ համապատասխան հողում Հրաշալի ցորենն ամեն տարի կտա երկու անգամ ավելի, քան տեղական ցորենը։

Գյուղկայանից Հրաշալի ցորենն ստանող գյուղացիք պիտի արձանագրվեն կայանում։ Նրանց կտրվի ցուցմունք և խորհուրդ՝ Հրաշալի ցորենի մշակման համար։ Եվ մինչև հունձը կայանն առանձին ուշք պիտի դարձնի գյուղական այդ կոլեկտիվ փորձերից ստացած արդյունքի վրա: Եթե գավառի բոլոր շրջաններում փորձելուց հետո որևէ շրջան աչքի ընկնի իր բերքով, այսինքն` եթե մի շրջանում Հրաշալի ցորենը հաջող գնա, գալ տարի, նախ` ինքը գյուղացին արդեն կհետաքրքրվի, որովհետև աչքով տեսել է, և երկրորդ` գյուղկայանը ձեռք կբերի Հրաշալի ցորենի սերմացու անհրաժեշտ քանակությամբ[3]:

Հրաշալի ցորենը մեր տեղական ցորենից ավելի փարթամ է և բոյով, ուրեմն` ավելի շատ է դարման տալիս։ Նրա հրաշալի լինելը հասկի ճյուղավորման մեջ է։ Հասկի ներքի մասը ուռչում է, մի տեսակ ճյուղավորվում։ Հրաշալի ցորենի հասկը շատ ավելի մեծ է ու լայն, քան մեր սովորական ցորենի հասկը։ Հրաշալի ցորենը աղքատ հողեր չի սիրում. նրա համար հարկավոր է հարուստ ուժով հող։

  1. 1
  2. 2
  3. 3