Մեր ամենամեծ գյուղը
ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵԾ ԳՅՈՒՂԸ
Խնձորեսկը ոչ միայն Զանգեզուրի, այլև Հայաստանի ամենամեծ գյուղն է։ Գյուղը ցրված է խոր ձորերի մեջ, ժայռերի տակ. շատ հաճախ գյուղացիք իրար չեն ճանաչում, իսկ հարկի կամ որևէ այլ խնդրի համար, երբ հարկավոր է ցուցակագրություն կատարել, գյուղի ընկերները զարմանքով հարցնում են իրար, թե` էս է՞լ է մեր գյուղացի։
Տները հնուց մնացած քարափոր այրեր են. հեռվից նայելիս` գյուղը քարանձավների մի ամբողջ սիստեմ է թվում, ծուռումուռ փողոցներով, տներն անկարգ, այնպես որ, շատ անգամ, մի տան կտուր մյուսի համար բակի տեղ է ծառայում։
Համարյա յուրաքանչյուր տարի այդ բարձրագագաթ ժայռերից մեկն ու մեկը փլվում է, տակովն անում մարդ ու անասուն։ Դեռ շատ առաջ գյուղացիք միտք ունեին դուրս գալու իրենց ձորերից դեպի սարահարթը և մի քանի գյուղեր հիմնել։ Այդ միտքը հիմա հասունացել է, շատերն են հոժար նոր գյուղ հիմնելու, ավելի ճիշտ` մի քանի գյուղերի բաժանվելու։ Խնձորեսկի երիտասարդությունը, որ ցրված է զանազան քաղաքներում, պետք է այս խնդրի մասին լուրջ մտածի և միջոցներ առաջարկի։
Թե՛ տեղական և թե՛ կենտրոնի իշխանությունն անհրաժեշտ օգնությունը չեն մերժի։ Մոտ հազար տուն ունեցող Խնձորեսկի դպրոցում սովորում են միայն 260 երկսեռ աշակերտ. դպրոցն ունի չորս ուսուցիչ։ Տեղ և ուսուցիչ չլինելու պատճառով երկու այդքան էլ աշակերտ մնացել են փողոցում։ Ճիշտ է, ժողովրդի ջանքով դպրոցի շենքը կարգի է բերված, կատարված է հիմնական վերանորոգում, բայց դրանով չպիտի բավականանալ: Դպրոցին կից գտնվում է առաջվա վոլոստնոյի շենքը` կիսավեր վիճակում։ Հարկավոր է այդ շենքն ևս վերանորոգել և մեծացնել դպրոցը, գալ տարի ընդունել և դրսում մնացած աշակերտության։ Դպրոցից բացի, գյուղում կա երկու լիկկայան, որտեղ սովորում են 80-ից ավելի գյուղացի։ Լիկկայաններից մեկը կիսագրագիտության, մյուսն անգրագիտության վերացման համար է։
Գյուղում կա ընթերցարան, ուր ստացվում են մի շարք լրագրեր` «Կարմիր ռաշպար», «Կոմունիստ»[1] և այլն։ «Խորհրդային Հայաստանից» չի ստացվում և ո՛չ մի օրինակ. իմ հարցին, թե այդ ինչո՞ւ է այդպես, ինձ պատասխանեցին, թե գյուղխորհուրդը որոշել է տարածել «Խորհրդային Հայաստանը», բայց այդ որոշումը մինչև այժմ մնացել է մեռած տառ։ Հարկավոր է, որ օր առաջ գյուղխորհուրդն իրականացնի իր որոշումը։ Ընթերցարան հաճախողների թիվը միջին հաշվով օրական հասնում է մոտ 30-ի, երբեմն կազմակերպվում է խմբական ընթերցանություն անգրագետների համար։
Եռուն գործունեություն է ցույց տվել գյուղի փոխօգկոմը[2], կարճ ժամանակամիջոցում նրան հաջողվել է ստեղծել մոտ 200 փութ հացահատիկի ֆոնդ։ Անցյալում նա ինն ամիս շարունակ գյուղի անպաշտպան և որբ երեխաներին է կերակրել, չքավոր աշակերտների համար ձեռք է բերել գրենական պիտույքներ, չունևոր գյուղացիներին տվել է սերմացու։ Փոխօգկոմի եկամուտը եղել է կամավոր հանգանակություն և սեփական բանջարանոցի արդյունքը։ Բացի դրանից, գյուղի յուրաքանչյուր գութան մի օր պարտավոր է վարել փոխօգկոմի համար։ Այդ հաշվի մեջ են մտնում համայնական բնույթ կրող հողերի (դպրոց և այլն) մշակումը, որ կատարվում է փոխօգկոմի աջակցությամբ։ Միայն վերջերս է, որ փոխօգկոմը Բաքվի նորակազմ հայրենակցական միությունից նվեր է ստացել մի համեստ գումար։ Հայրենակցական միությունն իր շուրջն է համախմբել մոտավորապես 300 անդամ և մտադիր է աջակցել նաև դպրոցին։ Գյուղի և քաղաքի շաղկապման այս ձևը մեծ նշանակություն ունի մանավանդ Զանգեզուրի համար, որովհետև արդյունաբերական կենտրոններում Զանգեզուրի գյուղացիությունն ունի բանիմաց երիտասարդություն։
Արդյունավետ գործունեություն ունի և կանանց միությունը, նրանց համար կազմակերպվում են ընդհանուր ժողովներ ու դասախոսություններ։ Յուրաքանչյուր ժողովին անդամների թիվն ավելանում է. մեր գեղջկուհին դառնում է ավելի գիտակից և խիզախ` հին տրադիցիան պատռելու և նորին հաղորդակից լինելու գործում։
Պատկոմական կազմակերպությունն ունի 150 անդամ. գյուղի կարգապահության գործում, ինչպես և շինարար աշխատանքի մեջ, պատկոմների կոլեկտիվը միշտ էլ ակտիվ մասնակցություն ունի։ Մնացած երիտասարդները հետևում են նրանց և գնում պատկոմների ետևից։
Գյուղում վերջերս կազմակերպվել է բատրակների միություն։ Խնձորեսկում բատրակ շատ կա, իր շահն և ուղին ճանաչող բատրակ։ Եվ գործունյա մի կազմակերպություն է այդ միությունը, որի հետ հաշվի է նստում գյուղի արթնացող կուլակն ոլ համփան։
Ձմեռ ժամանակ գյուղի երիտասարդները դպրոցում կազմակերպում են յուրաքանչյուր շաբաթ ներկայացում, մերթ ձրի, մերթ չնչին վճարով։ Ներկայացմանը հաճախ հավաքվում է 300-ից ավելի մարդ։
Գյուղը բժշկական օգնության կարիք ունի։ Մեր ամենամեծ գյուղը ո՛չ միայն բժիշկ չունի, այլև, նույնիսկ, զուրկ է բուժակից։ Շրջանի բուժակը նստում է ուրիշ գյուղում, հարկավոր է Խնձորեսկ ուղարկել գոնե մի բուժակ և բանալ թեկուզ շատ հասարակ ամբուլատորիա։ Շատ հաճախ մահանում է հիվանդը, որովհետև տերը միջոց չունի Գորիս գնալու` բժշկի կամ դեղի ետևից։
Այս<պես> է ապրում մեր ամենամեծ գյուղը` Խնձորեսկը, ցրված-փռված խոր ձորերում, տները` քարափոր, մարագ ու դեզ քարափի ծերին: