Jump to content

Հրեշտակը եւ սատանան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀՐԵՇՏԱԿԸ ԵՎ ՍԱՏԱՆԱՆ


Սատանաները խնջույք են սարքել,
խրախճանում են
եւ ինձ կանչում են ահա շուրջպարի.
-Պարել չգիտեմ... Օ, ոչ, չեմ ուզում...

Ա
Բարեւ, Սատանա։ Զզվում եմ մի քիչ,
Բայց փույթ չէ, արի, դու գիտես խաբել,
Ինձ ասա բառեր՝ տաք ու ամոքիչ,
Քո սիրո թույնով կուզեմ թունդ հարբել։

Դիմակներ փորձիր՝ ծիրանի ու հիր,
Անեղծ կրակներ իմ մեջ մի թող դու.
Փակիր աչքերս՝ հոգիս հմայիր,
Դու ճիշտ ես, ճիշտ ես, հրեշտակն է սուտ։

Իմ հրեշտակին վախեցրու, շատ,
Որ այս կողմերում նա էլ չերեւա.
Հորինիր, ստիր, հեգնիր անընդհատ,
Թոռ ու թաց ո՞վ է ջոկում, սատանա։

Դու հրեշտակի փետուրներ հագիր,
Արի, գրկիր ինձ թեւերով նրա…
Ու թող արյունս՝ վշտով տարագիր,
Եղունգներիդ տակ պաղի-չորանա։

Բ
Ես փակում եմ սիրտս։ Եվ այդպես փակ նետում եմ այն
անմատչելի ժայռերի գիրկը։ Սակայն
                               սրտիս ցողուններից
մեկը կառչում է ինչ-որ
ճյուղերից, ու սիրտս մնում է անդունդի վրա
կախված՝
որպես մեկ-երկու-երեք (էլ ավել պետք չէ, Աստված)
տարիների լքված հավքի բույն,
որով քամին խաղում է խիստ
                               բազմանշանակ։
-Բարեւ, քամի։
Ու հետո ինձ մոտենում են երկու ձեռքեր։
                                Ձեռքերի
վրա, գավաթի պես, պահված է սիրտս։
-Ես հրեշտակն եմ քո՝ սպիտակ-սպիտակ…
                                Վերցրո՛ւ…
Խմիր մինչեւ մրուրը… Մանանա է…
                                 Աստված է ուղարկել…
-Հրեշտա՜կս…
Փորձում եմ վերցնել գավաթը, սակայն
                                այն անհետանում է։
Ափիս մեջ մնում է միայն ձեռքը
սեւ սատանայի։ Թյուհ, ես քո…

Գ
Ես հատել եմ իմ երակը,
Ես հատել եմ իմ երազը.
-Բեր բաժակդ, բեր, սատանա։

Անուշ լինի խրախճանքդ,
Իմ տանջանքը, քո սեր-ջանքը.
-Արյունս ալ, բոսոր, վառ է։

Գինին շուրթիդ հուր-շպար է,
Շուրջս այն ի՞նչ տաք շուրջպար է.
-Ծունկս ցավեց, վեր, սատանա։

Հանիր աչքս ու դեն նետիր,
Խոսքեր ասա՝ սուտ ու պատիր.
-Հրեշտակ ես դու, սատանա։

Հանիր ինձնից իմ հուշերը,
Մասիսադեմ լույս գիշերը.
-Մանկուրտ դարձրու ինձ, սատանա։

Ես հատում եմ իմ երակը,
Ես վատնում եմ իմ կրակը.
-Բեր բաժակդ, բեր, սատանա։
Դ
Սատանան աչքիս մեջ տնկել է մի փուշ,
ասում է.
-Սիրում եմ քեզ…
-Մեղա քեզ, Աստված, մեղա… Սաթենիկ։

Սատանան ափիս մեջ տնկել է մի սուր,
ասում է.
-Սիրում եմ քեզ…
-Մեղա քեզ, Աստված, մեղա… Սաթենիկ։

Սատանան հոգիս առել է մի ցցի վրա,
ասում է.
-Սիրում եմ քեզ…
-Մեղա քեզ, Աստված, մեղա… Սաթենիկ։

Սատանան՝ հրեշտակ… Փրկեա ինձ, Աստվածուհիս։
Որտե՞ղ ես քեզ մոլորել։
Իսկ ես կորսված աչքերով, կորսված սրտով ու
հոգով, կանգնել եմ խռով
ասում եմ.
-Չեմ սիրում…
Մեղա քեզ Աստված, ասում եմ՝ մեղա… Սաթենիկ։

Եվ մի քիչ բախվում է խուլ ժայռերին՝
հազար ու մի արձագանքներով,
մեռնող ագռավի պես մարում մութ անդունդի մեջ։

Ե
Մեղուն թռչում էր բարձր-բարձր,
                        անմատչելի սարերի ու
ծաղիկների վրայով, ոտքերի վրա՝
                        ծաղկանեկտարը սիրո։
Աստված մեղվին ստեղծելիս, նախ
                 մտածել է նրա աչքերի մասին,
երեւի խեղճը դրանից է մնացել անսիրտ։
Մեղուն թառել է
արեւի շողին, որ մի քիչ հանգստանա,
հանկարծ ներքեւում, շատ ու շատ ներքեւում տեսել է
իրենց Ցից քարը, քարի անմատչելի ծերպին
                               բուսած ծաղիկը
ու սկսել են թեւերը դողալ։
Մեղվի թեւերը երբեմն փոխարինում են սրտին,
                                 շատ սիրուն
թեւեր ունի մեղուն։ Ու թռել-հասել է մեղուն
                                 այդ ծաղկին,
մտել ծաղկի ծոցի մեջ - Մասիսի ձյուները հեռվից
ժպտում էին հալվելու աստիճան տաք-տաք
                                եւ աշխարհը
դարձնում աշխարհ։
Իսկակա՛ն։
Բայց ո՞նց է պատահել Բոռը հայտնվել է,
մեղվին ասել՝
դու բոռ եղիր, ես լինեմ մեղու։
Մեղվի գլուխը մոլորել,
վերցրել նրա հավաքած նեկտարը, վերցրել
նրա թեւերը,
նրա աչքերը, նրա ձայնը, եկել-մտել է մեղվափեթակ,
բայց…
Մեղուները հասկացել են, որ բոռի մեջ սատանա կա,
վրա են տվել, սպանել են ու նետել
                              փեթակադռնից քիչ հեռու։
Եվ դա դուր է եկել Աստծուն։ Ախր, ինքն Աստվածն էլ,
երբ ուզում է հանգիստ առնել, զրուցել,
                               դուրս է գալիս իր
բարձրից ու նայում է միայն մեղվին՝
այնքան նուրբ ու նախշուն թեւերին նրա,
նրա աշխարհն ամփոփող
մեծ-մեծ աչքերին,
նրա բարալիկ ոտքերին, որոնք նեկտարով
են միշտ,
նրա սիրու՜ն-սիրուն գծիկներով փորիկին,
նրա այնքան-այնքան անպաշտպան
                             գեղեցկությանը…
Մեղուն…
Ամենահրեշտակը՝
Աստծո ստեղծած հրեշտակների մեջ։
Մեղուն ծաղկի ծոցի մեջ արթնացել է
հանկարծ, հասկացել
գլուխն եկածն ու նորից թռել՝ արեւի շողից
նեկտար առնելու…
Իսկ ծաղիկը, որ ծոցվորել էր իր մեջ մեղվին,
այս ամենը
իմանալով, մինչեւ այսօր դեռ նայում է
մեղվի թռիչքին ու,
դաշտի բոլոր ծաղիկներին լսելի
ձայնով, հառաչում.
-Մեղա քեզ, Աստված, մեղա քեզ, մեղա…
…Գանձասար վանքի ներսում,
մուտքասրահի գմբեթի
տակ, մեղվախորանարդիկներ են քարե,
որ ստեղծել է
Աստված՝ թող հայացքները վերեւ բարձրացնող
ու աղոթող
ամեն ոք իր խոսքերի մեջ տեսնի նաեւ մեղվին, տեսնի
հրեշտակների թեւերով, աստվածակերպ…
-Բեր աչքերդ, համբուրեմ, մեղու…
Աստված այնքան է
քեզ սիրում, որ իր բարձրության կապույտը մեկ քո
աչքերին է տվել, մեկ՝ մեր սարերին։

Զ
Թեւերը պարում են երկնքում,
ամպի կտուցը լեռանն է հասել,
եւ ես ցրում եմ իմ բեկորները։
Վերադառնում է օրը անհունից,
աչքերս վաղուց ինձ չեն հանդիպել,
քարը սրտիս պես ճաքեր է տվել։

Ժողվել է դաշտը ծաղկեբաժակում,
առուն երկինք է բարձրանում կրկին,
կորած գառանը գայլը կերել է։

է
ՍԱՏԱՆԱ.- Ես Կլեոպատրան եմ։ Նայիր, ահա,
իմ գեղանի մարմնագալարներում
Աստված կատարելության է ձգտել։
ԵՍ.- Ու հասել է։
ՍԱՏԱՆԱ.- Ես շոգ եմ զգացմունքների։
Երբ մաքրությունը
սրտի կիզակետին է հասնում, խեղդում է։
Զգու՜յշ…

ԵՍ.- Աչքերդ տանում են անհասցե։
ՍԱՏԱՆԱ.- Ես փնտրել եմ քեզ… Իմ բոլոր
աչքերով, իմ
բազմաթիվ ձեռքերով, իմ թուլությամբ
ամենաուժգին։
ԵՍ.- Բայց ես վախենում եմ։
ՍԱՏԱՆԱ- Ինչի՞ց։
ԵՍ.- Շամիրամի մեջ՝ ինքս ինձանից։
ՍԱՏԱՆԱ.- Շամիրամի՞…
ԵՍ.- Նաեւ Աֆրոդիտեի մեջ։
ՍԱՏԱՆԱ.- Ուրի՞շ…
ԵՍ.- Անահիտ աստվածուհու։
ՍԱՏԱՆԱ.- Ուրի՞շ…
ԵՍ.- Բայց եւ չեմ տրվում նրանց ձեռքով
գլխատվելու
վախին, գնում եմ դեպի
նրանց օղապարանը,

որը երդվում եմ Աստծով, սիրում
եմ ցնորաբար։ Ես ուզում եմ սպանվել՝
նրանց շուրթերը շպարելով իմ
արյամբ, ուզում
եմ նրանց ձեռքերի վրա վառվի արյունս։
ՍԱՏԱՆԱ.- Ուրեմն, արի… (Կլեոպատրան
ձեռքերը տարածած
մոտենում է ինձ։ Զգում եմ ռունգերի մեջ
կրծքի տակ գալարվող կրծքի թրթիռները)։
Արի՛…
ԵՍ.- Կլեոպատրա՜… (Ինձ նետում եմ
աշխարհի ամենաբարձր
ժայռից ու իմ ձայնի հետ՝
ձայնից էլ արագ, գահավիժում եմ
դեպի ամենախոր
անդունդը աշխարհի, ուր ես առաջինը
պետք է հայտնվեմ)։ Գալի՜ս եմ։
ՍԱՏԱՆԱ.- Դու ատո՞ւմ ես իմ թեւերը…
ԵՍ.- (Ես սթափվում եմ սատանայի ձայնից, որն
ինձ առել է իր ձեռքերի վրա, թռչում է, չգիտեմ՝
ուր)։ Սատանա…
ՍԱՏԱՆԱ.- Այո։ Այդ ես եմ։ Իսկ դու աստվածուհիներ
էիր երգում՝ ծընգլի-մընգլի…
ԵՍ.- Ինչպե՞ս ինձ խաբեցիր։
ՍԱՏԱՆԱ- Ես չխաբեցի։ Ես կամ ամեն կնոջ մեջ։
ԵՍ.- Եվ Կլեոպատրայի՞։
ՍԱՏԱՆԱ.- Եվ Աֆրոդիտեի։ Եվ Անահիտ
աստվածուհու, եւ…
ԵՍ.- Բայց թող ինձ…
ՍԱՏԱՆԱ.- Խնդրե՜մ… (Ու ձեռքի վրայից նետում է)։
Երկնքում
հնչում է միայն ագռավի
քրքիջը։ Ես
կարծում էի մոլորաբար, թե
մեռել եմ ժայռին,
զարկվելուց հետո։ Ավաղ, որքան հեռու է
հատակը անդունդի… Ես չեմ հասնում։ Ես
անվերջ գահավիժում եմ։
Ը
Փչում է զուռնան։ Իմ հարսանիքն է։
Իմ բաց երակից
գինին հեղվում է սեղանի վրա.
-Ես քո կենացն եմ խմում, սատանա։

Սատանաները խնջույք են սարքել,
խրախճանում են
եւ ինձ կանչում են ահա շուրջպարի.
-Պարել չգիտեմ… Օ, ոչ, չեմ ուզում…

Բայց ահա մեկը, բոլորովին մերկ,
գինով՝ իմ արյամբ,
մեղմ օրորվելով մոտենում է ինձ.
-Պարեցեք, պարոն, Ձեր… Աստվածուհու հետ։

Իմ Աստվածուհի՜ն… Իսկապես, նա է,
փորձում եմ ծածկել
բորբ մերկությունը՝ շուշանամաքուր.
-Խաբվեցի… Էլի քրքիջն է պայթում։

Ինձ նրա ձեռից խլում է իսկույն
տխուր մի աղջիկ՝
աղավնափետուր խոնարհության մեջ.
-Առ ինձ, հեռանանք սատանաներից։

Ես պարի մեջ եմ։ Հոլանի մի ձեռք
բերում բաժակը,
շուրթիս է մեկնում՝ այրող թույնով լի։
-Որքան անուշ է,- ըմպում եմ անհագ։


Սաստիկ հարբած եմ։ Հարսանիքն է իմ։
Սատանաները
ինձ ձեռքից-ձեռք են նետում հեգնանքով.
-Իմ Աստվածուհի՜ն, իմ… Սաթենի՜կը…

Նայում եմ շուրջս։ Փորձում եմ սթափվել,
հեռու անկյունից
ձեռքով են անում։ Վազում եմ՝ նա՜ է…
-Դուք շփոթվել եք,- խոսում է սառը։

Խմել եմ ուզում։ Ու հազար բաժակ՝
ձեռքի մեջ հազար,
իսկույն գալիս են, տնկվում քթիս տակ։
-Անուշ,- պարզում եմ բաժակս,- լցրե՛ք…

Թեւերիս վրա պառկում է մեկը,
ձգվում է մարմանդ,
գավաթ է՝ ճերմակ փոսիկը փորի։
-Լցրեք,- գոռում եմ,- գավաթը լցրեք։

Ու ես չեմ խմում։ Ես ծործոնքում եմ,
քավորս՝ գինին,
ում որ նայում եմ՝ հարսնացուն է իմ։
-Փչեցեք զուռնան… Ուզում եմ քանդվել։

Արդեն պահն է այն՝ ում որ նայում եմ՝
աստվածուհի է,
գինոտ են կրծքի պտուկները բաց.
-Անսպառ է հաստ շուրթերիս կիրքը։

Նուրբ - բարակիրան - մերկ ու հոլանի՝
թառել են գլխիս,
մամռած ուսերիս, ծնկներիս վրա.
-Ինչ գեղեցի՜կ են սատանաները…

(Սրտիս մեջ՝ խաչվառ, սուրբ ու հրեշտակ,
ծնկներիս վրա՝
աչքերս կապող մի մերկ սատանա։
-Կա մի ձեռք, միշտ ինձ հասնում է մուժից)…

Զուռնայի ձայնը կորչում է հանկարծ,
Մնում եմ մենակ՝
մեռելների եւ ոչ մեռելների
անկշիռ ու փուչ այս աշխարհի մեջ։

Թ
Սեւ ագռավը նստել է սպիտակ-սպիտակ
ծաղկած խնձորենու
ճյուղին եւ անուշ-անուշ երգում է, ասում է.
-Կըռռ.. Կըռռ… Կռռաա…
Գարուն է։ Եվ ագռավն է աղավնին։
Աղավնին կամաց-
կամաց մտնում է ագռավի փետուրների
մեջ, իրենից
անկախ, աննկատ… Բնության մեջ ինչ ասես, որ չի
կատարվում։
-Կըռռ…
Աստված, դու վերեւից տեսնում ես
ամեն ինչ։ Փրկեա,
Աստված…

Ժ
Երբ որ ինձ մի օր տանեն թաղելու,
ես գիտեմ, չես գա՝
քո ձեռքով շիրմիս թեթեւ շպրտված
մի բուռ հողին ինձ արժան անելու։
-Իմ ցավը միայն դու ինձ տուր, Աստված.
իմ ցավն ուրիշը չի կարող տանել…


Ի
Ունկս դրել եմ երկրագնդի կողին։ Հողի վրա։
Ունկիս մեջ՝
աչքերս, սիրտս, հոգիս, էությունս, շունչս՝
պահված,
հետեւում եմ (դու չես տեսնում դա) քայլերիդ
ընթացքին, շարժումներիդ,
ձայնիդ թրթիռներին ու
կրկին
մաքրվում - վերածնվում - վերադառնում եմ
դեպի
անարատ ակունքս՝
հազարակն,
որի գլխավերեւում թեւում է սուրբ հրեշտակը։

Ունկս դրել եմ մի քարի։ Մեծ քարին։ Ցից քարին։
Երկրագնդի վրա։
Ու լսում եմ։ Այս ինչե՜ր
են կատարվում երկրագնդի ներսում։
Ես միշտ գնում եմ դեպի իմ ծնունդը՝
սպասելով քեզ…
Եվ որպեսզի այլեւս չչարկարկվեմ սատանաներից,
տատիս կլսեմ ու շատ, շատ,
բազմաթիվ, անթիվ մկրատներ, դանակի
սուր-սուր շեղբեր,
շամփուրներ ու մարդասեղներ կկախեմ
իմ բաշից, իմ ուսերից… Ու այդպես
կգնամ ճամփաս։

-Ուր որ է՝ ես ծնվելու եմ նորից։ Բարեւ, հրեշտակ։