Jump to content

Ձուկին փոխարեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՁՈՒԿԻՆ ՓՈԽԱՐԵՆ

Խենդուկ, շուտիկ տղա մըն էր Համբիկ, տասնյոթը տասնինը տարու, աչքը փողոցներուն մեջ բացած, մանրանկարը ապագա այն մեծ սրիկային որ կամ ջրհանին ետևեն պիտի վազե խարազանը ձեռքը կամ հրապարակներու վրա իր խռպոտ ահագին ձայնով ձուկ պիտի ծախե։ Մայրը որ լվացարարուհին էր նավամատույցին բեռնակիրներուն, մինչև երկու տարի մեծցուցած էր զայն լվացարանին մեջ, չոր հաց մը ձեռքը տված, զոր մանուկը կը կրծեր առտըվնե մինչև իրիկուն՝ ճղճղալով ճնճնալով։ Հետո որովհետև մայրը օրին մեկը շնչահեղձ եղած էր խամ ածուխի մուխե, և հայրն ալ որ ձկնորս էր, ծովը ինկած էր ու խեղդված, Համբիկ գրեթե անտեր մնաց ու վեց տարեկանեն անգին փողոցներուն մեջ սկսավ թափառիլ, գիշերները հազիվ պառկելու տեղ մը գտնելով ու ցորեկին ալ հազիվ կտոր մը հաց։ Այս տաժանելի կենցաղը չէր մեռցուցած զայն, ընդհակառակը հուժկու մարմին մը և աննկուն հոգի մը պատրաստած էր։

Որովհետև երջանկության և հեշտակեցության վրա գաղափար չուներ, իր հիմիկվան վարած կյանքը աշխարհի երջանկագույն կյանքը կը կարծեր։ Առտվընե մինչև իրիկուն փողոցները կը շրջեր, պատահական ծառայություններ ընելով, ջուր կրելով տուները, բեռներ տանելով ասդին անդին, և այլ մանր-մունր գործեր ընելով, որոնցմե ձեռք ձգած ստակին մեկ մասը իր ապրուստին կը գործածեր ու մյուս մասն ալ ապահով տեղ մը կը պահեր՝ ապագային ավելի շահաբեր գործով մը զբաղելու դիտումով։ Իր աշխուժությամբն ու հանդգնությամբը ամենուն համակրանքը կը գրավեր։ Շատ անգամ, երբ ուրիշ զբաղում չունենար, նավամատույց կը վազեր ու շոգենավեն ելլողներեն ոմանց բեռները շալկելով տուն կը տաներ։

Քիչ շատ հարուստ թազի մը մեջ հաստատած էր իր գործերուն գլխավոր կեդրոնը. պարապու ժամերոն, իբր կատարյալ ստամբակ մը, կատակաբանություններով, թռչունի և կենդանիներու ձայնի նմանություններով կը զվարճացներ թաղեցիները, մանավանդ դպրոց գացող փոքր աղջիկները, որոնք գրեթե ամեն իրիկուն անոր շուրջը կը խռնվեին ու կըսեին։

— Հայտե, Համբի՜կ, կատուի թախլիթ մը ըրե մեզի։

Այն ատեն ստամբակը կը սկսեր կատուներու ՝ ճշմարիտ պայքար մը որ միշտ կը վերջանար արուին՝ այսինքն իրեն փախուստովը։ Մանկուհիներուն ճվըլտուքը հաճույք կը պատճառեր չարաճճի տղուն։ Ինք որ բնավ գիտակցություն չուներ ոչ ծնողքի, ոչ քրոջ, ոչ որևէ սրտակցի գորովի վրա, այն գաղտնի զորությունեն մղված որ ամեն մարդու սրտին խորը կապրի ու պատեհ առիթով դուրս կը պոռթկա , Համբիկ, անգիտակցաբար, համակրանք մը, սեր մը գրեթե կը զգար այդ փոքրիկ անմեղուկ արարածներուն համար, ու ա՞լ անդիմադրելի պետք մը եղած էր իրեն անոնց պչրական շատախոսությունները լսել, ու գոհացնել անոնց ամեն տղայական պահանջումները։

Օր մը, իրիկվան դեմ, նավամատույց իջած էր, իր սովորության համեմատ բեռ փոխադրելու։ Շոգենավը մոտենալուն պես, խումբ մը բոկոտն տղաքներ, որոնք հոն կը սպասեին, ակնդետ, սովալլուկ գայլերու պես կը թափին շոգենավեն դուրս ելլողներուն վրա, իրարմե հափշտակելով անոնց ձեռքը գտնված բեռները։ Համբիկ այս մասին բացառիկ ճարպկություն մը կը ցուցներ, ամենեն «յաղլի մուշթերիին» ձեռքի բեռն առնելով մինչև անոր տունը կը տաներ։ Արդ, այն իրիկունը, շոգենավը մոտենալուն, բեռնակիրները արդեն կը սպասեին․ դուրս ելլողներուն մեջ շքեղորեն հագնված օրիորդ մը երևցավ որ ձեռքը բռնած երկու խոշոր ծրարները երկնցուց Համբիկին, որ առավ զանոնք, անգամ մը աղջկանը երեսը նայեցավ, և հետո հարցուց թե ո՞ւր պիտի տաներ ծրարները․մանկամարդ աղջիկը թրթռուն ու ներդաշնակ ձայնով մը, որուն մեջ տիրական շեշտ մը կար, ըսավ․

— Ետևես եկուր։

Համբիկ բազուկներուն տակ զետեղեց ծրարներն ու հետևեցավ մանկամարդ աղջկան, քիչ մը խռոված անոր մեծաշուք կերպարանքեն ու անուշ բուրումներեն որ կը խուսափեին անոր ամբողջ անձիքեն։ Մինչև այն ատեն ասանկ բաներ չէր զգացած․ շրջազգեստին շրշյունը , մանրիկ ոտքերուն խրոխտ կոխվածքը քարահատակին վրա, դեղնագույն ժանյակով եզերված հովանոցին նազելական ճոճումը և մանավանդ ծոծրակին սպիտակ միսը որ կերևար օձիքին եռանկյունի ճեղքեն, բոլորովին կը գինովցնեին փողոցի այդ ստամբակը․զգացած հաճույքը այնքան բուռն եղավ որ կը փափաքեր որ ճամբան անհունապես երկար ըլլար․ հավիտենապես վայելելու համար այդ քաղցր երանությունը․ մինչև այն ատեն իրեն անծանոթ երազանքներ, խառն ի խուռն կը խուժեին միտքին մեջ, կը գգվեին իր թաքուն զգայնությունները․ ու կը հետևեր այդ մտացածին էակին, զգլխիչ բույրերով առլի մըթնոլորտի մը մեջե ինքնաբերաբար քալելով կարծես, լիաթոք ծծելով իր ռնգունքները շոյող այդ խելահեղիչ հոսանուտը։

Մանկամարդ աղջիկը մեկեն կանգ առավ դրան մը առջև ու դառնալով Համբիկին․

— Տղա՛, ըսավ առանց անոր երեսը նայելու, հոս ձգե՜ և գնա։

Եվ քառասուննոց մը դրավ ստամբակին ձեռքը։

Համբիկ վրան անգամ չնայեցավ ստակին․ անախորժ հուսախաբություն մը կրածի պես պահ մը քարացավ մնաց, բայց շուտով խելքը գլուխը գալովն դանդաղորեն հեռացավ, ակռաներուն տակեն մրմռալով․

— Վ՜այ անիծից, ծո էս ասանկ աղվոր ախջիկ չէի տեսեր, ան ի՜նչ ճիտ էր։

Առաջին անգամ ըլլալով այն իրիկունը չգնաց իր սովորական փողոցը ու գլուխը չժողվեց փոքր աղջիկները, որոնք զարմացած այդ բացակայությանը վրա՝ ըսին իրարու․ — Համբիկ ու՞ր է, չեկավ աս իրիկուն, խոսք տված էր քի շունի պես հաջեր։

Եվ շատ տխուր եղան փոքր աղջիկները այն իրիկունը։

Համբիկ հաց չկերած պառկեցավ այն գիշերը՝ իր երազներուն մեջ ընկղմելու համար։ Շատ հեղ այդպես կը պատահի, զգացում մը, որ կա մարդուս ներսիդին և իր գոյությունը շատ հայտնի չըներ, անակնկալ առթիվ մը մեկեն ի մեկ երևան կուգա՝ սաստիկ ցնցումներով որոնք ամբողջ էությունը կը դղրդեն։ Համբիկ մինչև այն օրը շվայտ զգացում մը գրեթե չէր ապրած այդքան բուռն կերպով։ Ու այն իրիկվան փորձությունը շատ գեշ ազդած էր վրան։

Ու կը մռլտար իր խշտիկին վրա երկնցած․

— Ծո, ան ի՜նչ ճիտ էր։

Սակայն, երբ առտուն արթնցավ Համբիկ, երեսը կը փողփողեր․ ժպիտ մը կերևեր շուրթերուն վրա։ Ըսավ ինքնիրեն․

— Ա՛լ աս մահալլեեն կելլամ, հոն կերթամ․ հերմ քեարը շատ կըլլա պելքի․ հե ՛մ․․․

Խոսքը ընդմիջեց, աչվըներուն մեջ շողյուն մը փայլեցավ և ձեռքը ճակտին զարնելով․

— Ծո, ան ի՞նչ ճերմակ ճիտ էր, մռլտաց։

Ըսածին պես ալ ըրավ․ նույն օրն իսկ այն փողոցին մեջ,— ուր կը գտնվեր առջի իրիկվան օրիորդին տունը, — փնտռեց ուգրտավ պարտեզի մը անկյունը, ախոռի պես փոքր խցիկ մը, ուր փոխադրեց իր հարդե անկողինը, քանի մը մանր—մունր գույքերը։

Ա՛լ այնուհետև այդ փողոցին մեջ թափառեցավ, ամենուն ցուցնելով իր ժպտուն դեմքը, ամենուն համակրանքը վաստկելու ձևեր ընելով․ հոն ալ սկսավ իր ծառայությունները ի գործ դնել, հիմակ ավելի եռանդով, ավելի աշխուժով․ գրեթե ամեն վայրկյան կանցներ կը դառնար այն տունին առջևեն որուն հրապուրիչ պարունակությունը, պատճառ եղած էր իր փոխադրության, երբեմն պատուհանը նստած կը տեսներ զայն ու գաղտագողի ակնարկով մը կը դիտեր անոր դեմքը․ մանավանդ սպիտակ ծոծրակը, որուն վրա կը սարսռային սևաթույր մազերու քանի մը ցանցառ փնջիկներ։ Մեծ վայելք մըն էին իրեն համար այդ վայրկենական ու վաղանցիկ նայվածքները։

Բայց պառկած ատենը բուռն տխրությամբ մը կը համակեր հեք Համբիկ և ամեն անգամ որ իր հոգնած դադրած ոտքերը կերկնցներ հանգստավետ խշտիկին վրա կը մրմնջեր

-Ան ի՜նչ ճիտ է, պե՛։

Իր հանդուգն բնավորության օգնությամբը, հաջողեցավ իր ոտքը դնել իր երագած տունեն ալ ներս։

Հարուստ ընտանիք մը կը բնակեր այդ տան մեջ, հայր մը, մայր մը, երկու զավակ՝ աղջիկ մը, օրիորդ Սիրանուշ և մանչ մը։ Կնոջական ամեն դյութություններով հղփացած սիրուն օրիորդ մըն էր Սիրանույշ, որուն շատ երիտասարդներ աչք ունեին, թե գեղեցկության և թե՛ հարստության համար․ բայց ինք դժվարահաճ էր և բնավ ականջ չէր կախեր իրեն եղած առաջարկներուն. գաղափարային աղջիկ մըն էր, որ այն ատեն ամուսնական կյանքին մեջ պիտի մտներ, երբ գտներ իր մտատիպարը, որ տակավին շատ հեռու ըլլալ կերևակայեր ինք։ Բայց իր կարծիքը սխալ ելավ․ երեկույթի մը մեջ—օ՜հ, ի՞նչ պիտի ըլլար շատ մը աղջիկներու և երիտասարդներու վիճակը, եթե չըլլային այս երեկութները—հանդիպեցավ գեղեցիկ, իր երազած ձիրքերով օժտված երիտասարդի մը որուն անմիջապես համակրեցավ։ Ավելորդ է ըսել թե երիտասարդը առանց վարանելու փոխարինեց այդ համակրանքը՝ հաճոյալի խոսքերով։

Նորարծարծ սիրո քաղցր վայելումները շատ կարճ կերևան սույն երեկույթին քանի մը ժամերու միջոցին․ գիշերը կանցնի ամպի բրդուճի մը պես զոր հովը կը վարե կը տանի՝ երբ հազիվ կարմրերփնված է նորածագ արևին շառայլեն։ Տեսակցությունը նորոգել անկարելի ըլլալով, երիտասարդը կը հանդգնի իր սրտին բոլոր զգացումները ծաղկենկար ու անուշաբույր թղթին հաղորդել և զայն ղրկել իր սիրեցյալին։ Օրիորդ Սիրանույշ դողդոջ ձեռքով և ճակատին վրա վաղանցիկ շիկնումով մը կարդաց սիրո այդ բոցեղեն արտահայտությունը որ կը վերջանար պատասխան ընդունելու պաղատանքով։ Մանկամարդ աղջիկը որուն կը պակսեր տակավին սիրային հանդգնություն, քանի մը օր մտածեց՝ միշտ

174 ձեռքը բռնած երիտասարդին սիրերգը, որուն աղապատանքը կը մորմոքեր իր փափկասուն սիրտը․ վերջապես որոշեց պատասխան գրել, բայց ի՛նչ կերպով անոր ձեռքը հասցնել զայն․ ամենափոքր գայթագղություն իր անվան շուրջը՝ սոսկացներ զինքը․ երկար մտածեց այս փափուկ կետին վրա և հանկարծ լույս մը ծագեցավ մաքին մեջ։

Օր մը, երբ տունը իրմե զատ ոչ ոք կար, պատուհանը նրստավ և սպասեց։

Համբիկ կանցներ գաղտնի ակնարկներ նետելով դեպի պատուհանը․ հանկարծ կանգ առավշ․ հավատա՞ր աչվըներուն։ Բայց. այո՛, զինքը կը կանչեր անիկա, նորեն նայեցավ աչվըներուն բովանդակ սևեռումովը և ա՛լ կասկած չունեցավ, օրիորդր զինքը կր կանչեր․ երա՞զ էր արդյոք։

— Թոհա՜ֆ պան, մրմռաց ստամբակը ու ներս մտավ դռնեն որ բացված էր։

Հիմակ Համբիկ իր դիմացը ունեի Սիրանույշը, որ իր թովիչ աչվըները անոր վրա հառած ըսավ․

— Համբի՛կ, քեզի բան մը ըսեմ նե կընե՞ս։

— Հազար պան ըսե՝ ամենն ալ ընեմ, պատասխաներ Համբիկ, անանկ սրտազեղ անձնվիրության շեշտով որ մանկամարդ օրիորդը ուրախութենեն սարսռաց։

— Երդում ըրե՛ որ մեկուն չպիտի ըսես ինծի համար ընելիք քըդ․ հարեց Սիրանույշ։

— Չեմ ըսեր, մա՛ս վկա։

Օրիորդը դրասանգներով զարդարուն քորսաժին տակեն նամակ մը դուրս հանեց, պահ մը վրան նայեցավ վարանումով, հետո ծռելով դեպի Համբիկին ականջը, անանկ որ իր շունչովը անոր երեսը շոյեց, բան մը փսփսաց։ Ստամբակը աղջկան այդ դիրքեն օգտվելով անոր ծոծրակը դիտեց ու հառաչ մը արձակեց։

Քիչ հետո դուրս ելավ Համբիկ՝ գրպանին մեջ ունենալով իրեն հանձնված նամակը, զոր հասցեին պիտի տաներ և մրմըռալով․

— Աճայի՜պ, աս նամակը մյուսյու Արմենին պիտի տանիմ, բեք աղեկ, ամա ինչու անոր նամակ կը ղրկե կոր. մեջը ի՞նչ գրած է աճապ… վա՛յ հասկցա հը՜… ըսել է գործը եփեր են․․․ տանիմ մի չը տանիմ․ ամա տանիմ նե աղեկ կըլլա, չունքի հելպեթ նորեն պիտի խրկե․․․ հինգ ղրուշն ալ կեշ փարա չէ․․․ ամա փարային տեղը էյեր ան ճերմակ ճիտեն․․․

Լռեց, չհամարձակելով բարձրաձայն արտահայտել գաղափարը, որ փայլակի արագությամբ անցած էր մտքեն։

Ա՛լ հիմակ պատուհանին առջևեն անցած ատենը, Համբիկ բացե ի բաց, առանց խպնելու, կը ժպտեր Սիրանույշի երեսին, որ հինգ ղուռուշին առաջ բերած երախտագիտության նշանը կը կարծեր այդ խորհրդավոր ժպիտը։

Ստամբակին մտածումը պարապ չելավ, քանի մը օր ետքը, երբ իրիկուն մը, մթնելուն մոտ, Համբիկ դրանը առջևեն կանցներ,

Սիրանույշ որ կեցած էր հոն, նորեն թուղթ մը սպրդեցուց անոր ձեռքը՝ մրմնջալով․

— Նորեն անոր տար, Համբի՛կ։

Տղան՝ քառորդը գրպանը նետեց ու նամակը հասցեին տարավ։

Չորս օր ետքը նորեն նամակը մը՝ Սիրանույշին ձեռքեն Համբիկին գրպանը սահելով՝ հավիտենական հասցեին հանձնըվեցավ։

Եվ ամեն անդամ ստամբակը հարստացավ հինգ ղրուշնոցով մը։

Հինգերորդ անգամուն, երբ մանկամարդ արղջիկը նամակը հանձնեց Համբիկին ու դրամն ալ պիտի տար, տղան ետ հրեց անոր ձեռքը, ըսելով․

— Ա՜լ փարա չեմ ուզեր։

— Հապա ի՞նչ կուզես։

Համբիկ Սիրանույշին մոտեցավ, քծնող շունի մը պաղատանքը իր աչքերուն մեջ, մեղմիվ բռնեց անոր թևեն ու գրեթե ականջն ի վար ըսավ դողահար ձայնով․

— Ճիտեդ պաչիկ մը։

Մանկամարդ աղջիկը բուռն շարժումով մը ետ քաշվեցավ, աչվըները զայրույթով շողացին, կարմիր բարակ շուրթերը փոթվեցան, և զսպված մոլեգին շեշտով մը ըսավ․ — Կորսվե՛ սըկեց, չափխըն շո՛ւն․․․ կորսվե՛ կըսեմ․․․

Համբիկ՝ աղջկան այս զայրացկոտ կերպարանքեն քիչ մը սարսափահար՝ գրպանը դրավ նամակը, ու գլուխը սպառնագին երերցնելե ետք՝ խույս տվավ ըսելով․

— Միտքեդ չելլա այս ըսածդ, չըլդի՛կ։

Ա՛լ անկեց ետքը Համբիկ բնավ չերևցավ այն կողմերը. ամեն մարդ զարմացավ այս անակնկալ անհետացումին վրա. հարցուցին փնտռեցին իրեն համակրողները. մանավանդ փողոցին մանրիկ աղջիկներուն շատ դիպավ անոր աներևույթացումը։

— Զավալլը Համբիկ, արդյոք անոթությունե մեռա՞վ:

Տարիներ անցան։

Օրիորդ Սիրանույշ երջանիկ եղավ, ամուսնանալով այն երիտասարդին հետ զոր կը պաշտեր և զոր ամեն կատարելություններով օժտված կը կարծեր։

Մեղրալուսինն անցած էր մեղրի պես անուշ, բայց անոր պես ալ վաղանցիկ։ Հեք աղջիկը, որ անկեղծ սեր կը տածեր իր ամուսնին համար, ահագին, հոգեմաշ հուսախաբություն մը կրելու դատապարտված էր։ Քաղցր ու անդորր կենցաղ մը երազած էր վայլել ամուսնական կյանքին մեջ․ իր այս երազը իրականության չփոխվեցավ սակայն․ վասնզի ամուսինը, հեղհեղուկ երիտասարդ մը, շուտով հափրացավ, գգվեցավ այս կաշկանդված կյանքին հեշտություններեն, այդ հարկեն դուրս փնտռեց հաճույքի այն աշխարհը, որ բաց է ամենուն և որ իր գգվանքները շռայլորեն կը բաշխե։

Սիրանույշ նախ ուզեց ինքզինքը խաբել էրկանը բռնած ապօրեն ընթացքին մասին․ բայց շատ չանցած, ամեն պատրանք վանելու ստիպեցավ, վասնզի ամուսինը այնքան անտարբեր եղավ իրեն նկատմամբ, որ խեղճ մանկամարդ կինը չհամարձակվելով իր ծնողաց օգնությանը դիմել, վասնզի անոնք քիչ մը հակառակած էին այս միությանը, ուրիշ միջոցներու ձեռնարկեց․ նախ ինք հետամուտ եղավ գտնել պատճառը որով ամուսինը այդքան պաղած էր իրմե, և կնոջական սուր հոտառությամբը կռահեց որ ուրիշ մը իր իրավունքնորը հափշտակած էր ձեռքեն, ամուսնին սերն ու համակրությունը ինք վայլելով։

Օրերով մտածեց ընելիք վրա և վերջապես վճռական որոշում մը տվավ։ Լսած էր թե նշանավոր կին հավահմա՝ ըսքանչելի գուշակություններ զատ՝ իրեն պես վշտակիրներուն ցավերը կը դարմաներ անանկ դեղերով զորս բժշկությունը կանգիտանար։

Ճարահատած, Սիրանույշ, արցունքները հրելով աչքերուն խորը, հառաչները կուլ տալով, ելավ այդ հավահմային գնաց։ Խոշոր կին մըն էր վաթսուն տարու, բազմոցի, մը անկյունը հանգըստավետորեն նստած,ձեռքը համրիչ մը զոր շարունակ կը դարձներ։

Մայրական գորովալի շեշտով մը ընդունեց մանկամարդ հաճախ որդուհուն, որուն կերպարանքը զննած էր փայլակե ավելի արագ նայվածքով մը, ներս մտած պահուն:

― Եկու նայիմ, ախճի՛կս, տե՞րտդ ինչ է։

Հեծյուն մը ելավ խեղճ Սիրանույշին կոկորդը, այտերը շառագունեցան, աչվըները լեցվեցան։

— Ըսե, ախճիրկս, ըսե քի տերտիդ տերման մը ընեմ։

Անկեղծ ու սիրալիր այդ ձայնը հուզեց Սիրանույշի սիրտը որ դուրս տվավ իր բոլոր դառնությունն ու բոլոր վիշտը, լալով պատմեց իր առաջին սերն ու ետքի դժբախտությունը, և աղաչեց պաղատեցավ հավահմա կնոջ որ դեղ մը, դարման մը ընե, որով ամուսինը նորեն իր ընտանի հարկին մեջ փնտռե ամեն հաճույք ու ամեն վայելք։ Կինը՝ զգացված ձայնով ըսավ Սիրանույշին.

— Զավա՛կս, հեչ հոգդ մ՝ըներ, քեշկե ամենուն ալ տերտը ատ ըլլար.ամիս մը չքաշած՝ էրիկդ վրադ խենդ պիտի ելլա։

Հետո, անմիջապես դեմքին արտահայտությունը փոխվեցավ, աչվըները կիսովին գոցվեցան, շուրթները սկսան երերտկալ փսրտուք մը հանելով, ու ձեռքին մատներն սկսավ տենդորեն դարձնել համրիչին սև հատիկները։

Քառորդ մը տևեց ասիկա։

— Ախճի՛կս, ըսավ վերջապես երբ այգ մունջ արարողությունը վերջացավ, հիմակ քեզի բան մը պիտի ըսեմ, տեղնի տեղոքը պիտի ընես, աղեկ մտիկ ըրե․ քիչ մը զոռ է ամա, ի՞նչ ընենք, զավա՛կս, անքի աս տերեճեներուն հասեր ես նե, ամեն պանի խադլամիշ պիտի ըլլաս․ մինակ յա Պեյօղլուի յա Ղալաթիայի պալըխբազարները կը գտնվի լևրեկ պալըխի, վախտը անցած է, կտնըվելուն ալ շատ շուպհե ունիմ, ամա մեյ մը նայե․ բեք սուղ ծախելու համար պազը պալխճի կը պահե։ Ինչ ընես չընես պիտի կտնաս ատ ծուկը․ կտա՞ր մի, կառնես ինծի կուգաս․ փուղը կը հանենք մեջեն ու պան մը կը կարդամ վրան, ետքեն տուն խավուռմիշ կընես, կը ծեծես, թոզ կրնես, իրիկունը էրիկդ կա նե՝ կերած կերակուրին, խմած խախվեին մեջ մեյ֊մեկ քիչ կր ցանես․ կուզես նե յաթախին մեջն ալ կրնաս ցանել։ էյեր ամիս մը չքաշած՝ էրիկդ բիրիբաք չըլլա նե՝ թող ինծի ֆալճի Մարիամ չըսեն։ Հատե կրնա տե ըսածս ըրե, ախճի՞կս, ամա մութլախ ընելու է, հեմ տո՛ւն պիտի ընես․ պաշխասին չպիտի իմանա։

Դուրս ելավ Սիրանույշ գլխիկոր բայց մեծապես սփոփված։ Միտքը դրավ այն իրիկունը իսկ, մութ ատեն, ամեն վտանգ աչք առնելով, հիշյալ ձուկը փնտռելու ելլել և ինչ դին ալ ուզվի տալ։

Բերայի փողոցներուն մեջ լապտերները արդեն վառված էին․ բարակ անձրև մը կը թփթփար․ կառքերուն ու անցուրդներուն երթևեկը ցանցառցած էր։ Կին մը՝ գլուխը սև ջալի մը մեջ փաթըթած՝ մտավ այն փողոցը ուր ձկնավաճառներ սփռած են իրենց տեսակ տեսակ ձուկերը, որոնց հատկությունները կը ծանուցանեն մեծադղորդ գոչյուններով։ Կինը՝ երկչոտ քայլերով մոտեցավ առաջին ձկնավաճառին ու կամաց մը հարցուր թե լեվրեկ ունե՞ր։ Մարգը կնկանը երեսը նայեցավ զարմացումով, գլուխը քերեց և ըսավ․

— Ի՞նչ կընես, քուրի՛կս, աս վախիդ լեվրեկ նե կեղեր իմ քովս չկա, պաշխասիին հարցուր։

Սիրանույշ,—ինքն էր,— թեթև հառաչ մը արձակեց և հեռացավ․ քիչ մը վար ուրիշ ձկնորսի մը դիմեց ու նույն հարցումը ըրավ․

— Իմ քովս չի կա, քուրի՛կս, ամա, ինծի կուգա քի Համրիկը ունենալու է․ ան շունշանորդիին քովը ամեն պան կա․ ինծի նայե, սա վարը սոլ թարաֆի խանութը կը տեսնա՞ս կոր․ ներս մտիր, Համբիկ հարցուր պելքի ան ունի։

Մանկամարդ կինը ցուցված խանութը ուղղվեցավ և ներս մտավ դուռնեն։ Բարձրահասակ մարդ մը կեցած էր և չավելաներուն մեջ ձուկերը շարելու զբաղած․ ոտքի շշուկ մը լսելով ետին դարձավ։ Կինը ներս մտած ու քովը կեցած էր։

— Համբիկը դո՞ւն ես, հարցուց։

Այս ձայնը լսելուն պես ձկնորսը ամբողջ մարմնովը դողդողալով․

— էս եմ, ըսավ։

Լեվրեկ պալըխի կը գտնվի՞ քովդ, ինչ որ ուզես կուտամ։

Ձկնորսը քայլ մը ետև գացած էր և պլպլացող կանթեղին լույսովը դեմքը կը դիտեր այդ հաճախորդուհիին։ Դառն և աղետալի ժպիտ մը սահեցավ ձկնորսին շուրթերեն։

—Կը կտնվի, պատասխանեց համր ձայնով։

Եվ ծռելով, թակույկի մը մեջե ձուկ մը դուրս հանեց, չավելայի մը վրա դրավ և մատովը ցուցնելով․

— Իշտե՛, ըսավ։

— Ի՞նչ տալու եմ։

— Հիմա կըսեմ։

Ձկնորսը բացավ շապիկին կուրծքը, ձեռքը ներս խոթեց ու կարճ խուզարկությունե մը ետքը, թուղթի մը կտոր դուրս հանեց, ձուկին կռնակին վրա բացավ զայն և Սիրանույշին դառնալով՝

— Սըվիկա կիտե՞ս ինչ է, հարցուց։

Մանկամարդ կինը ծռեցավ ծաղկանկար թուղթի մը վրա, որ սակայն ժամանակ անցնելով դեղնած էր․ ու կարդաց․

Պաշտելի Արամս,

Ետ քաշվեցավ ափիբերան եղած, ձկնորսին երեսը նայեցավ սոսկումով և ակռաներուն մեջեն մրմնջաց․

— Համբի՜կ․․․

— Ճիտեդ պաչիկ մը, պատասխանեց ձկնորսը ձեռքը ձուկին վրա դնելով և Սիրանույշին նայելով հոսնությամբ։

Անոնց աչվըները պահ մը իրարու մեջ մխրճեցան․ իրարու շատ բաներ ըսին անոնք անձայն, մունջ։ Հետո, շալը հանեց Սիրանույշ, գլուխը դեպի առաջ խոնարհեց՝ մորթվող ոչխարի մը համակամությամբը , վե՛ր առավ ծոծրակին մազերը և ձկնորսին մոտենալով ըսավ.

― Պա՛գ։

Համբիկ պահ մը դիտեց իր առջև խոնարհող այդ դժբախտ արարածը, աչվըներուն մեջ թացություն մը երևցավ, փոխանակ ծռելու քայլ մը ետ գնաց և ձայնով մը, ուր խորին տխրության երանգ մը կար, ըսավ.

― Չո՛ւզեր, առ ձուկը կրնա՛։