Jump to content

Քարիտեզճին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՔԱՐԻՏԵԶՃԻՆ

Իրիկունները, ժամը տասեն անդին երևան կելլար հանկարծ իր խռպոտ ահռելի ձայնին ժխորն զգացնելով, Ղալաթիայի փողոցներեն կատաղի հոսանքի պես վազող, փրփրացող իրարանցումին մեջեն, բոպիկ կոշկոռոտ ոտքերն անցուցած իր լայն ծայրակոր եմենիներր, որոնք հազիվ թե կիսովին ծածկելով զանոնք, ներբաններուն մորթն ալ կաշիացեր բրտացեր էր ցեխին ու փոշիին մեջ հարատև քսկռտումեն։

Իր խոշոր սրունքները կերերային ապայե փոթուռին մեջ, և բուրդե դեղնագույն գոտիի մը թույլ ծալքերը գրեթե անոր ամբողջ փորը կը ծածկեին։ Ամառ ձմեռ նույն բաճկոնակը կը հագներ, նույն կարճուկ սալթան ու թեև կրնար իրարու վրա գալ և գոցել անոր կուրծքը, բայց իր կորովի հուժկու մարմինին ամեհի ճոխությունը ամենուն ցուցնելու խրոխտ դիտումով մը կարծես, քարիտեզճին միշտ բաց կը թողուր իր կուրծքը, մազերու հոծ շաղապատումով մը սևցած, մթին։ Թխագույն պեխեր վայելուչ ոլորումով կը վերջանային մինչև այտերուն կեսը, որոնց մույնքը միապաղաղ կարմիր էր, արևակեզ և խորշակահար կարմրություն մը։ Աչվըներն հրացայտ էին, տարօրինապես ազդեցիկ։ ճամբան, իր քալվածքին մեջ արհամարհոտ պերեվեթում մը կը դներ, զոր առաջին ակնարկով կռիվի հրավեր մը կը կարծեիր։ Փողոցե մը դուրս կելլեր մեկեն, ու կը սկսեր իր ձեռքը բռնած չավելային պարունակությունը ծանուցանել մեծ պոռչտուքով․

― Քարիտե՜զ, թազ՜ե, թազե՜։ Ա՜հ, ձեռքի ինչ հիացական ու գրգալի շարժումով կը շոյեր չավելային մեջ վայելչորեն շարված կարմիր միջատները, քարիտեզները, որոնց ամեն մեկը իր հոգիին պես կը սիրեր, կըսեր ինք։

Եվ ի՞նչպես չհավատալ գորովանքի այդ անհնարին արտահայտության, որ անկեղծության շեշտով մը դուրս կը թռեր անոր բերնեն։

Իր քարիտեզներուն ամբողջ ցեղագրությունը, պատմությունը, բարք ու վարքը գոց գիտեր ու բերնուց կըսեր, այնպիսի ճշմարիտ համոզումով որ պահ մը դիմացինն ալ հավատալու փորձություն մը կզգար։ Ղալաթիո գարեջրատուններն Էին իր սովորական վաճառատեղիները և որոնց մեջ ա՛լ հանրածանոթ Էր «խոշոր ձայնով» քարիտեզճին։ Այնքան բուռն էր կարմրուկ միջատներուն վրա ունեցած սերը որ, եթե երբեք մեկը իր գովասանքները ծաղրելու անխոհեմությունը ունենար, շատ գեշ վայրկյան մը կանցներ քարիտեզճիին հետ, որ բնավ չէր ներեր այդ հանցանքին։

Եվ իրավցնե ալ անկարելի էր ախորժագրգիռ սքանչացումով չդիտել փոքրիկ խեցգետիններուն համաչափ գեղեցիկ այդ դեզը՝ տափակ լայն չավելային մեջ փռված, իրարու քով, հատիկ, հատիկ, ոսկիե զանգակներու պես, ակնհաճո։ Քարիտեզճի Միրիկը ալ՛ հանրածանոթ եղած էր Ղալաթիայի բոլոր գինետուններն ու գարեջրատունները․ անոր քարիտեզին նմանը չի կար՝ թե համեղ և թե մսոտ ըլլալուն։ Միրիկ շատ անգամ կը պատվիրեր իր հաճախորդներուն որ անխնամ կերպով զատեն քարիտեզները, հարգանքով ստկեն զանոնք, բարակ աղիքները ամենեվին չնետեն, որովհետև ուժ կուտան մարմնին, և իբր փաստ իր ըսածներուն՝ իր հուժկու իրանը կը ցուցներ, երդում պատառ ընելով որ ինք առաջ շատ, շատ նիհար էր, ետքեն քարիտեզ ուտելով այդպես գերցած, հաստցած էր։ Ամեն մարդ հաճույքով մտիկ կըներ Միրիկին այս ճոռոմ զատզրուցություններուն և հավատալու ալ հովեր կառներ։ Բայց իր այս ռամկական հռետորությունը վսեմ երանգներ կը ստանար հանկարծ, խռպոտ ձայնին քաղցր ելևէջ մը խառնելու ճիգ մը կը ցուցներ, ամփոփվելու, կոկիկ երևնալու ջանքեր կըներ, բերանը այնչափ մեծ էր բանար, ոտվըները քիչ մը ավելի կը հրեր եմիններուն մեջ, մազոտ կուրծքը կուզեր պարտկել բաճկոնակին տակ, ֆեսն ավելի խնամքով կը զետեղեր գանկին վրա երբ ներս մտներ Պիեռ֊Հոլ գարեջրատունեն, ուր իրիկունները, ժամը տասնըմեկեն անգին, սեղաններուն շուրջը կուգային կը շարվեին սովորական հաճախորդները,առջևնին գարեջուրի մեյ֊մեկ գավաթ։

Օր մը, հաճախորդին մեկը, որ միշտ հաճույք կը զգար Միրիկին հետ խոսակցելեն, զարմացումով նշմարեց որ իր ամեն ժամանակ տեսած հին եմենիներուն տեղ հիմա նորեր հագած էր անիկա, հեգնական շեշտով մը անմիջապես հարցուց անոր այս տարօրինակ նորության շարժառիթը։ Միրիկ, որուն բացարձակ անծանոթ էր ամոթխածության զգացումը, հանցանք մը ըրած պահուն բռնվող տղու մը խպնոտ և երկչոտ շարժումն ըրավ, շուրջը նայեցավ՝ այդ հարցումին պատասխանը մեկեն գողնալու անակնկալությունով, բայց իր աչքը հանդիպեցավ երկու սեղան անգին երիտասարդի մը քով նստող մանկամարդ աղջկան մը որ հարցումը լսած ըլլալով՝ ինքն ալ պատասխանին կը սպասեր։

— Մեկալները հինցեր էին, ըսավ մեղմ ու խորունկ հառաչով մը և անմիջապես չավելան առնելով դուրս ելավ գարեջրատունեն։

Ա՜լ անկեց ետքը երկու շաբաթի չափ չմտավ այն գարեջրատունը․ միայն, երբ առջևեն անցներ, գաղտագողի ակնարկ մը կը նետեր դրան ճեղքեն ներս ու կը փախչեր։ Բայց իրիկուն մը երբ դարձյալ ներս պիտի նայեր, կեցավ, ձեռքը ճակտին տարավ, մտածեց, վարանոտ, հետո հանկարծ դուռը բացավ, ներս մտավ և իր սովորության համեմատ պտըտել սկսավ սեղաններուն առջև, մեղմ ձայնով մրմռալով․

— Գըրմըզը քարիտե՜զ։

Նորեն հոն նույն սեղանին առջև նստած էին երիտասարդն ու մանկամարդ աղջիկը, սև մազերով թխագույն, շնորհալի սևազգյաց օրիորդ մը որուն աչվըներուն սև եռումի տակ անպատճառ սարսուռ մը կը զգար մարգ։ Շաբաթը գրեթե երեք անգամ հոդ կուգային անոնք, երիտասարդն որն ու աղջիկը առաջինը միշտ կուգար ու կսպասեր երկրորդին․ ձեռքի սեղմումե մը ետք իրարու քով կը նստեին և փսփսուք մը կը սկսեր իրենց մեջ։

Երբ Միրիկ իր պտույտը շարունակելով անոնց առջև հասավ, աղջիկը հանկարծ քովինին դառնալով՝ ըսավ․

— Քարիտեզ ա՛ռ։

Միրիկին աչվըները վառեցան, ժպիտ մը եկավ հաստ շըրթունքներուն վրա ու մարեցավ, վեր առավ չավելան ու մատներովը խառնելով քարիտեզները, ըսավ՝ ձայնին մեջ աննշմարելի հուզումով մը․

― Քուրի՛կս, ասանկ քարիտեզ էոմրիդ մեջ կերած չես, համեն հոտեն չես կշտանար, է՛ն աղվորներեն տամ։

Եվ սկսավ զատել ամենեն խոշորներն ու ամենեն կարմիրները, պնակի մը մեջ լեցուց ու լեցուց, տալու սրտաբուխ ավյունով մը համակված, մինչև որ պնակին մեջ ա՛լ տեղ չմնաց։

— Քանի՞ փարա է, հարցուց երիտասարդը։

— Փարա՞, ըսավ Միրիկ տեսակ մը զարմացումով, չէ՛ , աս հեղու փարա չեմ ուզեր, համը նայեցեք, էյեր աղեկ ըլլանե պաշխա վախիդ փարա տվեք։

Եվ չավելան առնելով դուրս ելավ շտապով, թռուցիկ ակնարկ մը նետելե ետք աղջկան երեսին, որ թեթևապես դեղնած էր հիմակ։ Մանկամարդուհին քիչ մը ակներև անհագությամբ մը կերավ Միրիկին կարմրուկ միջատները, ծծեց անոնց ամեն մեկ հատը, կերավ, իր ճերմակ մանտրտիկ ակռաներուն տակ, ճզմելով քարիտեզներուն նուրբ փեճեկները, այն աստիճան որ քովը նստող երիտասարդը զարմացումով հարցուց․

— Գոհարի՛կ, ես չէի դիտեր որ այդչափ կը սիրես քարիտեզը։

— Օ՜հ, շատ կսիրեմ, պզտիկությանս հայրս միշտ կը բերեր մեզի։

Երբ երկու գիշեր վերջը Միրիկ ներս մտավ Պիեռ-Հոլեն, մուգ ֆես մը կը ծածկեր անոր գլուխը, առջի յուղոտ հին ֆեսին տեղ։ Գոտին կորսնցուցած էր իր անհոգ թույլ կապվածքը, ու տեսակ մը վայելչությունով ամփոփված էր անոր կորովի մեջքին վրա և չավելան ալ, զոր առաջ անփութորեն աջ կողմեն ի վար կը կախեր, հիմակ ելած էր անոր խոշոր կաշմբուռն ձեռքին վրա համբարձիկ։ Հաճախորդները խորին զարմանքով կը տեսնեին Միրիկին կրած փոփոխությունը քանի մը շաբթվան մեջ կարծես գերբնական զորության մը ազդեցությամբը․ ա՛լ անանկ կոպիտ շարժումներ, բիրտ շեշտեր, կոշտ խոսքեր չուներ․ իր սիրելի քարիտեզներուն վրա իսկ ա՛լ նույն գորովագին ակնարկը չէր նետեր, ուզողին կուտար ափին մեջ լեցնելով միջատները, տրված ստակը առնելով անտարբեր և դուրս ելլելով գարեջրատունեն՝ տրտմությամբ մը համակված կարծես։

Երբ այն գիշեր ներս մտավ, ուղղակի մանկամարդ աղջկան սեղանին գնաց, ու խնդալով հարցուց թե ինչպես գտած էին իր քարիտեզները։

— Շատ համով էին, ըսավ մանկամարդուհին, նորեն տուր։

Միրիկ դարձյալ տվավ միշտ շռայլորեն և այս անգամ երթալու պահուն սևեռուն ակնարկ մը նետեց աղջկան վրա, որ սարսուռ մը ունեցավ։

Անկե վերջ խելացի գաղափար մը հղացավ քարիտեզճին։ Այս ստորին դասակարգի մարդը իր անշնորհ մեջքի գոտիով, իր ապայե հագուստին կոշտ հյուսկենովը, այս աղջկան բնական վայելչության քովիկը անտեղի ու անպատշաճ բան մը կըլլար․ վազեց պատրաստ հանդերձեղեններու խանութ մը գնելու այն նեղ ու գծուծ զգեստներեն մեկը զորս իր հսկա ու խրոխտ մարմինը արհամարհած էր միշտ, անոնց վրա ամեն բան պզտիկ, փտտուկ, ողորմելի կերևար իր աչքին․ հիմա բաղդատություն կըներ և իր լայն ու դիմացկուն հագուստներուն գերազանցությունը կը հասկնար։

Ակամա, գրեթե ցավով կը բաժնվեր անոնցմե, կուրանար իր բոլոր անցյալը ու նոր ի նորո կը հագվեր, կերպարանափոխ կլլար։ Հայելիին առջև ուր գնաց կենալու, ինքզինքը չճանչցավ․ ո՞վ էր անոր մեջի երիտասարդը։ Վճարեց ու դուրս ելավ։ Թե՛ հուսահատ էր թե՛ ուրախ։

Այսպես հագված սգված, Միրիկ աղեկ մը մաքրեց իր չավելան, ամենեն խոշոր, ամենեն կարմիր քարիտեզները դրավ մեջը, ու սիրտ ի տրոփ, խնդալիր ներս մտավ Պիեռ-Հոլեն, առանց այլևս իր խոշոր ձայնովը պոռալու.—Քարիտե՜զ։

Գոհարիկ նստած էր երիտասարդին քովը, տրտում երևույթով. թաքուն ցավի մը ճնշումի տակ։ Միրիկ, իր քալվածքեն բոլորովին վանելու սովորական կոպիտ ձևը, շիկ երիտասարդի մը ծեքծեքումովը մոտեցավ անոնց սեղանին և վերեն վար գլխով խոնարհություն մը ընելե ետքը, ըսավ Ժպտալով.

— Ասանկ քարիտեզ հիչ կերած չեք, օրիո՛րդ։

Եվ սկսավ պնակին մեջ լեցունել կարմիր միջատները։

Բայց աղջկան դեմքը, ի տես Միրիկին այդ խնամյալ կերպարանքին, մեկեն ի մեկ խոժոռցած, խիստ արտահայտություն մըն էր առած։ Անհաճո հուսախաբումի մի ենթարկվող մարդու մը դառն կսկիծը կերևեր դեմքին վրա։ Եվ մինչ քարիտեզճին կը շարունակեր լեցունել պնակը, մանկամարդ աղջիկը հարցուց.

— Ատ լաթերդ ինչո՞ւ փոխեր ես։

Եվ պահ մը վարանելե հետո․

— Ա՛լ քարիտեզ չեմ ուտեր, ըսավ։