Jump to content

Ղազարոս Աղայան (Լեո)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ղազարոս Աղայան
Պատմա-գրական ուսումնասիրություն
Տպագրվել է Ղ. Աղայանի մահվան առիթով «Հորիզոնում» (1911, №№ 135-137, 142, 144, 146-147, 149, 151, 154, 156, 158)։

Նախաբան

1902 թվականին Ղազարոս Աղայանը տոնում էր իր գրական գործունեության քառասնամյակը։ Ես «Մշակի» մեջ մի ընդարձակ հոդված նվիրեցի նրան և գրում էի այդ հոդվածի մեջ. «Ամեն անգամ, հանդիպելով Աղայանին, ես կարծում եմ, թե նա մեր ծաղկավետ հանդերից է գալիս, միշտ ձեռքում ունի մի նոր փունջ»։

Այնուհետև ես շատ մոտեցա Աղայանին, վեյելեցի նրա սքանչելի սերը, նրա հայրական գուրգուրանքները։ Եվ այդքան մոտիկ տարածության վրա էլ, մտերմական անցուկ, ընտանի շրջանի մեջ էլ, այդ պարթևակազմ, վայելչահասակ ծերունին, որ իր ամբողջ էության մեջ կրում էր մի ինչ-որ բիբլիական վեհ ու նվիրական տեսիլ, շարունակում էր մնալ ինձ համար միևնույնը փնջաբեր մեր հայրենի ծաղկավետ հանդերից։

Ամենից առաջ Աղայանի մեջ դյությում էր մարդը, հոգեկան ձուլվածքը, որ հազվագյուտ ներդաշնակություն էր կազմում նրա արտաքինի հետ։ Ժողովուրդը, այն էլ գյուղական ժողովուրդը – ահա ինչ մեծ գաղափար էր կրում Աղայանը իր հսկայական ուսերի վրա։

Հայ գյուղը իր ծոցի մեջ տաշել, հղկել էր մի գրանտիյան կոթող։ Իր արատներից նա ոչինչ չէր տվել այդ կոթողին։ Դրել էր նրա մեջ իր սիրտը, իր զգացմունքը, իր վիշտն ու կարիքը և ուղարկել էր նրան քաղաք։

Հիսուն տարի նա ապրեց քաղաքում։ Բայց նրան ծռել չկարողացավ քաղաքը։ Նրա կերտվածքը մնաց անաղարտ, նրա գծերը չավերվերցին, թեև քաղաքային կյանքի ամենակուլ ծովը շարունակ հարվածում էր նրան իր ալիքներով, թեև ամեն ինչ կար, որ այդ մարդն էլ իր նման հարյուրների ճանապարհով գնա, այսինքն քաղքենանա, կորցնե իր ինքնատիպ դեմքը, լուծվի և ձուլվի։

Նա միայն էր այդ դիրքում, անմատչելի՝ կլանող, ջնջող ազդեցություններին։ Եվ անրհողդողդ, չկքված, չկռացած՝ միշտ գլուխը բարձր ու կուրծքը ուղիղ։ Քայլը անշեղ, հաստատուն, գնաց մինչև այն կետը, ուր մահը կայծակի մի հարվածով տապալեց նրան քաղաքի փողոցում, մայթի վրա։ Իբրև անեղծ կոթող էլ նա ձեռքերի վրա տարվեց տունը, և այժմ էլ իբրև ժողովրդական գրանիտյա մի ձուլվածք պառկած է դագաղում։

Ամենից առաջ Աղայանը մեր կուլտորական կյանքի մեջ խոշոր դեմք է հենց իբրև այսպիսի եզակի երևույթ, գյուղի ստեղծագործություն մինչև վերջին շունչը...

Հզոր և մեծախորհուրդ է հայրենի հանդերի, ժողովրդի ստեղծագործական կարողությունը։ Այդ վիթխարի գործոնը պարզ տեսնելու և շոշափելու համար մենք ունենք մի սքանչելի վավերագիր – Աղայանի կյանքը։

Մեր խոշոր, երախտավոր գործիչներից շատերը չեն, որ ունեն վերին աստիճանի ուսանելի կենսագրություն։ Աղայանի կյանքը երջանիկ բացառություններից մեկն է։ Եթե սերունդները կարոտ են իրանց նախորդների մեծագործությունները տեսնելու, նրանցից խրատ քաղելու, նրանցով ներշնչվելու և հրահանգվելու համար, մենք պարծանքով կարող ենք ասել, որ մեր նոր աճող սերունդներին տալիք մի սքանչելի օրինակ ունենք տալու այսուհետև – Աղայանի կյանքը։

Այդ կյանքը կբացատրե մեզ, թե ինչպես է ժողովրուրդը մտցնում իր հզոր ստեղծագործությունը ազգի պատմության մեջ, ինչ ճանապարհով է նա ազդում և ինչպես է նա կուլտուրական շարժիչ հանդիսանում։

Մտերիմ բարեկամի, սիրված ընկերի զգացմունքը չէ ինձ թելադրում այս տողերը։ Որքան և մեծ լինի վիշտը, որքան և դառն լինի կորուստը այդ բարեկամի և ընկերի համար, բայց այս տխուր ժամերին էլ, երբ ինձ է վիճակվում դնել մեծ կորստի պատկերը հասարակության առջև, ես պիտի խոսեմ դոկումենտների լեզվով, փաստերի վերլուծումով, պիտի նկարեմ մեր հայրնենի հանդերի փնջաբերին։

Առատ փաստեր, հարուստ նյութեր է տվել ինքը Աղայանը։ Մեր գործիչներից ոչ ոք չէ թողել այնքան ինքնակենսագրական թանկագին նյութեր, ինչպես Աղայանը։ 1904 թվին նա հրատարակեց «Իմ կյանքի գյխավոր դեպքերը» ու այդտեղից էլ մենք իմացանք, որ նրա առաջին վեպն էլ՝ «Արություն և Մանվել», նույնպես ինքնակենսագրական է, որ Արությունը – ինքը Աղայանն է։ Այնուհետև մանավանդ այդ գրվածքները պիտի ծառայեն իբրև թանկագին նյութեր մեր նոր ժամանակների պատմության համար։

Նրանք Աղայանի ամբողջ կյանքը չեն ամփոփում իրանց մեջ (և հարկավոր էլ չէ, որ նրանք այդ լինեն։ Ամենագլխավորը կա նրանց մեջ, լիուլի մանրամասնություններով պատկերացած։ Դա այն է, թե ինչպես կազմակերպվեց և ամրապնդվեց ձուլվածքը, ինչպես տաշվեց ու հղկվեց գրանիտյա կոթողը։ Ամենից առաջ ես այդ մեծ պրոցեսը կներկայացնեմ՝ հիմնվելով սիրելի հավերժացածի թողած վավերաթղթերի վրա, ապա կանցնեմ նրա գործին։