Jump to content

Ղազարոս Աղայան (Լեո) հատված 2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ղազարոս Աղայան
Պատմա-գրական ուսումնասիրություն

ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ


I

ՀԱՅՐԵՆԻՔԸ

Շուշուց խճուղու առաջին փոստային իջևանը Խոջալուն է, Կարկառ գետի հովտում, Ասկարան պատմական բերդի մոտ։

Խճուղին պատռում անցնում է այդ փոքրիկ բերդը, որ շինված է Խաչենի լեռների մի ճյուղավորության ստորոտում, այնտեղ, ու կազմվում է մի փոքրիկ կիրճ, որի միջով գետը Ղարաբաղի լեռնաշխարհից դուրս է գալիս Աղդամի ընդարձակ դաշտը (հին Գարգարացվոց դաշտը)։

      Մինչև բերդին հասնելը, խճուղուց բաժանվող մի ճանապարհ տանում է դեպի արևմուտք, միշտ սարն ի վեր։ Դա լեռնային Խաչենի ճանապարհն է։

Առաջին գյուղը, որ հանդիպում է ուղիղ այդ ճանապարհին, Սեյդի-շենն է։ Մի փոքրիկ գյուղ, ինպես առհասարակ փոքրիկ են այս լեռնաշխարհի գյուղերը, 30-25 տուն. նա գրավում է բարձր դիրք և շատ գեղեցիկ մի անկյուն բնության ծոցում։ Լեռնաստանը իսկապես այստեղից է սկսում։ Թանձրախիտ անտառներով ծածտված մի լեռնաշխարհ է Խաչենը, որ նշանավոր դեր ունի կատարած պատմության մեջ։ Լեռների գծագրությունը թեև դեռ մեղմ են, բայց դեպի արևմուտք գնացողը շուտ է մտնում այն խոժոռ և ահավոր տեսարանների մեջ, որոնք հատուկ են Ղարաբաղի բնությանը։

Աղայանը այցելել է Սեյդի-շեն գյուղը և տեսել է, որ ժողովրդի մեջ դեռ ապրում են իրանց տոհմի հին-հին հիշատակները։ Տեսել է «Աղանց աղբյուրը, Աղանց ձորն ու բակը և Աղանց ճղպրեն (ընկուզենին)»՝ արդեն չորացած մի ծառ*։

Դա է հայրենիքը, թեև Աղայանը այնտեղ չէ ծնվել։

Կարևոր եմ համարում, որ իմ ընթերցողը փոքր-ինչ մոտիկից ծանոթանա այդ հայրենիքին, քանի որ դա է այն միջավայրը, որ բնավորություններ է մշակում։

Ընդհանրապես շատ աղքատ է լեռնային Խաչենի ժողովուրդը։ Եվ չէ կարող աղքատ չլինել։ Այդպես է կարգադել նրա բնությունը։

Դա երկրագործության աշխարհ չէ։ Անտառը, վայրենի, թանձրախիտ անտառն է բռնացած ամեն տեղ՝ մի ծայրից մինչև մյուս ծայրը։ Նա ծածկում է ամեն ինչ – և՛ սար, և՛ ձոր, և՛ դաշտ։ Բաց տարածություններ թողնել իր թագավորության մեջ նա չէ սիրում։

Կարող եք այդ երկրում ճանապարհ կտրել ամբողջ օրերով, և միշտ ծառերի տակ, միշտ մի նեղ շրաջանակով պատված։ Շատ, շատ՝ մի որևէ տեղ, դիրքի շնորհիվ, անտառների թագավորությունը մի փոքրիկ հորիզոն բաց կանե ձեր առջև, ցույց կտա մի կտոր երկինք, արևի մի շերտ, եթե երկինքը, հակառակ սովորականի, մթագնած ու ամպամած չէ, եթե նա այդ օրը, այդ ժամին զիջել է, պարզ ու ժպտուն երես շնորհել լեռնաստանին։

Մարդը պետք է մաքառե, մշտապես մաքառե ծառերի թագավորության հետ՝ իրան հարկավոր մի ափ վարելահողը, իր բնակության տեղը նրանից խլելու համար։ Անտիրական տարածությունը նորից շտապում է իր հրամանի տակ առնել անտառը։ Նրա անլույս ու անարև խորքերում շրջողը հաճախ կանգ է առնում տեսնելու համար հանկարծակի իր առջև բացված մի աշխարհ. – գյուղի, ավանի տեղեր, եկեղեցիներ, վանքեր, ոմանք կանգուն, ոմանք փլված, գերեզմանատներ։ Եվ այս բոլորը ծառերի տակ, մամուռով ծածկված։ Հազվադեպ չէ տեսնել մի հին եկեղեցու դարերի վրա գոյացած մի ամբողջ անտառ։

Եվ երևակայեցեք գոյության կռիվը այսպիսի պայմանների մեջ։

Նա հսկայական է, բայց առանց մեծ արդյունքների։ Նա ամփոփում է իր մեջ մի դրություն միայն – գլուխ պահել, այսինքն անել այնքան, որ ապրես։

Եվ դրա մեջ որքա՛ն ուժ, որքա՛ն պողպատ պիտի ամբարե իր մեջ ամեն մի կազմվածք, որ չի ուզում ոչնչանալ անհյուրասեր, բայց վիթխարի, արհավիրքներով գեղեցիկ բնության ձեռքին։

Պետք է տեսնել լեռնեցու փոքրիկ արտը անտառների միապաղպաղ տարածությունների մեջ, պետք է տեսնել, թե ինչ տեսակ ճանապարհներով է նա հաղորդակցություն կատարում լույսին ու մութին, դաժան ձմռան ու կարճատև ամռան, արև և բուք օրերը, ցեխի և չորության ժամանակ, պետք է տեսնել հետո նրա խրճիթը, նրա ընտանիքը, նրա ամբողջ տկլորությունը, և այնուհետև միայն կարող եք հասկանալ, թե ինչքան շատ է վատնում մարդը իր կազմվածքի մեջ դարերի ընթացքում կուտված պողպատից և ինչքան քիչ է վարձատրվում։

Սակավապետ, երբեք չհուսահատվող, խոժոռ ու կոպիտ, ամբողջովին մրցության երկաթե անհրաժեշտությամբ տարված – այսպես կարող է լինել լեռնային անտառների մռայլ թագավորության մեջ։

Եվ այսպես է խաչենցին։