Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՃԱՄՓԱՆԵՐԸ
Հայրենականից չվերադարձած համագյուղացիներիս
Գնացել են ու չեն դարձել.
Մոլորվե՞լ են ճամփաները.-
Հազար ու մի հողմով անցնել,
Մաքառել են ճամփաները։
Սրտերից սեր, լույս են առել,
Հույս են դառել ճամփաները.
Հինգը տարել, մեկն են բերել,
Մեզ դեռ պարտք են ճամփաները։
Դրոշների ծփանքի տակ
Ճամփաները ձուլվել իրար
Ու դարձել են խաղաղության,
Հաղթանակի ճանապարհ։
Կամրջել են իրենց սերը,
Մեզ հասցրել լույս-ափերին.
Ճամփանե՜րը, ճամփանե՜րը,
Մենք դեռ պարտք ենք ճամփաներին։
|
|