Jump to content

Ճեմարանի և թեմական դպրոցների մասին Գր. Չալխուշյանի առաջարկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ճեմարանի և թեմական դպրոցների մասին Գր. Չալխուշյանի առաջարկը
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 289
ծ. ― էջ 618

թող գնան իրանց դպրոցները իրանց ծրագիրներով բանան։

Անշուշտ մարդիկ կգտնվեն, որ չեն հավատալ, թե այսպիսի բան կա տպած հայերեն տառերով, այդպիսիները թող ձեռք բերեն «Մշակ» № 3, էջ 3 ու կարդան։

Ես չեմ իմանում ինչ է հասկանում ազատամիտ բառով պ. Չալխուշյանը, գուցե ազատական է հասկանում, որ դարձյալ զրպարտություն է, թե նրանք կրոն ու ազգ չեն ընդունում, բայց այսպես թե այնպես այս խոսքերն այսօր, տպված են ոչ թե 60-ական թվականների «Մեղուի» մեջ, այլ հռչակավոր ազատամիտ Գր. Արծրունու հիմնած թերթում։

Սակայն անցնենք գլխավոր հարցին և, մեր ցավից տառապող սիրտը բռնելով, հանգիստ խոսենք, թե ինչո՞ւ հայոց թեմական դպրոցները միմիայն հոգևորականներ պիտի տան, եթե ոչ... փակվեն։ Ինչո՞ւ այդ դպրոցներից դուրս եկածները եթե համալսարան մտնեն բժիշկ կամ փաստաբան դառնալու, ազգը իր լուման այլևս չպիտի տա ադ դպրոցները պահպանելու։ Ինչո՞ւ։ Ո՞րտեղից և ի՞նչ պատճառով եղկելի Հովհաննես Կարբեցու ուրվականը հայտնվեց «Մշակի» էջերում և արվում է այս խավարային պահանջը, այն էլ ազգի անունից։

Այո՛, մի ժամանակ, անցյալ դարի 30-ական թվականներին, Հովհաննես Կարբեցին, իր անհուն խավարամտությունից, այլև Ներսես Աշտարակեցու ջգրու, առաջարկում էր և աշխատում Ներսիսյան դպրոցը Սեմինարիա անունով վերածել լոկ տիրացուարանի, որ միմիայն հոգևորականների որդիքն այնտեղ ընդունվեին և միմիայն հոգևորականներ դուրս գային։ Եվ ժամանակի երկրի կառավարիչր՝ բարոն Ռոզեն, խրախուսում էր տգետ ու փոքրոգի կաթողիկոսի այս միտքը։ Սակայն սրա դեմ իր աքսորավայրից ծառանում էր Ներսես Աշտարակեցին, և 1838 թվին Քիշնևից ներքին գործերի մինիստր Բլուդովին տված իր ընդարձակ պատասխանի մեջ այսպես է աղաղակում մեզ զբավեցնող առարկայի մասին, որ արտագրում եմ նույնությամբ․

«Եւ թէպէտ բարոն Ռօզեն գլխաւոր կառավարիչն ՛ի Վրաստան, առանց իւիք հետազօտութեանց հարկաւորացն վասն արժանադատութեանց հետևելով միայն հաճոյից Նորին Բարձրաստիճանութեան Յովհաննէս կաթուղիկոսի, հաղորդէ Ձերում Բարձր Գերազանցութեան, թէ և ինքն այնպէս գտանէ հարկաւոր, զի դարձուսցի այն ուսումնարան ՛ի սեմինարիայ յաղագս ուսուցանելոյ զմանկունս աղքատ հոգևորականաց Հայոց և այլոց նուիրողաց զանձինս հոգևորական կոչմանց․ սակայն յամենայն իրս և իրողութիւնս օգտակարաց հիմնաւորն և մեծագոյնն է ընտրելագոյն վասն ամենեցուն, ըստ որոյ իրաւի օգտակար է վասն հասարակութեան ազգի Հայոց թէ հոգևորականք նոցա իցեն ուսեալ և իմաստութեամբ դաստիարակեալ, սակայն ինքնայայտ է թէ քանի հարիւր ժողովրդականաց մի կամ երկու գտանին հոգևորականք և նոցա ևս հոգացօղք մարմնական ապրուստից, որպէս և այլ ամենայն հոգևոր ականաց՝ սկսեալ ՛ի Պատրիարգաց մինչև ցվերջինս եկեղեցական պաշտօնէից․ ևս և հոգացօղք վասն ամենայն հարկաւորացն կամ վայելչականացն ամենայն եկեղեցեաց և վանօրէից ՛ի սկզբանց քրիստոնէութեան հաւատոյ ազգի Հայոց եղեալ են ժողովրդականք, և այժմ ևս են նոքա։ Իսկ ապա երբ ՅովհաննԷս կաթուղիկոսն ցուցանէ զինքն յօժարամիտ վերջացուցանել զօգտակարն վասն բազմութեան մանկանց հասարակութեան ազգի, և դատարկելով զուսումնարանն վասն նոցա կառուցեալ ինև՝ զրկել զմանկունս նոցա ՛ի շատ կամ ՛ի սակաւ մասնակցութենէ ուսմանց և թողացուցանել զնոսա յանդիման աչաց ծնողաց իւրեանց շրջիլ ՛ի գռեհս և կամ մնալ ՝ի թանձր տգիտութեան և ՛ի տեղի նոցա կարգել զսակաւ մանկունս աղքատ քահանայից կամ աղքատ ժողովրդականաց ոմանց նուիրողաց զանձինս հոգևորական կոչմանց, զո՜րպիսի օգուտ ազգական կամ եկեղեցական ՛ի սույնպիսի նախատպաւորութեանց Նորին Բարձրասաիճանութեանն կարելի իցէ մակաբերել, կամ զի՞նչ ջերմեռանդութիւն այնուհետև ունիցի մնալ ի՛ սիրտս և ՛ի կամս հասարակութեան ազգի Հայոց, կամ ՛ի մասին իւրոյ Բարձրաստիճանութեան և կամ ՛ի մասին ամենայն հոգևորականաց իւրաքանչիւր կարգի կամ եկեղեցեաց և վանօրէից։ Ինձ թուի՝ թէ Յովհաննէս կաթուղիկոս ինքն ևս լաւ գիտէ, թե զայնպիսի նախատպաւորութիւն մտաց իւոց՝ յաղագս փոխարկութեան այնմ ուսումնարանի ՛ի սեմինարիայ, ընդհանրական է վնասն և մասնաւոր յոյժ օգուտն, և չկարէ լինել հասարակութեան ազգի Հայոց ուրախութիւն այն, այլ տրտմութիւն առաւել յոյժ, որպէս պատճառ ապաբախտութեան որդւոց իւրեանց, սակայն ա յնուամենայնիւ ախորժեալ է կալնուլ զայն շաւիղ գուցէ միայն վասն բառնալոյ, ՛ի միջոյ հասարակութեան Հայոց այնմ վիճակի զյիշատակ անուան իմոյ և գործոց, ըստ որում այն ուսումնարան կոչեն Ներսիսեան ուսումնարան, որպէս գտանի գրեալ ՛ի կտակագրին հանգուցեալ Բեժանի Խատիսեան։ Բայց Աստուածային պարտաւորութիւն է Նորին Բարձր աստիճանութեանն և իմ և ամենայն հոգևորականաց Հայոց, որք վայւլեն ՛ի բարութեան հասարակութեան ազգի իւրեանց՝ խորհիլ առաւել զօգուտն հասարակութեան ազգի քան զախորժականսն անձանց, կամ որպիսի և իցէ անձնական կրից։ Եւ եթէ վշտացուցանէ զՆորեն Բարձրաստիճանութիւնն կոչումն անուան իմոյ ՛ի վերայ այնր ուսումնարանի՝ որպէս է իմ և բազմաց կարծիք, զիս ոչ վշտացուցանէ բնաւ բառնալ յայնմանէ զիմ անուանակոչութիւն և անուանել զիարդ և արժան համարել լիցի»։

(Պատմ. 75-ամեա գոյութ. Ներս. Հ. Հ. Դպրոցի, Ա. Երիցեան, 351—352)։

Եվ հիշեցնելով նախարարին հայոց ազգի հավատարմությունը ռուսաց գահին և Ալեքսանդր I և Նիկոլայ I կայսրների կայսերական խոսքերը, որով իրեն հրամայել են հուսադրել հայոց ազգին, որ միշտ տեսնելով հայոց ազգի հավատարմությունը լինելու են նրա անքուն հովանավորը, աղերսում է իր հիմնած դպրոցը ապահովել ինչպես կա, չլսել Կարբեցուն և չփակել նրա դռները ազգի մեծամասնության՝ ժողովրդի զավակների առաջ, որոնք չեն ուզենա անպատճառ հոգևորական դառնալ, չփակել այն ժողովրդի զավակների առաջ, որ պահում է և՛ դպրոց, և՛ հոգևորականություն, և՛ վանք ու եկեղեցի։

Ճշմարիտ է, մի առժամանակ հաղթանակ տարավ Հովհաննես Կարբեցու ոգին, և դպրոցը սահմանափակվեց միմիայն հոգևորականների համար, բայց ժողովուրդն էլ իսկույն երեսը շրջեց և՛ այդպիսի դպրոցից, և՛ հոգևորականությունից, ընդհանուր դժգոհությունը գնալով մեծացավ, եկամուտի աղբյուրները ցամաքեցին, և նվիրաբերողներն էլ արդեն ուզում էին ետ պահանջել իրենց նվերները։ Եվ Կարբեցու նման նեղ ու ողորմելի մտածողները ստիպված էին հետզհետե ետ քաշվելու ժողովրդական արդար միահամուռ պահանջի առջև, ճանապարհ տալ Ներսես Աշտարակեցու և Կարապետ եպիսկոպոսի ծրագիրներին, որոնք ժամանակի ընթացքում հաստատվեցին օրենքով ու մտան կյանքի մեջ։

Այժմ պ. Չալխուշյանի առաջարկով այս հին մեռած հարցը կրկին հարություն է առնում մեր ժամանակում և նույն անմիտ ու տգետ պայքարը զարթնում է մեր մեջ։ Բայց այն պահանջն ու պայքարը, որ հասկանալի էր անցյալ դարի 30-ական թվականներին, երբ գրագետ քահանա չկար հայ ժողովրդի մեջ, անհասկանալի է և տարօրինակ մեր օրերում։ Այն, ինչ որ ներելի էր 30-ական թվականների Էջմիածնի կատարյալ խավար ու տգետ Սինոդին, որտեղից արձակվում էին այդ գրությունները, այսօր աններելի են մի թերթի, որի ճակատին գրած է «հիմնադիր Գր. Արծրունի»։ Վերջապես այն, ինչ որ տանելի էր այն դարում մի Կարբեցու բերանում, այսօր անտանելի է մի Գր. Չալխուշյանի ստորագրությամբ։

Բայց ի՞նչ․ փաստը փաստ է, և մենք ստիպված ենք հաշիվ տեսնելու նրա հետ։

Ի՞նչ հիմքի վրա է դնում արդյոք պ. Չալխուշյանը իր այս անհեթեթ առաջարկը, որ անում է ազգի կողմից։ Ինչ իրավունքով է խոսք անում, թե պետք է փակել մեր թեմական դպրոցների դռները նրանց առաջ, որոնք չեն ցանկանում պատրաստվել հոգևորականի կոչման։ Ինչո՞ւ է հորդոր կարդում, թե ազգը իր լուման չպետք է տա մեր թեմական դպրոցները պահելու, եթե ամեն տեղից մարդիկ կգնան համալսարան գիտություն սովորելու կամ իր խոսքով ասենք, բժիշկ կամ փաստաբան դառնալու։

Տեսնենք, արդյոք հիրավի ազգն այդպես է ցանկանում։ Ո՛չ, հազար անգամ ոչ։ Դուք տեսնում եք, որ սրանից դեռ մի ամբողջ դար առաջ, երբ այդ տեսակ փորձ են արել, ինչ որ այսօր պ. Չալխուշյանն է առաջարկում, ազգը երես է դարձրել և ստիպել է քանդել իր առջև կանգնած այդ նեղ ցանկապատը և որքան կարելի է լայն բաց անել լուսավորության ճանապարհը իր զավակների առջև։ Եվ իր առատ նվերներով ու կտակներով եկել է ոչ միայն ապահովելու դպրոցը, այլև Էֆենդյանի, Փիրոյանի և այլոց նման հատուկ գումարներ է կտակել, որ ավարտողների ընդունակները գնան բարձրագույն ուսման։ Եվ այդպես էլ գործադրվել է մինչև պ. Չալխուշյանի հոդված գրելու օրը, երբ նա ազգի անունից պահանջում է միանգամայն հակառակը։

Բայց գուցե հայոց հոգևոր բարձր իշխանությունն է համաձայն պ․ Չալխուշյանի հետ։ Դարձյալ ոչ։ Հայոց հոգևորականության մեջ էլ, ինչպես տեսանք, այն էլ հարյուր տարի առաջ, քչերն են այնպես մտածել, ինչպես այսօր մտածում է պ. Չալխուշյանը։ Հայոց հոգևոր բարձր իշխանությունը ոչ միայն կամեցել է, որ կրթված հոգևորականի հետ միասին լավ ուսուցիչներ պատրաստի, այլ մինչև անգամ ժամանակին ծրագրել է վաճառականական գիտելիքներ մտցնել մեր թեմական դպրոցները...

Ահա՛ այսօր էլ Պ<ետեր>բուրգի եկեղեցին գումարներ է հատկացնում մեր թեմական դպրոցներին՝ գյուղատնտեսական բաժին բաց անելու։

Վերջապես, գուցե տերության վերաբերմունքն ունի ի նկատի պ. Չալխուշյանը իր դատողությունն անելիս։ Դարձյալ սխալ է։ Նույնիսկ այն ժամանակ, երբ Կարբեցու հետ համաձայն էր Կովկ<ասի> կառավարչապետ բարոն Ռոզեն, հայոց թեմական դպրոցները սահմանափակելու, հատկապես Ներս<իսյան> դպրոցը միայն հոգևորական պատրաստելու համար, և էլ ով պետք է հակառակեր, եթե հայոց կաթողիկոսը խնդրում էր, կառավարչապետն էլ համաձայն էր, ասում եմ նույնիսկ այն ժամանակ սահմանափակ մանը հակառակեց կոմս Բենկենդորֆը և Պետերբուրգոլմ չանցավ Կարբեցու ծրագիրը։

Վերջապես չէ՞ որ կառավարությունն է թույլ տվել Մաթեոս կաթողիկոսի հաստատած կանոնադրությունը, որ գործադրվում է մինչև այսօր։ Եվ եթե պ. Չալխուշյանը կարող էր անգիտանալ, գոնե «Մշակի» խմբագրությունը պարտավոր էր գիտենալու իր աշխատակից պ. Ստ. Մալխասյանի գրած Ներս<իսյան> դպրոցի համառոտ պատմությունը, որի 111 երեսում տպված է. «Այս կանոնադրությունը, ինչպես երևում է Սինոդի գրությունից, 1864 թ. դեկտ. 5-ից № 1931՝ ստացավ Նորին Կայսերական Մեծության Կովկասյան Փոխարքայի թույլտվությունը՝ գործադրվելու համար, ինչպես հաղորդված է Սինոդին գլխավոր կառավարության կառավարչի գրությամբ 1-ից սեպտ. 1864 թ., № 6878»։ Իսկ այդ կանոնադրության հենց երկրորդ երեսում ասված է․ «Ի թւոյ ուսանողաց Թիֆլիզոյ Հայոց Ազգային Հոգեւոր դպրոցի կարեն մտանել ՛ի հոգեւոր կոչումն միայն այնոգիք, որք ըստ բնութեան իւրեանց և ներքին կոչման կարող են լինել արժանի սպասաւորք աստուածային սեղանոյ և որք հայտնեսցեն առ այն զյոժարակամ ցանկութիւն իւրեանց, առանց իրիք ստիպմանց և համոզմանց»*):

Նույն պատմության 108 երեսում հանած են կանոնադրության հիմնական կետերն ու պարզած, և ասված է, որ դպրոցը, ըստ ներքին ցանկության, եկեղեցու արժանավոր պաշտոնյաների հետ միասին, նպատակ ունի պատրաստել և ուսուցիչներ ծխական դպրոցների համար։

Հենց առնենք հոգևոր սեմինարիան։ Չէ՞ որ այդ տիպի դպրոցները թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում միայն հոգևորականներ չեն պատրաստում, այլ գլխավորապես ուսուցիչներ ժողովրդական ուսումնարանների համար։ Եվ այսօր, երբ այդ սեմինարիաները իրենց սաների համար համալսարան մտնելու իրավունք են խնդրում, մի քանիսն էլ արդեն ունեն, պ. Չալխուշյանը գալիս է մեր դպրոցների եղածն էլ սահմանափակելու։

Ի՞նչն է առիթ տվել, հարցնում ենք, և ի՞նչ իրավունքով։

Պ. Չալխուշյանը իր հոդվածի մեջ գրում է. «Ասում են աշակերտները չեն ուզում հաճախել եկեղեցի, երգել պատարագի ժամանակ, անգամ չեն ուզում սովորվել կրոն և բոլորի ձգտումն է մտնել համալսարան...»։

[1] Կարելի է կարծել, թե մի՛ գուցե պ. Չալխուշյանը սրանից է նեղացել, և այնքան շատ է նեղացել, որ հղացել է այս միջնադարյան առաջարկը։ Հիրավի, սա շատ տարօրինակ կլիներ։ Եվ ահա «Մշակը» իր № 11-ում գալիս է հավատացնելու, որ այդ հոդվածը ավելի խոր իմաստ ունի, պ. Չալխուշյանը ստիպված է գրել և այդ կբացատրվի ապագայում, ավելի նպաստավոր պայմաններում։

Ես էլ ապագայում, երբ կտեսնեմ որ այդ մի գեղեցիկ ու իմաստալի առաջարկ է եղել, խոստանում եմ այն ժամանակ, ապագայում ներողություն խնդրել պ. Չալխուշյանից։ Իսկ առայժմ կարծում եմ խորհրդավոր բան չկա և «փոլիթիկ» անելու տեղ ու կարիք, պարզ խնդիրներ են դրված հրապարակի վրա, և մենք էլ որքան պարզ լինենք, այնքան լավ հենց մեզ համար։ Բայց այստեղ, հոդվածիս վերջում ես դարձյալ ստիպված եմ հաշիվ տեսնելու «Մշակի» խմբագրության «վատության» հետ։ Պ. Գր. Չալխուշյանը հոդված է գրում, որի միտքն այն է, թե մեր դպրոցները կամ հոգևորականներ պիտի պատրաստեն կամ փակվեն։ «Մշակի» խմբագրությունն էլ ոչ թե նույն, այլ հետևյալ համարում, լուրերի մեջ հայտարարում է. «...որ այդ հոդվածը արտահայտում է հարգելի հեղինակի անհատական կարծիքը, որի մի քանի կետերի մասին մեր կարծիքը կհայտնենք»։

Անցնում է տասն օր։ Տասն օրից հետո ես գրում եմ իմ պատասխանը, և հոդվածիս դեռ առաջին մասը դուրս եկած, տակը գրված է, թե կշարունակվի, «Մշակի» խմբագրությունը գոռում է աշխարհքովը մին, թե Թումանյանը կեղծում է, զանցառության է տալիս իրենց հայտարարությունը, առանց սպասելու հոդվածիս վերջանալուն։ Վա՜հ։ Անուղղելի վատ մարդիկ, ձեր հոդվածն էլ դուրս եկավ, հայտարարությունն էլ, դրանից հետո էլ դեռ տասնյակ օրեր են անցել, որ ես գրել եմ իմ պատասխանը, դուք էլ սպասեցեք գոնե իմ հոդվածը վերջանա, տեսեք ձեր հայտարարությունը զանցառության եմ տալիս թե չէ, նրանից հետո հայհոյեցեք։ Բայց ասացեք խնդրեմ՝ քանի՞ սև գռոշ արժե ձեր լուրերի արանքում, ի միջի այլոց, արած հայտարարությունը, թե մենք կարծիք կհայտնենք մի քանի կետերի վերաբերյալ։ Մի՞թե

Տողատակեր

[խմբագրել]
  1. *) Ընդգծումները մերն են: Հ.Թ: