Jump to content

Ճշմարիտ կրոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ճշմարիտ կրոն


Мышление есть любовь.

СПИНОЗА
Только свободное наслаждение
созерцания и жизни стремящееся в
бесконечное и к безконечному
направленное, дает сердцу
безграничную свободу; только
религия спасает его от тяготеющих
оков мнения и желаний.
ШЛЕЙЕРМАХЕР

(«Истор<ия> филос<офии> Куно-Фишера»)[1]


I


Մտածում եմ ես, և կարծիքս մոլար
Անհետանում են, ես կամեմ գրկել
Այն մեծ օրենքը, այն վեհ Կառավար,
Որ գիտե տիեզերք դաշնավոր կշռել:
5 Պարզ մտածությունք ինձ հայտ հանդիման
Հավերժ օրենքը հառաջ են բերում,
Եմ գոռոզ Եսը յուր ինքնահավան
Եվ մռա՛յլ ախտով է փլատակվում։
Մեծ ուրախություն, և այն անվրդով
10 Իմ ձգտողությամբ ես գտանում եմ,
Եվ Աստուծո հետ մտածող հոգով
Ե՛վ հաղորդվում եմ, և՛ միանում եմ։

II


Եվ ներզգալով Մշտնջենավորն,
Անմահանում է Կրոնը հոգուս.
15 Եվ ծավալվում է, այնքան փառավոր,
Նորա չորս կողմին աստվածեղեն լույս։
Եվ բաղխում է սիրտս առավե՛լ սիրով
Դեպի գոյական արարածները,
Ընչասեր կրքից նա ազատվելով՝
20 Օրհնաբանամ է Զորավոր
Բացվում է այդտեղ անխախտ սրբազան,
Ուր թագավոր է խաղաղական Սեր,
Ուր անմահ Օրենք համաշխարհական
Բուրում է հոգուս հաշտությա՜ն վարդեր։

III



25 Ես բարձրանում եմ... և ինձ փայլում է
Սուրբ նախապատճառն աշխարհստեղծության.
Ինձ հավերժ Կարգը առաջնորդում է[2]
Դեպի տաճարը Ինքնագոյության
Ես սկսում եմ նոր-նորից ապրել
30 Եվ դադարում եմ մտքով վշտանալ,
Եվ այդ վայրկենից կամիմ մտածել,
Այն է՝ ճանաչել Որ էն, հավատա՛լ։
Ճանաչել Որ էն է այն վերին Սեր,
Որ շաղկապում է ընդհանուր տիեզերք,
35 Եվ պատրաստում է մարդեղեն սրտեր,
Քաղցր սաղմոսով հնչել նորան երգ։

IV


Զգում եմ Կրոն ես ճշմարտապես,
Եվ գիտակցությամբ սերտում եմ նորան.
Եվ ինձ չեն ճնշում մի հավատի ծես,
40 Եվ ոչ կուսակիցք մի դավանության։
Սուրբ է Կրոնըս, և նա ոչ ոքի
Չէ բերում վնաս կամ նախանձ, կամ ոխ.
Նա ծնանում է մի մաքուր ոգի,
Եվ խաղաղության է նա ավետող։
45 Նախանձ են նոքա և չար ոխակալ.
Որոնց իշխում է մի մեռած հավատ,
Որոնք խախտեցին սրտեր անարատ
Եվ մարդիկ դարձան դահիճ կատարյալ։

1864 թվին
հուլիսի 1
Բոգորոդսկ

  1. Մտածողությունը սեր է։

    Սպինոզա


    Միայն հայեցողությունների և կյանքի ազատ հաճույքը, որը ձգտում
    է անհունին և ուղղված է դեպի անհունը, տալիս է սրտին անսահման
    ազատություն, նրան միայն կրոնն է փրկում կարծիքների ու ցանկությունների ծանրացող շղթաներից։

    Շլեյերմախեր

    (Կունո-Ֆիշերի «Փիլիսոփայության պատմություն»)

  2. Հավերժ կարգ ասելով՝ հասկանում ենք նույն իսկ Աստված, որ ճարտարապետական պատճառավորությամբ արարչագործելով տիեզերք, ինքը որպես Կարգ և Օրենք տնօրինում է նոցա (ծանոթ. հեղինակի)։