Jump to content

Մասիս (Սմբատ Շահազիզ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Մասիս



I



Մասի՛ս, քեզ միայն աղոտ երազով
Կարող էի ես երևակայել
Եվ արվեստավոր, սերտած տողերով
Քո գեղեցկության մեծությունն երգել։
5 Հեռու ցնորնե՛ր. ես ականատես
Նշմարում եմ լյառն. կանաչ ասպարեզ,
Որպես մի կապերտ, ձգվում է այստեղ,
Եվ Հայաստանի ես արյունահեղ
Հիշում եմ վիճակ։ Որքա՜ն ոսոխներ
10 Փորձել են այստեղ յուրյանդ զորություն.
Ե՛վ Փակեղ, և՛ Խաչ, և ատրուշաններ
Կարմիր առվակով ներկե՛լ է արյուն։

II



Այստեղ երկրորդ Հայրն մարդկեղեն ցեղի
Տնկեց բազմաճյուղ ուռը խաղողի,
15 Որի տերևով իսկույն ծածկվեցավ
Նույն րոպեին, երբ որ թմրեցավ։
Ձեզ չավ հայտնի է, որ ես մի հերձված
Սորանով կրոնիդ պատճառելու չեմ.
Աստվածաշունչի խոսքերն եմ կրկնում,
20 Եվ ավանդություն, դարերից եկած,
Թեև ատելի բան չեմ համարում,
Եվ մեծ հանցանք չէր այդ Նոյին, կարծեմ,
Թեպետ և որդին Հորն հետևելով,
Աշխարհըս լցվեց դո՛ւյն իսկ արվեստով։

III



25 Թո՛ղ Քաջք, ո՛վ Մասիս, չթևապարեն,
Որպես այցելու քո քարայրներին,
Թո՛ղ մուզաները բնակիչ չլինեն
Անմարդաբնակ քո մութ խորշերին.
Թո՛ղ այսուհետև, թողած բոլորից,
30 Մերկանդամ մնաս քո նախնի փառքից,
Ծունըր խոնարհած՝ ես ինձ բախտավոր
Այժմ կարծելով, քան մի այլ երգիչ,
Քեզ հարկ եմ տալի, դու մինչև այսօր
Սովոր ես ազդել հմայքդ թովիչ։
35 Եվ թոթովում եմ, որպես երեխա.
«Քե՛զ, Ազա՛տ Մասիս, վերջապես տեսա»։

IV


Տեսա ահավոր քո ստորոտներ,
Ամպի մեջ կորած քո ցոլուն կատար.
Ե՛վ առողջացան քնարիս լարեր,
40 Ե՛վ քեզ երգ հյուսեց խոսքերով հարմար
Որքա՛ն երկյուղած զգացմունքներով.
Աղոթք շրթունքին, դողդոջ ոտներով
Մոտեցել է քեզ Հայ ազդի որդին,
Որպես այցելու խեղճ Արտավազդին։
45 Կրծեցե՛ք, շներ, ժանգոտ շղթաներք
Թող լույս տեսանե անիծյալ ժառանգ[1].
Այժմ Հայաստան չունի դարբիններ
Որ զորանային սոսկալի կապանք:


  1. Մեր պատմության մեջ կարդում ենք հետագա ավանդությունը, երբ Արտավազդ II-ը, ընդունելով թագավորության կառավարությունը, սկսեր գանգատել յուր հոր՝ Արտաշես Երկրորդի դեմ, ասելով. «Ես ինչպե՞ս թագավորեմ ավերակներին» (որովհետև. Արտաշեսի մահին շատերը ևս մեռցրին յուրյանը ըստ սովորության), այս պատճառով հանգուցյալ Արտաշես անիծեց Արտավազդը և ասաց. «Որս գնալու ժամանակ թող քեզ բռնեն Քաջերը (չար ոգի, դև), տանեն Մառիս սարի վերա, այնտե՛ղ մնաս միշտ և երբե՛ք լույս չտեսանես»: Հայ պառավների զրուցում կին, թե Արտավազդ մի այրի մեջ կապված է շղթաներով, և երկու շուն հանապազ կրծում են այդ շղթաները, որ նա ազատվին վերջ տա աշխարհին, բայց դարբինների երկաթ ծեծելու ձայնից դարձյալ զորանում էին շղթայքը (ծանոթ. հեղինակի)