Մաթոն՝ սլացիկ,
հպարտ,
գեղեցիկ,
կանգնել է, ահա, Սեւ ծովի ափին
եւ սպասում է՝
ականջը ջրի աղմկոտ ծափին,
թե երբ, վերջապես,
կբարեհաճի երեւալ արփին։
Սիրուն, մերկ կանայք
(կամ՝ համարյա մերկ)
ոգեւորել են, հուզել Մաթոյին։
Խեղճ, սարի Մաթո...
Մաթոն իր օրում ե՞րբ է ջուր մտել։
Լողալ չգիտե,
Բայց հայացքները
տիկնանց,
օրիորդաց
նրան բրդում են.
-Ինչ լավ լողորդ է...
Մեր Մաթոն նրանց
տնտղում հերթով՝
աչքով մեղրածոր,
աչքով հոգեթով
եւ ապա հետո տեսնում է հանկարծ
ջրում լողացող իր ստվերը թույլ...
Ուր սիրտ է առնում մեր անսիրտ Մաթոն,
Մաթոն Մաթոյին սեւ ջուրն է նետում...
Դու՝ ամենազոր,
բայց՝ անզոր Մաթո...
Ուզում է պահվել ձեռքերի վրա,
Գլուխը նրան քաշում-տանում է,
Ուզում է պահվել ոտքերի տակ,
Գլուխը նրան քաշում-տանում է,
Ուզում է պահվել... որ կողմի վրա
պահվել է փորձում -
գլուխը նրան քաշում-տանում է։
Ջրասույզները հենց վերջին շնչում
վրա են հասնում,
Մաթոյին մի կերպ ջրից հանում են.
-Մաթո, լողալիս
գլուխը ջրի վրա կպահեն,
եւ զույգ ձեռքերով,
եւ զույգ ոտքերով
ջրերում սահեն...
Եվ Մաթոն հազիվ աչքերը բացեց
Ու իմաստալից մի ակնարկ արավ.
-Ինձ՝ այդքան թեթեւ գլուխ որտեղի՞ց,
Որ պահվի անգամ ջրերի վրա...