Jump to content

Մայրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մայրը
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 74
տ. ― էջ 610, ծ. ― էջ 751
ՄԱՅՐԸ

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով ու կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։