Մանկական թոթովանք
Մանկական թոթովանք
Աշխարհիս վրա մեկը կար միայն,
Որ ինձ սիրում էր հոգվով անարատ.
Նա իմ մայրիկն էր — իմ անուշ Ազին,
Հոգվույս ու մարմնույս ծնողն հարազատ։
Միտքըս թռչում է միշտ դեպի երկինք,
Երբ որ հիշում եմ մայրիկիս անուն,
Այդ նրանից է, որ չեն երկրային
Ո՛չ նըրա ստինք, ո՛չ նրա լեզուն։
Նա ինձ կաթ տըվավ, տըվավ և լեզու,
Մինը քան ըզմյուսն ավելի անուշ,
Մեկով իմ փափուկ մարմինն էր սնվում,
Մյուսով զարգանում իմ հոգին քնքուշ։
Ի՜նչ կա այնքան քաղցր ու սննդարար,
Որքան անարատ կաթն է մայրական,
Ո՜վ կարա խոսիլ այնպես սրտաբուխ,
Ինչպես որ մայրն է թոթովում մանկան։
Կարծես հիմա էլ տեսնում եմ մորըս,
Ես իբրև մանուկ գրկումն եմ ահա,
Նուրբ շրթունքներիս զարկում է մատով,
Որ իր հետ ձայնեմ «աղո՜ւ» կամ «ագա՜»
Ես թոթովում եմ, հրճվում է մայրըս,
Իմ մեջ գտնում է շնորհքի նշան,
Չար աչքից ազատ պահելու համար՝
Վըրաս կարում է պես–պես թալիսման։