Jump to content

Մանուշակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մանուշակ

(Նվեր մանուկներին)
Ինչո՞ւ, ասած ինձ, մանուշակ,
Դու բացվում ես գարունքին,
Ինչո՞ւ աչքեր քո անուշակ
Միշտ հառում ես երկնքին․․․

Ասա՛, ասա՛ ինձ, մանուշակ,
Գարնան զավակ անդրանիկ,
Ինչո՞ւ համեստ թփիկիդ տակ
Թաքցնում ես քո գլխիկ․․․

Գուցե կուզես համեստությամբ
Մանկանց դառնալ օրինակ,
Կամ քո անմեղ, պարզ հեզությամբ
Ներշնչելու նոցա կյանք․․․

Իսկ երբ մանուկ առավոտը
Դեմքդ ցողով է լվանում,
Ասա՛, այդ ի՞նչ արցունքներ են,
Ուրախությա՞ն, թե՞ մահու․․․

Գուցե արդեն դու զգում ես
Մոտենալը քո մահվան
Եվ երկնքին աղոթում ես
Որ խնայի քո կյանքին․․․

1894