Jump to content

Մարող աստղեր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԱՐՈՂ ԱՍՏՂԵՐ


Միտքը կանգնել է վճռական պահի եզրին
ու առաջ չի գնում,
քանի որ դեմը ոչինչ չի տեսնում։
Ինքն իրեն պրտըտուսում է սիրտը
ու մնում է
ծիծաղելի անմեղ, ծիծաղելի մաքուր, ծիծաղելի միամիտ։
Իսկ քարը ջրերի խփվող ալիքների փունջն է տանում,
խոտը երկնքից չիջած ամպերի դողը հավաքել է,
ծիտը մոռացել է լռելու մասին
եւ բոլորի գլուխը տանում է՝ մինչեւ մութը կլռեցնի նրան,
օրը դարձել է
ոտնամանի ծայրի ինքնաբացվածք՝
           մատչելի ցեխի ու թացի համար աշնանային,
նորաճամփան իրեն հրում-տանում, խրում է գաղջի մեջ
անանուն ու ամենօրյա,
մոռանալով, որ ճամփի մեջտեղում ծաղիկ չի բուսնում,
որ ծաղիկները մնում են միայն նրանց համար, ովքեր
թեքվում են ուղուց,
ճիշտ ճանապարհը ճանապարհից շեղվելն է՝ դեպի ծաղիկը։
Տարին գնում է հերանց տուն,
էլ չի գալու,
քանի որ չի ապրվում՝ չապրված բանաստեղծության պես։

Հ.Գ.
Ինձ համար արցունքներ չկան։ Իմ բաժին արցունքները իր հետ
տարել է թիթեռնիկը,
որ ամփոփվել է մարող աստղերի փոշիներում՝ մի աղջնակի
      թաթիկներով սպիտակ։