Ես հիմա ապրում եմ
որպես
մոռացված հուշ։
Անընդունելի մատաղ եղավ սերս։
Ինձ քեզնից հեռացնող քայլեր
ես չունեի։
Ու չունեի ոտքեր՝ ինձ քեզնից հեռացնող։
Դու ինձ քո քայլերը տվիր,
որ հեռանամ։
Եվ ես հեռանալիս
քալյում եմ այնպես,
ասես նոր-նոր եմ քայլելը
սովորում։
Հիմա
իմ ճանապարհը առաջին անգամ
անվերադարձ է։
Փուշը ծակում է ու նրա ծայրին փայլում է
արյանս կաթիլը (ոչ վերջին).
բարեւ, փուշ։
Քարը սուր շեղբով դիպչում է սրտիս,
բայց շունչս դեռ չի հատել վերջնականապես.
բարեւ, քար։
Մահը թափառում է մոտերքում, բայց դեռ
չի ուզում գալ,
իր կամքն է՝ երբ ուզենա՝ ես կամ։
Երբ ընկնեմ վիրավոր քարերի մեջ,
մարդկանցից հեռու,
կխնդրեմ Աստծուն,
որ ոչ մի վայրի շուն կամ գազան ինձ
չմոտենա, չմոտենա ինձ ոչ մի սողուն,
իմ հոգնած մարմինը եւ հոգին քրքրվեն միայն
երկնքից իջնող թռչունների կտուցներով։