Jump to content

Մել լեզուն, մեր ոգին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ, ՄԵՐ ՈԳԻՆ

Դարասկզբին Արցախը բռնապետության կողմից կամայականորեն անջատվեց մայր Հայաստանից։ Իսկ հետագայի խորհրդային կամայականություններն ուղղված էին մարզում հայ մշակույթի վերացմանը. պայքար էր տարվում այն ամենի դեմ, ինչը հայկական էր։ Ես ինչու հիշեցի այս ամենը. վերջին երկու տարվա ընթացքում մենք հնարարվորություն ունեցանք այս ամենի մասին ոչ միայն խոսել, այլեւ մեր շուրջը, ինչպես ասում են՝ բաց աչքով նայել, մեր ձեռք բերածն ու կորցրածը նորից քննել։ Դժբախտաբար, անընդհատ կորցրել ենք եւ կորցրել ոչ միայն Արցախում...Նման դեպքում ի՞նչ գաղափարի, ի՞նչ կոմունիզմի, ի՞նչ բոլշեւիզմի մասին կարելի է խոսել։ Եթե տանք հայրենիքը, հողը, էլ ի՞նչ կմնա պահել-պահպանելու։

Բոլորը քաջ գիտեն լեզվի եւ ոգու դերը հայրենիքի պահպանության գործում։ Դա լավ են հասկանում մեր թշնամիները, որոնք էլ այսօր առաջին հերթին փորձում են հարվածել մեր լեզվին, մշակույթին՝ ոգուն։ Զարմանալի չէ նաեւ այն, որ այսօր թուրք գիտնականներն իրենց թաթը մեկնել են նաեւ մեր ճարտարապետական հուշարձաններին։ Եթե այսպես շարունակվի, նրանք վաղը կարող են ասել, որ Շուշիի ռեալական դպրոցն իրենք են կառուցել, որովհետեւ այսօր Շուշիում հայեր չկան, իսկ այդ դպրոցում սովորում են միայն թուրք երեխաներ։ Չեմ կարող պատկերացնել, թե ինչ եւ ինչպես պետք է բացատրի թուրք ուսուցիչն իր աշակերտներին, որոնք նստած են բռնագաղթված հայ երեխաների տեղերում։ Ի՞նչ բարոյականության, արդարության մասին պետք է խոսի, երբ որ քաղաքակիրթ աշխարհին Շուշին հայտնի է որպես հայ մշակույթի հնագույն օրրաններից մեկը։ Սակայն համոզված եմ, որ մեր քարերն էլ են ներծծված հայկականությամբ։ Իսկ դպրատունը՝ առավել եւս։ Այս ամենն ուղղակի կապ ունի Արցախի գրական կազմակերպության հետ։ Եվ այստեղ մեր անելիքները պակաս կարեւոր չեն։

Արցախի գրական կազմակերպության առաջնահերթ խնդիրը, նպատակը միշտ էլ մեկն է եղել՝ դարերի ընթացքում ձեւավորված-արմատավորված ավանդները չմոռանալ եւ դրանց վրա կառուցել նորը։

Խորհրդային տարիներին շատ բան ենք կորցրել։ Օրինակ, ասում ենք՝ գրական կազմակերպություն, բայց փաստորեն գործնականում չկար նման կազմակերպություն, չկար գրական պարբերական։ Բազմիցս դիմել ենք համապատասխան վերադաս հանրապետական եւ միութենական կազմակերպություններին... Բայց՝ զուր ջանքեր։ Դրա խոսուն վկան այն փաստն է, որ շուրջ 30 տարիների ընթացքում ընդամենը 3 գրողներ էին ընդունվել միության շարքերը, վերջին 30 տարվա ընթացքում չի հրատարակվել ոչ մի առաջին գիրք։ Դրան հակառակ՝ Ստեփանակերտում ապրող դրածո թուրք ստեղծագործողը տարվա ընթացքում երկու-երեք գիրք էր տպագրում։ Իսկ վաստակ ունեցող, արդեն գրական ճանապարհ անցած հայ գրողը 15 տարվա ընթացքում ոչ թե գիրք, այլ փոքրիկ գրքույկներ տպագրելու հնարավորություն նույնպես ստանում էր հազվադեպ։

Այժմ Արցախի գրական կազմակերպությանն անդամագրված են գրողների միության շուրջ 30 անդամներ՝ այն դեպքում, երբ 4-5 տարի առաջ ունեինք ընդամենը գրողների միության 12 անդամ, որոնցից 4-ը թուրք էին։ Եվ դրանք ոչ թե գրողներ էին, այլ պարզապես Բաքվից բերվել էին Ղարաբաղ՝ մանկավարժական ինստիտուտում աշխատելու նպատակով։ Բաքվում հասկանում էին, որ քանի դեռ գրողների միության 8 անդամ կա Ղարաբաղում, որոնք հիմնականում 60-70 -ն անց են, ուրեմն՝ պետք է նաեւ իրենք իրենց մարդկանց ընդունեն միության շարքերը, որպեսզի 1-2 տարի հետո տեր կանգնեն Գրիգոր Ներսիսյանի հիմնադրած կազմակերպությանը։

Սակայն, ինչպես ասում են, Արցախյան ազգային-ազատագրական շարժումը ժամանակին վրա հասավ... Գրական կազմակերպությունն ընդլայնվեց, գործունեությամբ դարձավ բազմաբովանդակ, իր շուրջը համախմբեց արժանավորներին։ Այսօր գրական կազմակերպությունն ունի իր քարտուղարությունը, ինքն է լուծում իր հարցերը, գրողների միության անդամներ է ընդունում Ստեփանակերտում։ Այս հարցում, անկասկած, բավականին մեծ է Հայաստանի գրողների միության դերը, եւ մեր աշխատանքները հիմնականում կազմակերպում ենք Հայաստանի գրողների միության հետ։ Ստեղծել ենք գրականության պրոպագանդման բյուրո, գրական ֆոնդ, «Արցախ» հրատարակչություն, «Արցախ» երկամսյա հանդես։ Շուշիում դարասկզբին գործում էր գրական-հասարակական շաբաթաթերթ՝ «Արցախ», որը ազգային խորհրդի օրգան էր։ Նոր ծնունդ առած մեր հանդեսն էլ «Արցախ» անվանեցինք. սա խորհրդանշական էր նրանով, որ եթե Արցախը վերակոչվել էր կյանքի, ապա կամաց-կամաց շունչ պետք է առնեն դարասկզբին հրատարակված հայալեզու շատ պարբերականներ, եւ նորից պետք է հառնի Շուշիի հայ հոգեւոր-մշակութային կյանքը։

«Արցախ» հանդեսում, քանի որ այն առայժմ միակն է, որոշեցինք պահպանել բազմաբովանդակությունը, ներկայացնում ենք գրական-հասարակական, պատմական, սփյուռքահայ գրական-մշակութային նշանավոր դեմքերին եւ նրանց ստեղծագործությունները... 1989 թվականից է գործում այս երկամսյա հանդեսը։ Հանդեսը հասնում է նաեւ սփյուռքահայ գաղթօջախներ։

Հիմա, փառք Աստծո, մենք արդեն կարողանում ենք հրատարակել մեր երիտասարդ ստեղծագործողների գործերը, որոնք համալրել են գրական կազմակերպության շարքերը։ Անցյալ տարվա ընթացքում հրատարակչությունն ընթերցողի դատին է հանձնել շուրջ 15 գիրք։ Այս տարի եւս կտպագրվեն նոր ժողովածուներ։ Վերջերս մեր գրական կազմակերպությունը սահմանեց ամենամյա մրցանակներ՝ տարվա 3 լավագույն գրքերի համար՝ Աղայանի, Մուրացանի եւ Շիրազի անվան։ Աշխատում ենք ամեն կերպ խրախուսել երիտասարդ գրողներին, որոնք ոչ միայն շնորհալի են, այլեւ այս շարժման առաջամարտիկներ են։

Սակայն այսքանով բավարարվել, ինչ խոսք, չի կարելի։ Առջեւում անելիքներ, ծրագրեր շատ կան։ Իսկ կարեւորը նպատակն է՝ ազատություն, անկախություն։

1990թ.