Մեծ վիշտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Երկու խոստովանանք Մեծ վիշտ

Ալեքսանդր Ծատուրյան

Մեծության աթոռ


Մեծ վիշտ


Ասա՛, հայ աղջիկ, ի՞նչի ես տըրտում.
Ի՞նչ ցավ ու դարդ կա քո մատաղ սըրտում.

Ի՜նչի ես այդպես հուսահատ լալիս,
Մազերըդ փետում, գըլխիդ վա՜յ տալիս.
Արդյոք քո ընտրած սիրահա՞րն է քեզ
Անողորմ խոցել ու դարձրել երես…
Թե՞ անգին ծնողքի կամ ազիզ եղբոր
Մահն ես դու ողբում՝ այդպես սըգավոր…
Արդյոք այդ տըխուր, այս սև օրերին
Քո դըժբախտ ազգի ցավե՞րն են խորին
Քեզ այդպես հուզել, պըղտորել հոգիդ,
Խըլել քո դեմքից կուսական ժըպիտ…
Ասա՛ ինձ, ասա՛, քո սըրտի գաղտնիք,
Գուցե, քո ցավին մի ճար կա, աղջի՛կ…
— «Ա՜խ, մի ժամից հետ հյուր պիտի գընամ.
Կույսը հառաչեց՝ արցունքն աչքերում,—
Իսկ դերձակուհիս — այդ կինն անզգամ —
Դեռ մինչև հիմա շորըս չի բերում…»։