Jump to content

Մեկ քայլ, երկու քայլ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...

Խոհերս այրվում ու ամեն քայլիս
Ձուլվում են ասես
Հորիզոնները հույսով երիզող
Լեռան ծաղկունքի գույն-ժպիտներին,
Իսկ կապույտներում պուտ-պուտ նկարված
Աստղերի երգը,
Թվում է, ես եմ հորինել մի օր։

Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...

Ես խորանում եմ արեւի կանաչ
Խորհուրդների մեջ
Եվ իմ ճամփամերձ ծառերը մեկ-մեկ
Զուգում հեքիաթի ադամանդներով,
Ամեն սաղարթից
Լույս ու գինդեր եմ կախում ծիծաղի,
Խնդությամբ օծում թուփ ու արահետ։
Եվ ինչքա՜ն լավ է,
Որ ճանապարհս հոգնել չգիտե,
Միայն թե հավատ, հույս տանի իր հետ։

Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...

Գնում եմ երգով ու նվագներով՝
Շքերթի ելած գարունքվա նման։
Եվ քո կարոտը՝ ծաղիկներ գրկած,
Գալիս է շուքով դիմավորելու։
Դու բնակվում ես երազներիս մեջ,
Իսկ ես, ի՞նչ մնաց,
Հասնում եմ ահա իմ երազներին...

Մե՛կ քայլ, երկո՛ւ քայլ...