Ովքե՞ր են ապրում...
Նրանք, որ գիտեն զգալ, գուշակել,
Շունչը փոփոխվող եղանակների,
Եղանակի հետ՝
Զգեստափոխվել,
Չհակաճառել
Մարտյան օրերի քմայքների դեմ,
Տաք ու հովի հետ քայլել համընթաց։
Ովքե՞ր են մեռնում...
Նրանք, որ գիտեն մեն-մենակ դուրս գալ,
Մարտի մեջ մտնել անգամ Մարտի հետ
Եվ պարտադրել
Իրենց շունչը տաք
Եղանակներին,
Ստիպել նրանց՝ միշտ արդար լինել,
Միշտ կայուն լինել ու բարենպաստ։
Եվ ապրում է նա ով մեռնել գիտե,
Իսկ ով չգիտե՝ մեռած է վաղուց...