Մենակի զորությունը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ժամանակից այնկողմ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Մենակի զորությունը)

Վարդան Հակոբյան

Մեղքի դռները
ՄԵՆԱԿԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ


Հանդապահ Հաբին, որտեղ
        գլուխը քարին կդներ՝ մի վայրկյան ննջելու,
        Աստված անմիջապես այցելում էր նրան։ Աստծուն նա
        տեսնում էր նաեւ արթմնի. «Երկու քայլի վրա էր, այստեղ։
                                     Սիպ-սպիտակ միրուքով»։
Հանդիպումից հետո շտապում էր Տիրոջ կանգնած
        տեղում՝ նույն ծառի մոտ, նույն վայրում երկու
        քար կանգնեցնել՝ ճակատ-ճակատի,
        աղոթքի պահին իրար բերված ձեռքերի պես՝
        մատների ծայրերով մեկ-մեկու կպած,
        ափերով իրարից մի քիչ հեռու,
        որ արանքում մոմը անքամի բոցկլտա։
        -Փառքդ շատ, Տեր Աստված, որ ինձ
                                    արժանացրիր տեսքիդ։

Սաքունց սարում (Սուրբ Սարգիսը
        մեր շենում Սաքունց Սարի Սուրբ է),
        ճանապարհից մի քիչ ներքեւ, Հաբի պապը
        կորցրել էր կայծքարը, պառկել անստույգ
        խոտերի մեջ, դեռ աչք չփակած,
        Աստված եկավ ու կանգնեց գլխավերեւում,
        վեր կաց, Հաբի, ասաց, գետինը թաց է, համ էլ
        չե՞ս տեսնում, որ մի քիչ ներքեւ,
        քարերի մեջ կրակը պլպլում է, ծխամորճդ
        վառիր։ Աչքը բացել է հանդապահը,
        չիբուխը վառել, համբուրել քարերը։
        -Ծառա եմ, Տեր Աստված... Մեղա՜...

Մեղա էր գալիս, որովհետեւ
        աշխարհի ամենաանմեղ մարդն էր։
        Մեր հանդերում սրբավայրեր շատ կան։ Իսկ մայրս
        նրանցից է, որ երբ մոմավառության էր գնում՝ ինձ էլ
        հետը տանելով, այցելում էր բոլոր սրբերին. «Լավ չէ,
        որ մեկը հանկարծ դուրս մնա, Աստված
        երես կթեքի»։ Եվ, ապա, մայրս դեմքը
        շրջում էր դեպի հեռու-հեռու, ո՞վ գիտե՝ քանի թեւանի
        հորիզոնում բարձրացած Ամըտեղի եխծին.
        «Երեսս ոտքիդ տակ, Ամըտեղա սուրբ, քեզ մոտ էլ
        եմ գալու»։ Եվ եթե խոստանում էր՝ սրբորեն պիտի
        կատարեր, որ իր որդիներին «ոչ մի վատ բան չպատահի»։

Արցախյան պատերազմն ավելացրեց
        մորս մոմերի թիվը մեկով եւս. «Երկիրս մենակ է,
        արյունաքամ է լինում, բա չե՞ս
        տեսնում, Տեր Աստված»։ Ի՞նչ էր դա նշանակում՝
        չէի հասկանում։ Հետո մայրս ինչ-որ
        բառեր էր իր մասին շշնջում՝ շիկնելով.
        «Շատունք լինելը չէ անմենակությունը։ Մենակի
        ուժին աշխարհում ոչ մի բան չի հասնի։ Բոլորս
        մենակ ենք։ Դրա համար էլ Արցախում երեխան
        ծնվում է զենքն ուսից կախ։ Բա՞։ Ուրիշն ուրիշ է,
        միայն դու ես դու։ Մենակությունը ազնիվ, ամուր
        վիճակ է։ Իրական։ Ինքնահույս։ Մենակի զորությանը
        ոչիչն չի հասնի։ Մենակն Աստվածն է եւ մենակը»։

...Մեր հանդերից թեեւ
        հեռու եմ վաղուց, բայց մեկ-մեկ այցելում եմ սրբավայրերը։
        Եվ միշտ էլ թվում է, թե մորս վառած
        մոմերը դեռ ցոլցլում են սուրբ քարերի վրա։
        Եվ միայն հիմա եմ մորս հասկանում
        ու նրա վառած մոմերի շարքում մեկն էլ ես եմ
        ավելացնում. «Այս մին մոմն էլ, Տեր Աստված, մենակի համար»։