Jump to content

Մեղքի դռները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԵՂՔԻ ԴՌՆԵՐԸ


Դու ասում ես, որ հոգին ավելին չէ, քան մարմինը, դու ասում ես, որ մարմինը
ավելին չէ, քան հոգին, բայց հոգին ուտում է մարմինը, Ուիթմեն, սիրելիս։
Իսկ մեղքի դուռը՝ ե՞րբ է փակ եղել։ Երբ ես սիրում էի մի աղջկա, նրան նայելիս՝
չէի տեսնում, միշտ տեսնում էի միայն թռչուններ, շատ թռչուններ։

Բանտաճաղեր՝ ձեւավորված արվեստով գոթական,
ճչում է բառը։ Բոգդան Ջանյանը տխուր Ղարաբաղ է։ Եվ ծլում է մի ծաղիկ՝ հողոտված
ժանգի մեջ փշալարերի։ Երբ դու ինձ
չես լքում այլեւս, ես ինձ չափազանց լքված եմ զգում։
Անվերապահ չեմ ընդունում ոչ մեկին։ Բառն ընդամենն ինքն իր
դուռն է միայն, ինչքան պիտի ներս գնաս, որ հասնես բուն մտքին։
Աշխարհում ոչ մի կին վերջնականապես դեռ չի համբուրվել։ Իսկ երբ
տղամարդը տանջանքի մեջ է՝ կինն առավել գեղեցիկ է ու անտանելի։

Առանց քամու՝ ծառը շարժվում է։ Առանց քայլերի ճամփան ընթանում է։ Ծնվում է
մանուկը՝ համբույրից առաջ։ Ներել՝ երբ անհնարին է ներել։ Քայլել՝ երբ անհնարին է
քայլել։ Ես քեզ չեմ լսում՝ երբ լսում եմ եւ չլսելուս մեջ (քո ձայնում)
կա մի բան, որ ոչ ոք դեռ չի ասել ինձ։ Եվ ես տխուր եմ ավելի, քան եթե տխուր լինեի։

Մեղա՜, Տեր, հազար մեղա... Մայրերն են իրենց որդիների առաջին թշնամիները, եւ
ինչպիսի գորովանքով, սիրով, տառապանքով, համբույրներով են նրանք մահվան
կամ սպանության համար աճեցնում իրենց ձագերին՝ օր-օրի շտապելով։ Մի
մեղեդի ծվարել է թռչնի դատարկ բնում, մասրենու փշերից ու մառախուղից ներս։

Անրջամեռ դադար։ Եվ ահ ու սարսափ է ապրում, երբ հանկարծ մարդու է հանդիպում
Շոպենհաուերը, բայց գորովանքով է միշտ դիտում իր նկարը. «Ես այն ձեռք եմ
բերել, որպեսզի նրա սուրբ պատկերի համար մատուռ կառուցեմ»։ Անհամաձայն
մայրամուտ։ Մութը իջեւանատունն է աստղերի։ Այս երեխան
այնքան է անմեղ, որ եթե թեւերը բացի՝ կարող է թռչել։

Այնուամենայնիվ, ինչ կա տիեզերքից այն կողմ, ուր ոչինչ չկա։ Թող ինձ ներեն
բոլոր այն ճանապարհները, որոնցով չեմ անցել։ Եգիպտական սֆինքսը՝ Քեֆրենի
դեմքով, ծանր նստել է գրասեղանիս վրա։ Գերեզմանոցում արածող ձիուն
ինչու է թվում, թե իր խրխնջոցը հասնում է տիրոջը, որի վրա խոտ է բուսել։

Եվ հոգին ավելի հոգի է, քան հոգին, եւ մարմինը ավելի մարմին է, քան մարմինը։ Եվ
տխրում է սերը, որ ինքը չկա։ Եվ ծառը, որ անասելի մենակ է
ճամփի եզրին, ինքը չէ ծառը։ Իսկ տիեզերական խավարի մեջ ոտքերս ավելացնում են
(բացելով հանդերձ) առեղծվածները հեռվի։ Ներհուն հայ, Ուիթմեն, սիրելիս։