Մեր Դուրսունը
Մենք գոմեշներ շատ ունեինք՝ մինը քան զմյուսը գեղեցիկ և վայելչակազմ, բայց ամենին գերազանցում էր Դուրսունը՝ ոչ միայն յուր գեղեցկությունովը, այլև յուր ուժովը, յուր խելքովն ու ճարպիկությունովը։
Բնավորության կողմանե մարդկանց պես անասուններն էլ են տարբերվում միմյանցից։ Նրանցում էլ մեկն ավելի աշխույժ է լինում, մյուսը դանդաղ, մեկը սրտոտ, մյուսը վախկոտ, մեկը բթամիտ, մյուսը սրամիտ։ Մեր Դուրսունը գոմեշների բոլոր լավ հատկություններն ուներ։
Դուրսունը գեղեցիկ էր իբրև գոմեշ, և շատ գեղեցիկ։ Նրա հայացքի մեջ ամեն ինչ արտահայտվում էր, երբեմն ուրախություն և հաճույք, երբեմն զարմացք և տխրություն, երբեմն զայրույթ և բարկություն, երբեմն խելք և ուշիմություն: Երբ որ նա կանգնում էր իբրև մի առյուծ, պոչը շպրտում գցում մեջքի վերա, վիզը թեքում և նայում երեսիս, ես մնում էի հիացած, թեև անգիտակցաբար։
Նա ամեն բան հասկանում էր, ամեն ասած՝ լավ ըմբռնում էր. կանչում էիր՝ պատասխան էր տալիս. ափսոս միայն, որ յուր միտքն ու զգացմունքը հայտնելու համար միայն չորս ու հինգ բառաձայն ուներ, այն էլ այնպես դժվար արտասանելի, որ մեր տառերով չլեն գրվում։
— Դուրսուն, հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում,— հարցնում էի շատ անգամ։
— Վույի՜,— պատասխանում էր Դուրսունս և պռշկում։ Ինչքա՜ն քաղցր էր նրա պռշկալը։
— Դուրսուն, արի՛ այստեղ։
Դուրսունր հասկանում էր միտքս։ Գալիս էր մոտս, ցածրացնում էր գլուխը, ես երկու ոտքով կանգնում էի վերան և նա բարձրացնում էր դնում մեջքին։
Բայց ինչո՞ւ Դուրսուն էր անունը, գուցե կհարցնեք, որ մի գեղեցկահնչյուն անուն չէ և ոչ իսկ հայերեն։ Ես այդ բառը կբացատրեմ ձեզ, եթե չեք ձանձրանալ։
Մեզանում վաղուց սովորություն է դառել կենդանիներին թուրքերեն անուն դնելը, շատ սակավ դնում են և հայերեն անուններ։ Բայց թե՛ թուրքերենը և թե՛ հայերենը ըստ մեծի մասին կենդանու արտաքին հատկությունիցն են վերցնում։ Աննշան սև գոմեշին ասում են Ղարա (սևուկ), եթե ճակատը ղաշայ է, սպիտակ նշան ունի, ասում են Թափալ (ղաշղա, նշանավոր ), եթե կրծքին կամ վզին շեկ կամար ունի՝ Հեքյալ և այլն։ Գոմշակովերին ջոկ անուն են տալիս ու այն ավելի քնքուշ, ինչպես Մարջան (բուստ), Թելլի (հունավոր), Շեկիկ, Թուխծամ և այլն։ Եզներին ու կովերին էլ ուրիշ-ուրիշ անուններ են տալիս։ Այս անունների ընդհանուր կանոնից դուրս է Դուրսուն անունը, թեև բացառություն չէ: Դուրսունը թուրքերենի մեջ նույնն է, ինչ որ մեզանում մնացական բառը։ Մնացական են անվանում այն երեխաներին, որոնք իրենց ծնողաց միակն են լինում, որոնցից առաջ ծնվածները ապրած չեն լինում։ Այս տեսակ պատճառից է հառաջ եկել և մեր Դուրսուն-մնացականի անունը։
Դուրսունը իբրև բեռնակիր։ Ամեն անգամ սար գնալիս և այնտեղից դառնալիս իմ ձին Դուրսունն էր։ Մեծ թաղիքը (ալաչուխի քեչան) ծալում գցում էինք վերան, երկու ջվալ էլ աման-չամանով լցնում, բարձում, ես էլ մեջին նստում էի և ճանապարհ էինք ընկնում դեպի սար։ Նա ինձանից լավ էր իմանում ճանապարհը և լավ էլ հասկանում էր, թե ուր են ուղարկում։ Շատ գոմեշներ առուների ու ցեխոտ լճակների մոտով անցնելիս, արևի շողից և ճանճ բոռից նեղանալով՝ ընկնում էին գյոլերի մեջ և ցեխի մեջ թավալվելով՝ բեռներն ապականում էին և մեջի ամանները կոտրատում։ Դուրսունս նրանց օրինակին չէր հետևում։ Նայում էր նրանց և գլուխը շարժում, որով պախարակում էր նրանց արարմունքը։ Անտառ մտած ժամանակն էլ՝ շատ գոմեշներ ծառերին էին քսվում, ցածրացած ճղների տակովն էին անցնում, որ իրենց բեռներից ազատվին, բայց Դուրսունը այդպես բան չէր անում, թեև խորամանկության գալով՝ նա կարող էր ամենին դաս տալ։ Երևի նրանք մի ոխ ունեին իրենց տերերի դեմ, բայց մեր Դուրսունը այդպիսի պատճառ չուներ, քանի որ նա մեր ամենիս սիրելին էր և ամենքիցս փայփայված։ Հայրս նրան ճանապարհ ձգելով՝ ասում էր. «Տե՛ս, Դուրսուն, քեզ եմ պահ տալիս այս բեռն էլ, այս երեխեն էլ, պիտի անվտանգ տեղ հասցնես»։— Վույի՜, պատասխանում էր Դուրսունը և իր խոստումը կատարում ամենայն հավատարմությունով։ Նա գլուխը քաշ գցած բոլոր ձիավորների առջևն էր գնում, այնքան արագաքայլ էր, թեև մասամբ էլ նրանից էր այդ, որ ինքը մեզանից շատ էր ցանկանում ժամ առաջ հով ու զով սարերն ընկնել ու ազատվել ճանճ ու մժեղից։
Դուրսունը իբրև պահապան։ Գոմեշները առհասարակ գայլերից երկյուղ չունին։ Գայլերը գիտեն, որ գոմեշներն իրենց ժանիքի բանը չեն, և այդ պատճառով նրանց մոտենալ չեն հանդգնում։ Այդ բանը գիտեն և տավարները, այդ պատճառով գոմեշների մոտ իրենց միշտ ապահով են զգում։ Դուրսունը իբրև պահապան և պաշտպան տավարների՝ շատ գոմեշների գերազանցում էր յուր ասպետական քաջագործությունովը։ Գայլերի հարձակումներից նա ոչ միայն այն ժամանակն էր պաշտպանում տավարներին, երբ որ նրանց մոտն էր լինում, այլ հեռու եղած ժամանակն էլ, երբ որ ականջն էր հասնում հայտնի վտանգավոր գոռոցը, նա մի ակնթարթի մեջ կատաղի վագրի պես վազում էր և օգնություն հասցնում սարսափած նախիրին։ Նա շատ անգամ հարձակվում էր սովից հանդգնացած գայլերի վերա ու նրանց եղջերահար և ոտնահար անում։ Նրա օրինակին էին հետևում և մյուս գոմեշները և այսպիսով հաղթությունը միշտ իրենց կողմն էր մնում։ Այսպիսի հաղթություններից հետո տավարները միշտ մոտենում էին Դուրսունին և հոտոտում նրանից, դրանով նրանք հայտնում էին իրենց շնորհակալությունը:
Դուրսունը իբրև ըմբիշ։ Գոմեշների մենամարտությունը մի զարհուրելի տեսարան է։ Մենամարտության ժամանակ մեր Դուրսունր յուր խելքը կորցնում էր՝ ոչ խելքով, ոչ ծեծով ուշքի չէր բերվում, այլ ավելի ևս տաքանում էր և դառնում մի կատաղի գազան։ Յուր ծանոթ գոմեշներից ոչ մեկր նրան չէր մենամարտում, փորձով գիտեին, թե ինչ գազանի հետ գործ ունին, բայց եթե հանղիպում էր նրան մի անծանոթ և յուր ուժի վերա մեծ համարում ունեցող անբարտավան գոմեշ, նրան խրատում էր Դուրսունը և շատ անգամ ճանապարհ ձգում ուղղակի դեպի մյուս կյանքը։
Մեկ անգամ մի օտար անծանոթ գոմեշ հեռվից նկատելով Դուրսունին՝ իր քայլերն ուղղեց դեպի նա, բայց այնպիսի մի ձևով՝ որ կարծես գետինը պիտի դողդողա իր ոտների տակ: Այդ ձևը շատ հարմար էր գալիս նրա հսկայամարմին հասակին։ Նրա եղջյուրները երկարումեկ ձգվել էին վզի ուղղությունով և հասել մինչև էրաթաթերը։ Ամբողջ ճակատը բաց և դուրս պրծած էր, ինչսլես մի ահագին թումբ։ Սրա հակառակ Դուրսունի եղջյուրները դեպի առաջ էին թեքված և կեռացած, որ հարկավոր դեպքում վահանաձև գլխի երկու կողմից նիզակների պաշտոն կատարեն։
Անծանոթ գոմեշը քիչ-քիչ մոտենալով կանգ առավ, վիզն սկսեց ծաղրական ձևով ծռմռել, գլուխը թեքեց դեպի վեր և բարձրից մի արհամարհական հայացք ձգեց Դուրսունի վերա: Դուրսունը անշարժ նայում էր անծանոթի վերա, բայց այնպես, որ կարծես ասում լիներ յուր մեջ.— Այս հիմարն ի՞նչ է ուզում ինձանից։ Անծանոթը շարունակելով յուր ծամածռութլունները, սկսեց մոտենալ։
— Վղղղ,— ասաց Դուրսունը, իբր՝ հասկացա քո միտքը, համեցեք, ես պատրաստ եմ, և յուր զլուխն սկսեց ավելի ևս բարձրացնել և խեթ-խեթ նայելով դիմավորեց անծանոթին կողմնակի ճանապարհով։ Գոմեշներն սկսեցին իրար նայելով մի ձվաձև պտույտ անել և շրջանը քիչ-քիչ փոքրացնելով հանդիպեցին իրար և գլուխ գլխի զարկեցին։
Սովորաբար մի րոպեի մեջ գոմեշներն իրար հասկանում են։ Եթե կռվողներից մինը համեմատաբար թույլ է, նա առանց կատաղեցնելու յուր հակառակորդին՝ իսկույն հեռանում է, իսկ եթե ուժ ուժի է հանդիպում՝ կռիվը շարունակվում է և հետզհետե այնպես է թնդվում, որ էլ բաժանել չի լինում, և տևում է շարունակ մի քանի ժամ։ Դուրսունը, թեև զորավոր հակառակորդի էր հանդիպել, բայց փախուստ տվողներից չէր։ Նա իր կեռ-կեռ պոզերով հակառակորդի ականջատակնրին ու քթին խփելով ու վիրավորելով ավելի շուտ զայրացրեց և կռիվը շատ շուտով թնդացրեց։ Հակառակորդը մի քանի անգամ չոքեց, բարձրացավ, տեսավ, որ բանը վատ է գնում, բայց ուշ էր, էլ ետ դառնալ չէր կարող, անճարացած մինչև վերջը պիտի տաներ Դուրսունի հարվածները։ Վախենում էր ետ քաշվիլ, որովհետև իր կատաղած թշնամին օգուտ քաղելով այդ հանգամանքից կարող էր նրան մահացու հարված հասցնել։ Գլուխը մի տեսակ վահան է, որով գոմեշը թե՛ կռվում և թե՛ պաշտպանում է իրեն. գլուխը հեռացնելուց հետո՝ նա զինաթափ է լինում ու մնում է անպաշտպան թշնամու հարձակմունքից։ Եթե փախչելու էլ լինի, պետք է այնպես շուտ և արագ կատարե այդ բանը, որ թշնամին չկարողանա հետևիցը հասնել: Այս անգամ մեր օտարական գոմեշը լավ երազ չէր տեսել։ Նա երկար ընդդիմանալուց հետո փախչելու փորձ արավ, բայց կատաղած Դուրսունը հասավ նրա հետևից և իրեն հատուկ գոմշային ուժով այնպես խփեց նրա փորին, որ խեղճը գլորվեց տակառի նման և ձորաբաշից ցած ընկնելով ջարդուփշուր եղավ։ Գոմշի տերը, որ մի խեղճ գյուղացի էր, շատ ուշ վրա հասավ։ Բայց մեր գյուղացիք նորան չթողեցին շլինքը ծուռ, իսկույն իրենց մեջ փող ժողովեցին և նրա համար մի գոմեշ առան։ Այդ բանում իմ հայրս ավելի օգնեց, որովհետև մեղապարտը մեր Դուրսունն էր։
Դուրսունը լինելով քաջ ըմբիշ, միևնույն ժամանակ և ուժեղ լծկան էր։ Հարկավո՞ր էր արդյոք դժվար տեղից մի հսկայական գերան դուրս քաշել, ցեխում և զառիվայրի տակ մնացած ծանր սայլը վերև հանել, կարճ «առավել» ունեցող հողի ակուր մի լծով տեղ հասցնել. ահա այդպիսի նեղ և դժվար տեղերում Դուրսունի օգնությունը անհրաժեշտ էր։ Այդպիսի ծանր ուժ հարկավոր եղած տեղերում, Դուրսունի կողմի լծակաբաժինը միշտ կարճացնում էին, որ ասել է ծանրության երկու բաժինը միշտ նրան էին տալիս, որ ընկերը կարողանա հետը քաշել։ Նա ղալբ չէր. դժվարությունից փախս տալու համար շատերի պես սամիք չէր կոտրատում։ Նրա ժամանակ գյուղումն էլ տուն չմնաց, որ Դուրսուն անունով մի շիշակ չունենար։ Ամենքն էլ անտեղի կերպով իրենց գոմշաձագերի անունը Դուրսուն էին դնում, որ նրա պես քաջ, նրա պես խելոք և ուժեղ լինի։
Դուրսունի վարքը։ Լավ վարք ու բարք ունենալը շատ օգտակար բան է։
Գողության սովոր շունը պահող չի ունենալ, ղալբ եզը շուտով սպանդանոց կուղարկվի։ Մեր Դուրսունը իր կյանքի վերջին օրերում, իր ավելի խելահաս ժամանակը մի տարօրինակ բնավորություն ստացավ։ Նա սկսեց գողություն անել և այն էլ ոչ թե գոմշավարի, այլ մարդավարի, հասկանալով, որ իր արածը մի արգելված բան է։ Շատ անգամ կես գիշերին վեր էինք կենում և տեսնում որ Դուրսունը տավարի մեջ չէ։ Երկյուղ չունենալով ոչ գայլից և ոչ գողից, էլ չէինք փնտրում, հուսալով, որ ցերեկով կերևա։ Բայց, ընդհակառակը, Դուրսունի կորուստը մինչև ցերեկ չէր տևում, նա դեռ լույսը չբացված՝ էլի գալիս էր իր տեղը նստում, որպես թե ոչ մի տեղ գնացած չլինի։ Սրա վերա հայրս ասաց, որ Դուրսունը գնում է գողության, բայց դա վտանգավոր բան է, կարող են սպանել, հարկավոր է գիշերները կապել։ Հորս նախազգուշությունը երբեմն կատարում էինք և երբեմն մոռանում, բայս լավ ստուգեցինք, որ հիրավի մեր Դուրսունը, ամեն անգամ կես գիշերին վեր է կենում սուսուփուս, կամաց-կամաց առանց շփլթուն հանելու, բոլորովին գողավարի և գնում հարևան թուրքերի կորեկները մտնում, լավ արածում և գալիս էլ ետ իր տեղը նստում։
Մի գեղեցիկ լուսնյակ գիշեր ձի հեծա գնացի Դուրսունին գտա կորեկի մեջ։ Նա այնպես էր արածում, ինչպես մի վայրենի. ամեն մի փունջ հակոսելիս՝ գլուխը բարձրացնում, այս ու այն կողմն էր նայում, որ ապահով լինի, թե իրեն տեսնող չկա։ Ինձ իսկույն նկատեց և այնպես դուրս ընկավ արտիցը, ինչպես մի եղջերու, և մինչև տուն մի շնչում վազեց։
Կորեկները հնձելուց հետո նա սովորություն արավ մտնել այգիքը։ Այգի մտնելիս՝ չափարը չէր ճմոռում, որ ձայն լսվի, այլ փնտրում էր ցածր տեղ և կապիկի ճարպկությունով ոստնում վերայից։ Սրա վերա շատ չանցավ մեր Դուրսունը գողության պատիժը ստացավ, ըստ որում ասած է' «Տատն ամեն օր գաթա չի ուտիլ»։
Մի առավոտ՝ տավարը հանդ տանելու ժամանակ, Դուրսունիս գտա արյունի մեջ շաղախված։ Սկսեցի բղավել — վա՜յ, ա՛մի, վա՜յ, ազի... Ամիս ու ազիս եկան և զննելով տեսան, որ Դուրսունի հետևի աջ օմբին այնպես են խփել կացնով, որ մինչև քուփը ներս է գնացել։ Հայտնի էր, որ մի որևիցե բաղում է պատահել այդ չարագործությունը, բայց ո՞վ կասեր, որ ինքն է արել։ Սկսեցինք դեղուդուղ անել և վերքը շատ ուշ լավացավ։ Այնուհետև մեր Դուրսունը այլևս գողության չգնաց և իր խփողին էլ վերջ ի վերջո ինքը գտավ։
Մեկ անգամ տավարը տանում էի դեպի առուն ջուր տալու։ Երբ որ հասա առվի ափը, մի կնիկարմատ նոր լցրել էր կուժը և ուզում էր վերադառնալ։ Բոլոր տավարները վրա ընկան ջրին, իսկ Դուրսունը այդ կնկանը տեսավ թե չէ՝ իսկույն դուրս ընկավ տավարի միջից և մի քիչ տեղ փախչելով՝ ետ դառավ և սկսեց աչքերը պլշացնել կնկա վերա։ Կնիկն այնպես վախեցավ, որ կարծեց թե հիմի ուր որ է Դուրսունը պիտի իրեն ոտնատակ տա։— Ա՛ գոմեշ, ի՞նչի ես էդպես մտիկ տալիս, ես խոմ չեմ խփել քեզ,— ասաց կնիկարմատը։ Ես այդ կնկանից Դուրսունի չափ վախեցա, ըստ որում նրանից ամեն բան սպասելի էր: Վերադառնալով տուն, այս անցքը պատմեցի մորս։ Վերջն ստուգվեց, որ Դուրսունին կացնով խփողը հիշյալ կնիկարմատն էր եղել։
Դուրսունի մահը։ Մեր Դուրսունը դեռ մի առույգ հասակի մեջ էր, որ մի սարսափելի ցավ եկավ և անխնա կոտորեց բոլոր տավարներին։ Ահա այդ ցավին զոհ գնաց և մեր Դուրսունը։ Մեր գիտցած բոլոր հնարներր գործ դրինք՝ թե՛ արյուն առնել էր, թե՛ սառը ջուր ածել վերան, թե՛ սուրբի չորս կողմը պտտցնել, թե՛ սուրբ հող և օրհնած աղ ուտեցնել, թե՛ մատաղ անել և ճրագ վառել, բայց բոլորը զուր անցավ, Դուրսունը չփրկվեց։ Ես հիշում եմ նրա հիվանդությունր, նրա քաշած չարչարանքը, նրա աղիողորմ նայվածքը։ Այդ տարին քառասուն գլուխ տավար կոտորվեց մեր տանից, բայց մենք ամենքս լաց եղանք միայն Դուրսունի վերա, այնքան սիրելի էր նա։ Հայրս նրա գլուխը չթաղեց մարմնու հետ, այլ կաշվից ու մսից մաքրելով չոր գագաթը ցցեց Աղալի բլրի վերա։
Լավ կենդանի է գոմեշը և շատ օգտակար, բայց մենք մեր ունեցած բաների արժեքը ճանաչել չգիտենք։ Խելոք եվրոպացիների մոտ հիմար անասուններն էլ խելոք են, իսկ մեզ մոտ մեր իմաստուն անասուններն էլ են հիմարանում, որովհետև մենք չգիտենք նրանց գրավել, կրթել, խնամել։
1884