Մեր կարմիր ձին
«Լավ ձին մի մուրազ է» ասում է հայկական առածը։ Ես մեր ժամանակում չտեսա, որ խեղճ մարդը, մշակ ժողովուրդը, գյուղացին մի լավ բան ունենա, մի լավ տուն, մի լավ զարդ, մի լավ ձի, բայց նրա խոսք ու զրուցից երևում է, որ մի ժամանակ նա էլ է ունեցել շատ լավ բաներ, լավ տուն ու տեղ, լավ ապրանք, լավ արդուզարդ։ Այդ եղել է երևի այն Ժամանակ, երբ երկիրը տեր ու տիրական չի ունեցել, մարդիկ ապրել են ով ինչպես ուզեցել է:
Եվ ում որ երազումը տեսնում են լավ ձի հեծած, ասում են՝ նա իր մուրազին կհասնի։ Հարցրու քսան-քսանհինգ տարեկան գյուղացի երիտասարդին, թե ի՞նչ կփափագեիր ունենալ, կասե՝ մեկ լավ ձի ու լավ զենք։ Ծերերը երիտասարդանում են՝ լավ ձի նստելիս։ Ով որ մի հոգեկան վիշտ ունի, ցանկանում է մի լավ ձի ունենալ և նրանով քամուն տալ սրտի ցավերը։
Իմ հայրս լավ ձի ճանաչող էր, նա իմանում էր քավ ձիու բոլոր նշանները, գիտեր և լավ թալիմ տալ, այսինրն' կրթել, մարզել։ Հորս այս հմտությունից օգտվում էին և իր դրացիք, ձի գնելիս՝ միշտ նրա խորհրդին էին դիմում: Հորս շնորհիվ վատ ձի չեմ տեսել ես մեր տանը, բայց մեկր մի կարգե դուրս բան էր. նա իսկական Քյոհլան էր, այսինքն՝ թռչկան և հայրս գտել էր նրան պատահմամբ։ Եվ ահա ինչպես:
Մեկ տարի մեր գյուղի հացը շատ պակաս էր։ Գյուղացիք տունը մեկ մարդ վեր կացան գնացին Ախալքալաքի և Շիրակի գյուղերը՝ հունձ անելու հնձավարձով: Հնձավարձ են ասում, երբ հնձի վարձն առնում են ոչ թե փողով, այլ իրենց հնձածից. քսան խուրձից 4 կամ է՛լ ավել խուրձ։ Այսպիսի դեպքերում գյուղացիք գիտեն ավելով շահել, որովհետև այդ բախտը կարող է և իրանց վիճակվել. մի տարի էլ իրանք կերթան նրանց արտերը հնձելու։
Ահա այստեղ հայրս տեսնում է մեկի տանը մի նիհար քուռակ, մորից որբ մնացած, արտաքուստ ամեն շենք ու շնորհքից զուրկ և կարծես բարակացավով տանջվելիս լինի: Հասակով էլ լինում է 5—6 ամսական: Հայրս զննում է քուռակը, նայում է ոտ ու գլխին, ականջներին, վզին, բաշ ու պոչին. ինչպես բժիշկը կզննի իր հիվանդին և քյոհլա ասված ցեղի բոլոր նշանները գտնում է այս քուռակի վրա, թեև դեռ լավ չզարգացած։ Հարցնում է հոր ու մոր մասին, ասում են՝ չենք տեսել, մենք էլ մի տաճկից ենք առել, փոխարենը մի գառը տալով, բայց հիմա տեսնում ենք, որ սա ապրելու չէ։
Հայրս ասում է՝ սա կապրի, եթե լավ պահող ունենա, և եթե ինձ տաք, ես հինգ մանեթ կտամ։
Ասում են՝ քեզ փեշքեշ, կուզես փող էլ մի տուր։ Մեզ մոտ սա չի ապրիլ։
Քուռակը բարեփոխվում է: Ես վեց տարեկան էի, որ հայրս մի քուռակ բերավ հեռու տեղից։ Այդ քուռակը նիհար և բրդոտ հորթի տպավորություն էր անում։ Բայց չանցավ մեկ թե երկու ամիս՝ այդ տգեղ մորթու միջից դուրս եկավ մի շատ գեղեցիկ կարմիր ձիուկ, սիրուն, զվարթ և խելոք աչքերով։ Սկսեց խաղալ մյուս քուռակների և նույնիսկ հորթերի ու երեխաների հետ։ Սկսեց ճանաչել ամենքին էլ և ընտելանալ ամենքի հետ։ Իսկ հորս տեսնելիս՝ մոտենում էր նրան, ինչպես ամեն ձագուկ իր մորը։ Իսկ հայրս փաղաքշում էր նրան և օրը երկու անգամ թիմարում,— քորիչով ու սրբիչով բոլոր մարմինը մաքրում։
Հայրս ասում էր, սա՝ թևեր ունի, բայց դրանք ներսումն են, դրսից չեն երևալ։ Մենք ուրիշ ձի էլ ունեինք, ուրիշ քուռակներ էլ իրանց մայրերի հետ։ Այս նորը նրանցից նույնպես էր տարբերվում, ինչպես բազեն աղավնուց։ Ամենքիս համար նկատելի էր այդ խոշոր տարբերությունը կազմվածքի կողմից, իսկ քայլելիս մյուսների նման չորեքթաթ չէր տալիս, այլ լողում էր օդի մեջ այնպես, ինչպես ձուկը ջրումը։
Ամեն մարդ մի ջոկ տեսակ քայլել ու վազել ունի. այսպես են և անասունները, բայց մանավանդ ձիանը։ Ձիաների քայլելու ձևերը ջոկ-ջոկ անուն ունեն։ Ամենից լավը անվանվում է յորղա, բայց այս յորղան էլ շատ տեսակ է լինում, սկսած մանրաքայլ յորղայից մինչև խոշորաքայլ յորղան։ Կան յորղաներ, որոնք հեծնողին երերում են և կա էլ, որ անշարժ են պահում այնպես, որ նա կարծում է, թե փափուկ աթոռի վրա է նստած ձին՝ սլանում է օդի մեջ և ոչ գետնի խորդուբորդ երեսին։ Ահա այս քայլքն է ամենալավը և սա է հատուկ քյոհյանին: Ձին հինգերորդ տարումն արդեն ցույց է տայիս յուր ուրույն քայլքը, իսկ յոթներորդ տարումը հասցնում է վերջին կատարելության։
Մեր Փաշիկոն ի ծնե և ի բնե արդեն կատարյալ էր։ Եվ ամեն ձիու և ամեն կենդանու հետ էլ քայլում էր նրա նման, իսկ իր նման քայլում էր միայն մենակ ժամանակ։ Նա ենթարկվում էր հեծյալի ճաշակին։ Նա քյոհլան էր, երբ հայրս էր հեծնում կամ մեծ եղբայրս։ Երբ մայրս էր հեծնում, նա դառնում էր պսակ գնացող հարս։ Երբ հեծնում էի ես, որ տանեմ ջուրը, նա իմ կամքին չէր ենթարկվում և ավելի նա էր ինձ տանում ջուրը, քան թե ես նրան։ Ճանապարհին կանգ էր առնում, որտեղ ուզում էր։ Շատ անգամ նույնիսկ շեղվում էր ուղիղ ճամփից և մի ուրիշ տեղով էր գնում, և այսուամենայնիվ ինձ պահում էր վրան և անվնաս տուն հասցնում։
Նա իր թռչկանությունը իրացրեց 1847 թվականին, երբ խոլերայի համաճարակ կար։ Այդ տարին մեր տերտերը խոլերայից բռնվեց, հարկավոր էր դեղ և սառույց բերել քաղաքից։ Հայրս առավոտը 4 ժամին դուրս եկավ և 12 ժամին դեղն ու սառույցը հասցրեց։ Երկու ժամ հանգստացրել էր ճամփին, ապա վեց ժամում անցել էր 172 վերստ։ Հայրս ասում էր, եթե ուզենայի ավելի շուտ կգայի, բայց շատ էր շոգ, վախեցի ձին վնասվի. թույլ տվի, որ կամքովը գա։ Եվ իրավի՝ ձին այնպես վերադարձավ, որ կարծես երկար ճամփից չլիներ եկած։ Բայց տերտերը մահի ճանկից չփրկվեց և իբրև քավության նոխազ, միայն նա մեռավ մեր գյուղումը։
1888