Մեր երակներն անցնում են մեր հողով
ՄԵՐ ԵՐԱԿՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀՈՂՈՎ
-Վարդան Սարգսի, Դուք որպես «Եղիցի լույսի» նախաձեռնող, ինչ կասեիք նրա առաջին համարի լույս ընծայման առթիվ։
-Միշտ երազել եմ, որ մենք ունենանք մեր արվեստի թերթը, ունենանք մեր գրական ճակատը, լինեն բանավեճեր, ակտիվ ու ժողովրդանվեր գրական կյանք... Այդ երազից է ծնունդ առել «Եղիցին...»։ «Արցախ», «Պըլը-Պուղի», «Պապունց տոն», այսօր արդեն «Եղիցի լույս»... Այս անունները մեր սրտից պոկված կտորներ են, որոնց մեջ խոսում է գոյամարտող Արցախի յուրաքանչյուր նահատակի արյունը։ Արյունը չի մեռնում։ Արյունը թափվելով հողին՝ չի կորչում, նորից վերադառնում է ապրողներին, հավերժական մաքառումի իր շրջանառությունն է շարունակում... Մեր երակներն, այո, պիրկ արմատների պես անցնում են մեր հողով։
Արդեն հիմնավոր քայլեր է կատարում Լեռնային Ղարաբաղի նորաստեղծ հանրապետությունը։ Վերջերս հանրապետության նախագահ ընտրեցինք։ Այս ամենի մեջ է մեր նվաճումը, համառորեն ձեռք բերվող մեր առաջընթացի մեջ։ Եվ այս պարագաներում յուրաքանչյուր հոգեւոր հաղթանակ եւս արյուն է ներարկում Արցախա հողին, մեր կյանքին։
Լույս, հաղթանակ, խաղաղություն... Թող մեր ժողովրդի համար այս Ամանորը լինի աստեղային, թող հայի երազը կատարվի... Եղիցի։ Ամեն։