Jump to content

Մեր կամուրջը մեր ձեռքն է

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԵՐ ԿԱՄՈՒՐՋԸ ՄԵՐ ՁԵՌՔՆ Է

Հարցազրույցը վարեց Արմենպրեսի թղթակից ՎԱՆԻԿ ՍԱՆԹՐՅԱՆԸ

-Ղարաբաղյան շարժումն ինչպե՞ս եք գնահատում՝ որպես գրողների միության մարզային բաժանմունքի ղեկավար, որպես մարզսովետի դեպուտատ, որպես ղարաբաղցի, որպես բանաստեղծ։ Գուցե շուտ եք սկսել կամ, ասենք ուշացել եք։

-Ինձ թվում է, սխալ կլինի մտածել՝ շարժումը ո՞ւշ ենք սկսել թե` շուտ։ Այն արդեն հասունացած հարց էր, այնքան որ՝ այլեւս ինձ ու քեզ չէր նայում։ Այստեղ մի ուրիշ հանգամանք եւս կա. երբ հրապարակայնությունն արդեն ընդունելի դարձավ երկրում, ադրբեջանցի «եղբայրներն» օգտվելով առիթից, սկսեցին ավելի ուժեղացնել իրենց ճնշումը մեզ վրա։ Ինչ որ տեղ «դեմոկրատիան» նրանք վերածեցին անարխիայի, եւ անպատժելիության իրավունքներ էին կարծես նրանց վերապահված։ Ասենք, մինչ այդ եթե ես գնում էի Բաքու, մտնում էի հրատարակիչների մոտ կամ գրողների միություն, նախագահի կամ քարտուղարի մոտ, նրանք բավականին գեղեցիկ խոստումներ էին տալիս եւ ոչ մի խնդիր չէին լուծում։ Իսկ հիմա նրանք արդեն սկսեցին ավելի լկտի պահել իրենց։

-Այս վերջին երկու-երեք տարիների մասի՞ն է խոսքը։

- Այո։ Եվ արդեն գործը հասավ նրան, որ Բունիաթովը հոդված տպագրեց «Ադաբիյաթ վա ինջասանաթ» թերթում՝ ցեխ շպրտելով մեր բոլոր սրբություններին, անգամ՝ Մեսրոպ Մաշտոցին։

-Որ Մեսրոպ Մաշտոցը հայ չէ, այլ աղվանցի, այս միտքը մոտավորապես, այո՞։

-Իբրեւ։ Կաղանկատվացին աղվան է, Դավթակն աղվան է։ Եվ հետո՝ մեր բոլոր հուշարձաններն աղվանական են, ոչ թե հայկական։ Այդ ամենի մասին նրանք կառավարական որոշումներ են ընդունել եւ ուղարկել Արցախի բոլոր շրջսովետների գործկոմներին։ Մենք ասում ենք՝ կազմակերպված, գեղեցիկ ենք բարձրացնում հարցը։ «Պրավդան» նույնիսկ այդ գեղեցիկ, կազմակերպված գործին ուրիշ կերպ է մոտենում, որ իբրեւ նախնական պայմանավորվածություն կար։ Եվ այլն, եւ այլն։ Բայց միանգամայն ուրիշ ձեւով էր ընթանում ամեն ինչ։ Բանը նրանում է, որ շրջսովետի գործկոմները հանրապետական մարմիններից ստացան փաստաթղթեր՝ պետական կնիքով, որ ԼՂԻՄ-ի բոլոր հուշարձանները աղվանական են եւ մենք աղվանցի ենք։ Այսքանից հետո ո՞ր շրջսովետի գործկոմի նախագահը կարող է նրանց դեմ չելնել, նստաշրջան չհրավիրել։

-Բացի Շուշուց։

-Բացի Շուշուց։ Եվ, վերջին հաշվով, մենք ինչ ենք պահանջում՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը հայկական երկրամաս ճանաչել, մենք ուզում ենք միանալ մեր ժողովրդին։ Ես երկու անգամ վերջերս եղել եմ Մոսկվայում՝ արցախյան խնդրով, եղել եմ ՍՄԿԿ Կենտկոմում, պատասխանատու աշխատողների մոտ, եղել եմ եւ գրողների միությունում, ամենուրեք փորձել եմ համոզել, որ մեր շարժումն արդարացի է։ Ժողովրդական մեր այս շարժման ամենամեծ նշանակությունը պետք է տեսնել նախ եւ առաջ նպատակի մեջ։ Որովհետեւ, նորից եմ ասում, եթե անգամ քար էլ դնեն Լեռնային Ղարաբաղում եւ ենթարկեն Ադրբեջանի ղեկավարությանը, այդ քարը լեզու կառնի ու կբողոքի։

Մի քանի օր առաջ ես եղա ընկերներիցս մեկի տանը, Ստեփանակերտում, ուր այդ պահին մի ադրբեջանցի կար, որը, պատկերացնո՞ւմ եք, բարեկամության մասին էր խոսում։ Հիմա Ադրբեջանում ճառեր շատ են ասում, մանավանդ այդ ճառերն ուժեղացան Սումգայիթի կոտորածին անմիջապես հաջորդած օրերին։ Բայց այդ մարդու բաժակաճառի մեջ մի լավ հատիկ կար, ո՞րն էր այդ հատիկը։ Դիմում է հարեւանին՝ Արմենին, որ զավակին բանակ էր ճամփում եւ զարմանալիորեն անկեղծ էր խոսում։ Ասաց. «Արմեն, հիմա խոսք է գնում, կռիվ է գնում, ամեն ինչ կլինի, բայց մենք հարեւան ենք»։ Դե, իհարկե, երբ ինքը հայկական քաղաքում է ապրում եւ հայի հարեւան է, այդ ձեւով պիտի խոսեր, եթե, իհարկե, Սումգայիթում լիներ, այլ կերպ կխոսեր։

-Պարզ է։

-Ինչեւէ։ Անկեղծության նշույլը որն էր։ Ասաց. «Արմեն, մինչեւ հիմա ես քեզ այնքան էլ չէի հարգում։ Բայց հիմա, որ հայկական հեռուստատեսության հաղորդումները կան, մեկ-մեկ մեր տանն էլ եմ միացնում։ Միշտ կարծում էի, թե դուք երգ չունեք սեփական եւ պետք է ադրբեջանական երգ լսեք։ Սկսեցի քեզ ավելի շատ հարգել»։

-Դա երեւի անկեղծ խոստովանանք է եղել։

-Իհարկե։

-Փոքր ինչ կոնկրետանանք, «Յազըչի» հրատարակչության կողմից ձեր նկատմամբ այդ, կասեի, տխուր վերաբերմունքի մասին. ասենք, ձեր գրքերը ինչքա՞ն են հրատարակել, ինչքա՞ն են տարիներով մնում։

-Ութսուներկու թվականից մինչեւ հիմա, մեր մարզի գրողներից համարյա ոչ ոք չի տպագրվել Բաքվում։

-Ասացիք, որ բաժանմունքում նաեւ ադրբեջանցի գրող կար, որի նկատմամբ այլ վերաբերմունք են ցուցաբերում։

-Ստեփանակերտում ապրում է ազգությամբ քուրդ, անձնագրով՝ ադրբեջանցի մի գրող, որը տարվա մեջ երկու գիրք է տպագրել։ Նա մեր հայ երիտասարդ բանաստեղծների համեմատությամբ բավականին համեստ կարողություններ ունի, բայց մեր շնորհալի երիտասարդները տարիներ շարունակ չեն կարողանում մի գիրք տպագրել, նա մի տարում երկու գիրք է տպագրել։ Գուրգեն Գաբրիելյանի նման բանաստեղծը, որն արդեն միութենական ճանաչում ունի, չի կարողանում գիրք հրատարակել։ Մի երկու տարի առաջ Ադրբեջանի գրողների համագումարում ելույթ ունեցա եւ այս ամենի մասին նշեցի։ Համագումարին մասնակցում էր նաեւ Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բագիրովը։ Մի գրող, կարծեմ Աբաս Աբդուլլա անունով, վեր կացավ ու դժգոհեց, թե ինչու է այսպիսի պահանջ ներկայացնում Ադրբեջանում ապրող հայ գրողը։ Գիտե՞ք ինչ պատասխանեց Բագիրովը նրան. «Դե, ինչ անենք՝ ասում է, հայ է, էլի, հո ասածը չարեցինք։ Ի՞նչ ես դժգոհում»։ Եվ դա առաջին քարտուղարի գնահատականն էր, վերաբերմունքն էր։ Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ անում են, որ Լեռնային Ղարաբաղում գրողների բաժանմունքը չաճի, գրողների միության անդամների թիվը չավելանա։ Մոտ երեսուն տարի է, ոչ մեկին չենք կարողանում գրողների միության շարքերն ընդունել։

-Հիմա այդ ծանր կացությունից ինչպե՞ս պիտի դուրս գաք։

-Անպայման դուրս կգանք։ Մեր պահանջներն արդարացի են։ Արդեն հասել է մի սահման, որ չես կարող լռել, չես կարող ներել։ Այ մարդ, երկրի քաղաքացի ենք, հո գերի չենք։ Եթե գերի էլ ենք, ինչքա՞ն կարելի է գերի մնալ։ Եթե ազատվելու հույսդ էլ կտրես, ապրելն այլեւս անիմաստ է դառնում։

-Հայաստանի Գերագույն սովետի նստաշրջանի որոշումն ինչպես ընդունվեց, կոնկրետ, ասենք, մարզի մտավորականության կողմից։

-Բավականին ջերմությամբ։ Այն մեզ հիմք տվեց, որպեսզի մարզսովետի նոր նստաշրջան հրավիրենք։ Մեզ համար զարմանալի չէր Բաքվից եկած միանգամայն հակառակ արձագանքը։ Ադրբեջանի Գերագույն սովետի դեպուտատները հանդես եկան որպես բարբարոսներ, նրանք փաստորեն ձեռք բարձրացրին մեր ժողովրդի դեմ։ Առավել ակտիվ էին բարբաջում թույնով լցված ազերի գրողները։ Չգտնվեց մեկը, որ մի արդար ու ճշմարիտ խոսք ասեր։ Պատկերացրեք, Թուրքիայում տարիներ առաջ, գոնե, գտնվեց մի Նազիմ Հիքմեթ, որն ասաց, որ ինքն ամաչում է իր ժողովրդի կողմից կազմակերպված եղեռնի համար, որ դա սեւ բիծ է թուրքերի պատմության վրա։ Թուրքիայում գտնվեց Ադրբեջանում այդպիսի մեկը չգտնվեց։

-«Կռունկի» մասին ի՞նչ կասեք, որ հիմնովին գործել ու պաշտոնապես ցրվել է։ Ընթրեցողներն, անշուշտ, թռուցիկ գիտեն։

-Խնդրեմ, մեծ սիրով։ Գիտե՞ք ինչ, «Կռունկի» ծնունդը բավականին բնական էր։ «Կռունկը» ծնվեց ժողովրդից, «Կռունկը» ստեղծեց ինքը՝ ժողովուրդը, եւ եթե յուրաքանչյուր արցախցու համարենք մի կռունկ, որ կարոտի զգացումով լցված, ուզում է անպայման իր երամին միանալ, լրիվ հասկանալի կլինի պատկերը։ «Կռունկի» մեջ մտնում էին մեր բոլոր լավագույն տղաները, լավագուն գործիչները, լավագույն ընկերները, ուղղակի «Կռունկի» մեջ համախմբվել էինք, որ ավելի միասնական աշխատենք, պայքարենք։ Եվ դա շատ լավ էր։ Բայց մեր դեմ որոշումներ ընդունվեցին, տպագրվեցին «Բակինսկի ռաբոչի» թերթում, բավականին զազրելի, հիմար հոդված տպագրեցին, կարծեմ «Պրավդայում» էլ խոսք եղավ, ոչ թե կարծեմ, այլ՝ եղավ։ «Կռունկը» մեզ համար հնարավորություն էր ստեղծել, որ ավելի լավ ծառայենք մեր ժողովրդին, նրա պայքարին։ «Կռունկը» ո՞նց կարող են ցրել։

-Նորից եմ վերադառնում նույն հարցին։ Ներկա վիճակից դուրս գալու ինչ ելք եք տեսնում։ Կոնկրետ՝ գործադուլները, ասենք։

-Դա պայքարի մի ձեւ է. պայքարն ընթանում է, զարգանում է, յուրաքանչյուր պահ շախմատի պես նոր քայլ է հուշում։ Մենք սպասելիքներ չունենք Ադրբեջանի ղեկավարությունից եւ չենք էլ ունեցել, ինչքան նրանք խոստումներ են տալիս, մեկ է՝ չենք հավատում, ինչքան էլ տան՝ չենք հավատա, նրանց հետ մեր բոլոր կապերը՝ թե՛ տնտեսական, թե՛ կուլտուրական, կտրված են։ Փաստորեն մենք անջատված ենք Ադրբեջանից։ Եվ եթե երկրի Գերագույն սովետը օրինական ընթացք տա գործին, դա արդեն կլինի հարցի իրավաբանական կողմը, գործնականում մենք արդեն կտրված ենք այդ հանրապետությունից, մանավանդ՝ հիմա։ Մեր կամուրջը մեր ձեռքն է։

-Դուք, անձամբ, Ստեփանակերտի հրապարակում հավաքված բազմության առջեւ հրապարակեցիք մարզսովետի արտահերթ նստաշրջանի որոշումը։ Չէի՞ք կարող արդյոք, մարդկանց կոչ անել, որ նրանք աշխատանքի գնան։

-Մարդիկ մինչեւ որ որոշումը թերթում տպագրված չտեսնեն, չեն գնա աշխատանքի։ Որոշումից հետո երկու անգամ կոնկրետ ինձ հեռախոսի մոտ է կանչել Ադրբեջանի ղեկավարությունը, պահանջելով, որ նստաշրջանի որոշմանն ընթացք չտանք։ Ուզում են, որ մենք մեզ դեմ գնանք։ Կարծում եք հե՞շտ եղավ նման որոշում կայացնելը։ Ճիշտ է ասված, ժողովուրդը կանգնի՝ լեռ կշարժի։

1988թ.