Jump to content

Մեր ոչխարաբուծության զարգացման առթիվ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄԵՐ ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ

Մեր անասնապահության մի կարևոր ճյուղի՝ ոչխարաբուծության վրա, իրոք որ, մինչ այժմ հարկ եղած ուշադրությունը չի դարձված համապատասխան մարմինների կողմից, այնինչ մեր մի քանի գավառներում ոչխարաբուծությունը ոչ միայն նախապատերազմյան վիճակին է հասել, այլև խոստանում է մոտ ապագայում գյուղացու տնտեսության մեջ շատ կարևոր տեղ գրավել։

Տնտեսական խորհրդակցության 1925 թ. դեկտեմբերի 30֊ի որոշումները ոչխարաբուծության զարգացման համար հրատապ են և միանգամայն իրագործելի։

Որոշումների հիմնականն այն հրահանգն է[1], որ տրված է արոտաշինարարության (մանավանդ ձմեռային արոտատեղերի) կանոնավորման, գնահատման և ղեկավարման շուրջր։

Վերջին հաշվով, ոչխարաբուծության զարգացումը սերտորեն կախված է կերի խնդրի լուծումից, ուրեմն և՝ արոտավայրերի կանոնավոր օգտագործումից։

«Գյուղատնտեսական կյանքի» № 1֊ում զետեղած իր «Ոչխարաբուծությունը Հայաստանում» հողվածում ընկ. Ք. Վերմիշյանի դիտողությունները, որ արված են մեր արոտատեղերի անխնամ դրության, անկանոն օգտագործման, արոտատեղերի ջրային խնդրի լուծման մասին, տեղին են և էական[2]։

Բայց պարզված չէ այն շատ կարևոր խնդիրը, թե ո՛ր չափով են բավարար մեր արոտատեղերն անընդհատ աճող ոչխարաբուծության համար, ինչպե՛ս լուծել ձմռան կերի խնդիրը, ի՛նչ ուղղությամբ է զարգանալու ոչխարաբուծությունը Հայաստանի պայմաններում։ Ասել թե՝ բամբակագործական շրջաններում անգամ ոչխարաբուծությունը պիտի զարգանա, որովհետև հանգստացող հողերն ու բամբակի խոզանը լավ կեր են տալիս ոչխարի համար, քիչ է և չի բավարարում մեր լեռնային գավառների ոչխարաբուծության ամենասուր կարիքները։

Վերջապես, բամբակագործության շրջաններում հողի մշակության ավելի լավ ձևեր կիրառելով, արհեստական պարարտացումն օգտագործելով և այլն, այդ շրջաններում, ուր տրակտորների թիվը տարեցտարի աճում է, մի քանի տարուց հետո ոչխարաբուծության զարգացման համար գուցե ազատ հող էլ չմնա։

Գլխավորն այն հարցն է, թե մեր երկիրը կարո՞ղ է այնքան կեր տալ, որ հնարավոր լինի ապահովել ոչխարաբուծության անընդհատ զարգացումը և այն էլ՝ այն տեմպով (45%), որով զարգացել է նա վերջին տարիներում։ Եթե անգամ ոչխարաբուծությունը զարգանա 25%-ով (այդ հավանական է ու բնական. 45%-ը մի-երկու տարվա երևույթ է, երբ տնտեսապես բարձրացող գյուղացին փող ուներ քոչվորից ոչխար գնելու), այդ դեպքում էլ կերի խնդիրը, ավելի ճիշտ՝ կերի պակասը որոշ սահման է դնելու մեր զարգացող ոչխարաբուծության առաջ, կրճատելով այդ 25%֊ից, առաջին հերթին պակասեցնելով բրդի ընդհանուր քանակը։

Մեզանում կերի պակասության պատճառով ոչխարից քիչ բուրդ է ստացվում։ Այդ հայտնի է ոչ միայն մասնագետ ոչխարաբույծին, այլև անգրագետ չոբանին։ Քոչվորները, որոնց ոչխարները տարին բոլոր արածում են, ամառը՝ սարերում, ձմեռը՝ արանի տափարակում, նույն տեսակի ոչխարից ավելի շատ բուրդ են ստանում, քան նրանք, որոնք ստիպված են լինում ոչխարը ձմեռ ժամանակ կերի պակասի պատճառով կերակրել հաճարով, ձավարով, անգամ թխած հացով։ Քոչվորները ոչխարը խուզում են նախ՝ մարտին, և ապա՝ օգոստոսին։ Մարտի բուրդը՝ «մեծաբուրդը», որ ավելի կեղտոտ է օգոստոսին խուզած բրդից՝ «ղլանից», գնահատվում է ավելի թանկ։ Երկու անգամ խուզելիս ստացվում է 6¼ ֆունտ կեղտոտ բուրդ, իսկ մի անգամ խուզելիս, այն էլ տեղական, կերը պակաս ոչխարից 3 ֆունտից ավելի բուրդ չի ստացվում։

Ընկ. Ք. Վերմիշյանն, ըստ երևույթին, ավելի ձեռնտու է համարում մսացու ոչխարը բրդատվից, որովհետև «մսի վաճառահանության հնարավորությունը դեպի Արևմտյան Եվրոպայի շուկաները մեր ոչխարաբուծության համար մեծ հեռանկարներ է բացում» (եր. 41)։ Մենք սխալ արած կլինենք, երբ Եվրոպայի շուկաների համար մեզանում զարկ տանք մսացու ոչխարին, և այդ այն ժամանակ, երբ մեր տեքստիլ արդյունաբերությունը բրդի հսկա պահանջ ունի։ Հայաստանի գյուղացին անգամ չի կարողանում իր ոչխարի բրդով իր կարիքները հոգալ, որովհետև մեր ոչխարը նրան քիչ բուրդ է տալիս։

Ավելի լավ է մեր ոչխարաբուծության աճման ընդհանուր տոկոսը 45%-ից իջնի 25%-ի կամ, թեկուզ, 20%-ի, սակայն բարձրանա ամեն մի ոչխարի տված օգուտը, որ, ըստ Ք. Վերմիշյանի, 4 — 5 ռուբլու է հասնում, իսկ եկամտային տուրքի նախնական տվյալների համաձայն, մեր լեռնային գավառներում՝ միայն 3 ռ. 60 կոպ.։ Եթե մեզ հաջողվի առաջիկա տարիներում այդ եկամուտը կրկնապատկել (իսկ որ այդ եկամուտը քիչ է, ոչ ոք չի կասկածում), այն դեպքում մեր ոչխարաբուծությունը կրկնակի օգուտ տված կլինի, թեկուզ ոչխարների թիվն էլ երկու անգամ չավելանա։

Եկամուտը կարող է կրկնապատկվել, եթե հաջողվի էժան և առատ կեր ճարել ոչխարի համար: Ընկ. Ք. Վերմիշյանը սխալ է համարում այն, որ Հողժողկոմատն «իր տնտեսական քաղաքականության մեջ գերադասությունը խոշոր անասունին է տվել», բայց ինքն էլ ընկնում է մի ուրիշ սխալի մեջ՝ ցանկալի համարելով «խոշոր եղջյուրավոր անասունների փոխարինումը մանր անասուններով»: Թվաբանական չորս գործողությունները միայն թղթի վրա են հնարավորություն տալիս 24 միլիոնի մաքուր եկամուտ խոստանալ, այն էլ այնպիսի մի երկրում, որի անասնապահության մեջ կովն ու ձին ոչ միայն կարևոր տեղ են բռնում, այլև առողջ տենդենց ունին զարգանալու։

Արմատապտուղների մշակությունը կուլտուրական անասնապահության նշաններից մեկն է։ Ինչքան մի երկրի անասնապահություն շատ է կերի բազուկ գործադրում, այնքան այդ անասնապահությունը շահավետ է, կանոնավոր։ Մեզանում այդ ուղղությամբ աշխատանք դեռ նոր է սկսվում. չի՞ ուզում արդյոք ընկ. Վերմիշյանը ոչխարաբուծությունը զարգացնել ի հաշիվ արմատապտուղների ու ցանովի խոտերի՝ խլելով այն կովից։ Իհարկե, այդ սխալ է, չնայած որ ոչխարը կովից պակաս ախորժակով չի ուտի կերի բազուկը։

Ոչխարաբուծությունը պիտի զարգացնել մեր արոտների կանոնավոր և խնամքով օգտագործելու հաշվին՝ բազուկն ու ցանովի խոտերի առավել մասը թողնելով կովին, եզան, ձիուն։

Այն շրջաններում, որտեղ պետական արոտներ կան, ոչխարաբուծության զարգացման համար պիտի առանձին հողամասեր հատկացնել տեղական բնակչությանը՝ քոչվորների հետ միասին։ Ինչ վերաբերում է ձմեռվա կերին, Հայաստանի ոչխարաբուծությունն էլ պիտի զարգանա արանի տափարակների հաշվին, ամբողջ տարին արածելով դրսում, ամառը՝ սարում, իսկ ձմեռը՝ տաք հարթավայրերում։

Զանգեզուրում ոչխարաբուծությունն ավելի շատ զարգացած է Ղափանում, որովհետև Ղափանը ձմեռային արեգունի տեղեր («գյունեյներ») ավելի շատ ունի։ Բայց Ղափանն ամենից շատ էլ օգտվում է հարևան գավառների ձմեռային արոտատեղերից։ Գորիսի շրջանում այն գյուղերը, որտեղ ավելի շատ ոչխար են պահում, ինչպես օրինակ՝ Յայջին[3], Խնածախը[4] և այլն, այդ գյուղերից հազարավոր քոչվորներ ոչխարների հետ միասին իջնում են արանը, ձմեռում, գարնանը նորից սար բարձրանում։

Իհարկե, միայն դրանով կերի պակասը չի մեղմանում կամ չի վերանում իսպառ։ Բայց որ այդ արոտատեղերն ահագին ազդեցություն պիտի ունենան մեր ոչխարաբուծության, մանավանդ, մեր բրդատու ոչխարաբուծության վրա, այդ անկասկած է։

Այստեղ է ահա, որ ոչխարաբուծության զարգացման հարցը մեր երկրի սահմաններից դուրս է գալիս և դառնում Անդրկովկասյան հարց, քանի որ մեր արոտաշինարարությամբ շահագրգռված է և՛ Ադրբեջանի քոչվորը, և՛ տեղական ոչխարապահը։ Խորհրդային Միության տեքստիլ արդյունաբերությունն այս կամ այն կերպ ազդում է տեղական բրդի վրա, առաջադրելով բրդի տարբեր որակ, հատկություն և այլն։ Մեր ոչխարաբուծության զարգացման խնդիրն է՛լ ավելի սերտ կերպով կապված է հարևան երկրների ոչխարաբուծության հետ, մանավանդ որ ոչխարաբուծությունն ինքը կապված է արոտաշինարարության, ջրային խնդրի և այլ կարևոր խնդիրների լուծման հետ։

Յուրաքանչյուր տարի քոչվորների հարյուր հազարավոր ոչխարներ են բարձրանում սարերը։ Մոտավոր հաշվով՝ ամեն սև ոչխարի համար տալիս են 8—10 կոպ. տուրք։ Ընդհանրապես, մեզանում արոտաշինարարություն չի կատարված դեռ, բոլոր արոտները չեն ուսումնասիրված, չեն գնահատված, չեն բարեփոխված վարձակալության ձևերը և այլն։

Առաջիկա գարնանից մեր մի շարք գավառներում այդ ուղղությամբ աշխատանքներ պիտի սկսվեն։ Մնում է ցանկանալ, որ այդ աշխատանքի ընթացքում մոռացության չտրվեն ոչխարաբուծության զարգացման միջոցները։

Եթե ոչխարաբուծության զարգացման համար հրամայական են արոտաշինարարությունն ու ձմեռվա կերի պակասը մեղմելու խնդիրը, ապա այդ ասպարեզում վաղվա անմիջական անելիքն է հատուկ վարկերի միջոցով ոչխարաբույծների միություններ ստեղծելու, մրցանակավորման և այլ զանազան ճանապարհներով կարճ ժամանակում պակասեցնելու ոչխարազուրկ կամ քիչ ոչխար ունեցող տնտեսությունների թիվը։ Հակառակ դեպքում՝ չորս֊հինգ հարյուր ոչխար ունեցողն առուծի բաժին կստանա այն նոր արոտներից, որ ոչխարաբուծության զարգացման համար արոտաշինարարության կարգով պիտի տրվի մեր գյուղերին։

Ընկ. Ք. Վերմիշյանը շատ տեղին է նկատել, որ վաղաժամ բեղմնավորման դեպքում (7 ամսական) վնասվում է ոչխարը։ Սակայն այդ լինում է, երբ կերն առատ է։ Ավելի հաճախ, կերի պակասության պատճառով, ոչխարը հնարավորություն չի ունենում ամեն տարի ծնելու։ Եթե վաղաժամ բեղմնավորումը վնասակար է, ավելի վնաս է, երբ կեր չունենալու պատճառով ոչխարը չի ծնում։

Բացի այդ, մեր ոչխարապահների մեջ պետք է ոչխարաբուծության շուրջը ծրագրված աշխատանք տանել, կազմակերպել ոչխարապահների ընկերություններ, կանոնավորել աղի մատակարարման, բրդի գնման և սպառման գործը և այլն։ Օրինակելի ոչխարապահ չի կարող դառնալ այն գյուղացին, որ ծանոթ չի ոչխարաբուծության տարրական հիմունքներին, բրդագիտության (шерстоведение): 1925 թ. Շնաթաղ գյուղում, որ Զանգեզուրի շատ ոչխար ունեցող գյուղերից է, փարախում, մի գիշերվա ընթացքում, կոտորվում են հարյուրից ավելի ոչխար, որովհետև տերը փարախը տաք պահելու համար բոլոր անցքերը պինդ փակում է։ Ամեն տարի մի քանի հարյուր ոչխար է կոտորվում «ծաղիկից» և այլ հիվանդություններից, այնինչ մեր անասնաբուժական ամբողջ աշխատանքը համարյա թե խոշոր անասունի համար է եղել։ Այստեղ ընկ. Վերմիշյանի դիտողությունը Հողժողկոմատի հասցեին՝ միանգամայն տեղին է։

Ոչխարաբուծության անելիքներից մեկն էլ մեր տեղական ոչխարների տեսակների ուսումնասիրությունը պիտի լինի։ Մենք ունենք մազեխ, բալբազ, քյասմա, ղարադոլան և այլ տեսակի ոչխարներ, որոնցից մեկն իր կենդանի քաշով է առավել, մյուսն ավելի բրդատու է, դիմացկուն, երրորդը՝ շուտ մեծացող։ Ա. Քալանթարը[5] հիշատակում է և երկու ուրիշ տեսակների՝ «քյառա» և «քյուռա» ոչխարների մասին։ Ոչխարաբուծության փորձակայանի առաջին խնդիրներից պիտի լինի և այդ տեսակների համեմատական պիտանիությունը որոշելը։ Գուցե այդ խնդրի արագ լուծումն ազատի մեզ դրսից զանազան «ռամբույլեներ»[6] բերելու անհրաժեշտությունից։

Հենց առաջիկա գարնանից Հողժողկոմատը տեղական աշխատանքների միջոցով պիտի պարզի այս կամ այն գավառում, շրջանում ոչխարաբուծության ամենից համապատասխան գյուղերը և իր ուշադրությունը կենտրոնացնի այդ գյուղերը կարճ ժամանակամիջոցում դարձնելու օրինակելի ոչխարաբուծության օջախներ՝ տալով ավելի լավ խոյեր, բեղմնավորման, կերի, փարախի և նման խնդիրների կանոնավորումով։ Ոչխարաբուծության ասպարեզում դրական էֆեկտ ավելի կարճ ժամանակամիջոցում կարելի է ստանալ։ Գործն սկզբից ուղիղ հիմքերի վրա դնելուց հետո այնքան արագ կմեծանա, որ մի տասնյակ տարուց հետո մեր լեռնային գավառներում ոչխարաբուծությունը կգրավի շատ շոշափելի տեղ գյուղացու բյուջեում։

Այն կարծիքը, թե ոչխարաբուծությունը գյուղատնտեսության էքստենսիվ ճյուղերից է, ոչ մի քննադատության չի դիմանում։ Գյուղատնտեսության ինտենսիֆիկացիան ամենևին չի ժխտում օրինակելի ոչխարաբուծությունը։ Ամերիկան և Անգլիան մեզնից ավելի ինտենսիվ գյուղատնտեսություն ունեն, սակայն Ամերիկան ունի 45 միլիոն գլուխ ոչխար, Անգլիան՝ 27 միլիոն և այլն։ Եթե ամբողջ Անդրկովկասում 1916 թ. յուրաքանչյուր հարյուր շնչին 113 ոչխար էր ընկնում, իսկ Թուրքեստանում՝ 223 (ամենաշատը Խորհրդային Միության սահմաններում), Արգենտինայում հարյուր շնչին ընկնում էր 1160 գլուխ, Ավստրալիայում՝ 1745, և Ուրուգվայում՝ 2341 գլուխ։

Իհարկե, էքստենսիվ է ոչխարաբուծությունը, երբ մի շնչին մի ոչխար չի հասնում։ Այնքան, որքան մեքենայացման ենք ենթարկում մեր դաշտային մշակույթները, արմատապտուղների և ցանովի խոտերի ընդհանուր տարածությունը տարեցտարի ավելացնում, արտելների և գործարանների միջոցով մշակման ենթարկում մեր կաթնատնտեսական մթերքները և այլն, դրան զուգընթաց էլ մեր ոչխարաբուծությունը պիտի զարգանա, տեղ֊տեղ որպես բրդատու, որպես մսացու, կաթնատու և այլն։ Անելիքներ շատ կան, անհրաժեշտ է միջոցներ մտածել ոչխարի կաթի կատարյալ օգտագործման համար, բրդի ստանդարտիզացիայի, ստացած բուրդը տեղում վերամշակելու (գորգագործություն և այլն): Մեր բրդի արդյունաբերությունը, մերինոսի բրդի պակասության պատճառով, դեռ երկար ժամանակ դործադրելու է հասարակ, կոշտ բուրդը:

Անկասկած, մեր ոչխարաբուծության զարգացումը շատ սերտ կապված է մեր երկրի ընդհանուր էկոնոմիկայի հետ, իսկ այդ մեզ ասում է, որ մեր երկրին չի սպասում ապագայում «խոշոր անասունների փոխարինումը ոչխարով», այլ գյուղատնտեսության զանազան ճյուղերի տնտեսապես ձեռնտու դասավորությունը զանազան գավառներում, տեղական պայմանների համեմատ:

  1. 1
  2. 2
  3. 3
  4. 4
  5. 5
  6. 6