Jump to content

Մեր քաղաքացի պետոն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր քաղաքացի պետոն
Մեր քաղաքացի պետոն

Տե՜ս, տե՜ս, եղբայր, ահա հեռվից
Սևին տվեց մի հրեշ,
Որ ծանրաքայլ, դանդաղ կերպով
Շարժվում է որպես գոմեշ:
Նա մոտ եկավ: Նշմարում եմ
Մարդու ձև և կերպարանք:
Բայց ինչո՞ւ է սիրտս զգում
Այսքան զզվանք, զարհուրանք:
Հա, տեսնում եմ՝ կարճլիկ շլինք,
Նա հաստ է որպես գերան,
Նորա վերա կա մեծ գլուխ,
Ուռած թշեր, լայն բերան:
Եվ երեսի խորշոմներից
Պըսպղում են նեղ ծակեր,
Դոքա անշուշտ պետք է լինեն
Կարճատես նորա աչքեր:
Հնդկահավի գլխի նման
Դեմքի գույնն է լրջացած,
Իսկ արծըվի յուր մեծ քիթը
Կեռ կտուցով կընայի ցած:
Ժպիտ և կյանք դեմքի վերա
Միշտ չեն եղել... չըկային...
Իսկ վայրենի բացատրությունքն
Չունեն ոչինչ մարդկային:
Բայց ինչո՞ւ է նորա փորը
Այնքան լայնացել սաստիկ,
Կարծես է նա փուքսով փըչած
Մի ահագին գոմշի տիկ:
Մի՜ զարմացիր, ազնիվ եղբայր,
Ի՛նչ բան չարեց նախանձը,
Երբեմն վատնեց, երբեմն դիզեց
Աշխարհի կայքն ու գանձը:
Երբեմն արնով նա ողողեց
Պատերազմի դաշտերը,
Երբեմն սիրով, խաղաղության
Ցանեց անուշ վարդերը:
Իսկ նախանձը նորա փորի
Չուներ չար ինչ նպատակ,
Ընդհակառակն, նա բարի էր,
Իրավացի և շիտակ:
Երբ նա տեսավ շիրախանումը
Թիֆլիսու մեծ ըռումբին,
Հարյուրներով յուր մեջ կառներ
Կախեթու գինու թունգին,
Շարժվեցավ յուր ցանկությունն,
(Այդ ձգտումն էր բնական(
Մի՞թե տանել փորն չէր կարող
Այնքան գինի պատվական:
Այնուհետև այդ բարեբախտ
Գոմշի տիկն ահագին
Լիակատար տաներ պաշտոն
Հայ Բաքոսի հեղուկին:
Բայց ինչո՞ւ է գիրցած այնքան,
Հաստացրել է յուր անձը,
Չիցե խոզի՞ օրինակը
Շարժեց նորա նախանձը:
Այդ չէ պատճառ նորա այդքան
Գիրանալուն, իմ բարեկամ,
Այստեղ արդեն մի գաղտնիք կա,
Ունի խորհուրդ բնական. —
Գիտե՞ս ինչն է մեռցնում մարդի
Մարմինն, ոսկրն ու հոգին,
Չէ՞ արդյոք նա մեր սրտամաշ
Ցավն ու վիշտը դառնագին:
Բայց մեր պարոն քաղաքացին
Զերձ է կյանքի վշտերին,
Կարծես մեռած անզգա սիրտ
Ժառանգեց նա յուր տերեն:
Որտեղ պետք էր լինել խոնարհ,
Նա թեքվում է, սողում է,
Եվ գետնաքարշ որդնի նման
Ցեխի միջով լողում է:
Յուր ցածության և կեղտերի
Ծանրությունը չէ զգում,
Ազնվության, ազատ կյանքի
Բաղձանք չունի յուր հոգում:
Որտեղ պետք էր լինել հպարտ,
Բռնակալ է և գազան,
Մանավանդ, երբ տկար լիներ
Անգթության առարկան:
Անմեղ զոհի լացն ու սուգը,
Նորա հառաչանք տրտում
Մեռած խղճին, խավար հոգուն,
Սառած սրտին՝ չեն ազդում:
Նա գիտության և արհեստի
Թշնամի է դժնդակ,
Զի ուսման լույսը մերկացուց
Նորա պատկերն այլանդակ:
Բայց յուր քեֆին և յուր փորին
Նա երբեք չէ խնայում
Նորա աչքն այլոց վերա
Միայն կույր է միշտ նայում:
Ապա ի՞նչը նրան կըմաշե,
Որ չըգիրնա խոզի նման,
Երբ նորա սիրտ, հոգին և միտք`
Է սառն, մթին գերեզման:
Երբ մարդկային ո՜չ մի զգացմունք
Չըկա բնավ յուր միջին,
Ազգ, հայրենիք, սեր և նախանձ՝
Նորա աչքումը՝ զրո չնչին:
Դե՜, հաստացի՜ր, քաղաքացի՜,
Թող քո կաշին լայնանա,
Մարմնիդ միջումն անպետք մթերք
Օր ըստ օրե ավելնա:
Քո հաստ լեշը, դարտակ գլուխդ
Թեև ազգիդ պետք չեղան,
Գոնյա՜, ճըճիքը գերեզմանումդ
Կունենան միշտ ճոխ սեղան: