Մժղուկը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Մժղուկը

Մամին-Սիբիրյակ

Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի

[ 147 ]
ՄԺՂՈՒԿԸ
Մամին-Սիբիրյակ
1

— Ոչ ոք չտեսավ, թե ինչպես ծնվեց փոքրիկ մժղուկը։ Գարնան մի արև օր էր։ Աչքը բաց արավ, նայեց չորս կողմը ու կանչեց.

— Ի՜նչ լավ է։

Մին էլ ոտիկներն իրար քսեց ու թռավ։ Թռչում է և ուրախանում ամեն բանով։ Իսկ ներքևում խոտը կանաչին է տալի, և խոտի մեջ թաքնված մի կակաչ ժպտում է ու ժպտում։

— Ինձ մոտ արի, մժեղ,— կանչում է ծաղիկը։

Մժղուկը իջավ ծաղկի վրա, ծծեց նրա հյութն ու ասավ.

— Ի՜նչ լավ է, և էս բոլորն իմն է։

Բայց դեռ խոսքը բերանումն էր, որ բռռացնելով եկավ բրդոտ բոռը։

— Բը՜ռռ․․․ էդ ո՞վ է նստեղ իմ ծաղկի վրա, բը՜ռռ․․․ ո՞վ է խմում իմ քաղցր հյութը, բը՜ռռ․․․ Դե՛նը կորի, անպիտան մժղուկ։

— Սպասի՛, է՞ս ինչ բան է,— տզտզաց մժղուկը,— չէ՞ որ էս բոլորն իմն է։

— Բը՜րռ․․․ չէ՛, իմն է։

2

Մժղուկը ոտները զոռով ազատեց կատաղի բոռից։ Նստեց խոտի վրա, լիզում էր ծաղկի հյութով թաթախված ոտիկները ու բարկացած խոսում. [ 148 ] ― Ի՜նչ կոպիտ է էդ բոռը, չէ՞ որ էդ բոլորն իմն է, արև՛ն էլ, խո՛տն էլ, ծաղի՛կն էլ։

— Ո՛չ, ներեցեք, ի՛մն է,— խոսեց բրդոտ ճիճուն, որ բարձրանում էր խոտի ցողունի վրա։

Մժղուկը գլխի ընկավ, որ ճիճուն թռչել չգիտի, համարձակ ձայնը բարձրացրեց։

— Ներողությո՜ւն, բարեկամ, սխալվում ես, բոլորն իմն է, բայց ես հո՛ չե՜մ արգելում քեզ։

— Լա՛վ, լա՛վ, մտի՛կ արա, որ իմ խոտին չդիպչես․ ձեզանից էստեղ էնքան թռչում են որ․․․ Դուք թեթևամիտ ժողովուրդ եք, իսկ ես ծանր ճիճու։ Դե՛, հայդե՛, գնաս բարով։

3

Մժղուկը թողեց ու թռավ հեռու, տեսավ ջուր։

— Էս հո իմն է ու իմը, իմ ջուրը։ Ա՜խ, ի՜նչ լավն է․ էստեղ խոտ էլ կա, ծաղիկ էլ կա։

Եվ ահա թռչում գալիս են ուրիշ մժղուկներ էլ։

— Բարի օր, քո՛ւրիկ։

— Աստծու բարին ձեզ, քո՛ւրիկներ։ Էդ ո՞ւր եք թռչում։

― Խաղ ենք անում, դու էլ արի մեզ հետ։ Էնպես ուրախանո՜մ ենք։

Ու գնացին։ Խաղում էին ջրի վրա, պտտվում ու թռչկոտում։

Հանկարծ, պը՜ժժ, ոնց որ մինը մի քար գցի, ճնճղուկն ընկավ մժեղների մեջ։

— Վա՜յ, վա՜յ,— ժվժվացին բոլորն ու ցրվեցին դես ու դեն։

Մին էլ երբ ուշքի եկան, տեսան շատերն էին պակասել։

— Ա՜խ, անպիտան,— հայհոյում էին ծեր մժեղները,― ամբողջ տասը հոգի փչացրեց։

— Վա՜հ, ամբողջ տա՞սը հոգի, էս հո բոռից էլ անց կացավ։ [ 149 ] 

4

Մեր մժղուկի սիրտն ահ ընկավ, ու մյուս նորելուկների հետ միասին մտավ ճահճի խոտերի արանքը, տապ արավ։

Բայց էստեղ էլ ուրիշ փորձանք։ Երեք մժղուկի ձուկը կերավ, երկուսին էլ գորտը տարավ։

— Էսպես էլ բա՜ն կլինի․․․— զարմացած մնացել էր մեր մժղուկը։— Մի՞թե կարելի է ապրել էսպես։

Գիշերն ընկավ, մութը վրա հասավ, ու բոլոր մժղուկները մտան եղեգնուտի տաք տեղերը, թաք կացան։

Վերև երկինքը լցվեց աստղերով, լուսինն Էլ ծագեց, ու միասին ցոլացին ջրի մեջ։

Էնպես սիրո՜ւն էր։

— Ա՜խ, իմ լուսնյա՜կը, իմ աստղերը․․․— շշնջում էր մժղուկը, բայց ահից էնպես կամաց էր շշնջում, որ ոչ ոք չլսի։

— Ա՜խ, իմ աստղե՜րը․․․— շշնջաց կամաց ու քնեց։