Միասին անցկացրած մեր կյանքից կա՛ մշտապես ներկա մի վայրկյան, -
երբ համբուրում եմ մատներիդ ճերմակը՝ ընդառաջ եմ գնում ծաղիկներին,
քո ձայնի արծաթը զրնգուն կավե կուլայից լցվում է երգերի մեջ իմ չգրված,
աչքերս տաք բույն են հյուսում ծաղկախտուտ եղեգներում վարսերիդ.
եւ տեսնում եմ խոնարհաշատ քնքշությունը մարող մոմի՝ մեր հոգին փրկած։
Խոսքերս կիսատ են անասելի, որովհետեւ աշխարհում ոչ մի բառ լրիվ չէ, -
ամեն պատասխանից հետո շատանում են հարցերը, ճամփեքը՝ դառնում անդադրում,
պժպժացող գինուց թունդ է սեւ խավարը հոգիս քաշող անհայտների,
իսկ լույս սիրող արմատները միշտ հակառակ ուղղությամբ են մաքառման մեջ.
ես պաշտում եմ ծաղիկները, Աստված վկա, ե՛ւ ձիերին, աղջիկներին, շներին։
Երազներս ինքնավար են, իսկ գալիքը, դա մեր վաղվա լքյալն է խեղճ, -
ծաղիկները երթ են լույսի, լույսը՝ ծաղկանց երդումը անընդգրկելի,
ինչ ճամփա էլ ընտրենք, մեկ է՝ մենք այնտեղ ենք գնում, որտեղից գալիս ենք,
թե միայնակ չլինեի, չէի կարող երբեք դառնալ ամբողջի մասն աշխարհի.
զոհված տղաների արյունը թավշավորվում է մանկության թախծոտ ծառերում։
Ես տանում եմ ինձ հետ մի բան, որ լույսի մեջ է եւ բռնել չի լինում,-
ամեն բառում կան բացարձակ իրար ժխտող ու բացասող անթիվ բառեր,
խոսքը մեղմացված ճիչ է եւ մեկնությունները բոլոր փորձեր են ընդամենը,
թռչունները ճյուղերի վրա բարձրաձայնում են չբացված բողբոջների մեղեդին.
երբ ես դադարում եմ քեզ հիշելուց, չի նշանակում, թե քեզ էլ չեն հիշում։
14.01.2002թ.