Jump to content

Միջին Տիգրան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Միջին Տիգրան



I



Տիգրա՛ն, փառահեղ Հայոց թագավոր
Եվ աշխարհակալ անթիվ ազգերի,
Ո՞ւր է կալվածքը քո հանդիսավոր,
Ո՞ւր է պետություն քո հրաշալի։
5 Ո՞ւր Տիգրանակերտ, մեզ պատասխանի՛ր,
Այդ ճոխ քաղաքը՝ առլցած գանձով,
Որ հափշտակեց բազուկդ հաղթակիր
Եվ մի հազվագյուտ զարդարեց հրաշքով.
Ո՞ւր գնաց, ասա՛, քո կարողություն։
10 Դու վե՛ր կաց, կանգնի՛ր, ի՞նչ ենք տեսանում.
Այստեղ փլատակ, այնտեղ պղծություն,
Միայն բուերի ձա՜յն ենք մենք լսում։

II


Ո՞ւր արենարբու կարող քո սուսեր,
Որով ճնշվեցավ Փոքըր Ասիան,
15 Մեք չենք գտանում անգամ ինչ ստվեր,
Բայց թե ավերակ տրված կորստյան։
Եվ դո՛ւք, փառասեր որդիք Հռոմա,
Դո՛ւք, ո՞վ Լուկուլլոս, Կռաս, Պոմպեոս,
Ո՞ւր ձեր քաջության պսակը դափնյա,
20 Որով պճնում էր Հռոմը գոռոզ։
Դուք խրոխտալով թափեցիք արյուն,
Ծածկեցիք դաշտերն փշրած զենքերով,
Որ այսօր մի ծանր և մի հավերժ քուն
Ամփոփե ձեր փառք դագաղի փշով։

III


25 Ահա՛ ձեր զենքի մեծ հանդիսարան,
Ուր ժողովելով վառ լեգեոններ,
Կամեիք նվաճել զորավոր Տիգրան
Եվ նորա վերա տարածել ստվեր։
Այստեղ Միհրդատ խորտակված թույնով,
30 Այնտեղ Բարզափրան հաղթության փողով,
Այստեղ դուք իշխան և հրամայող.
Բայց այժըմ տեսե՛ք... բլուրներ բարձրացած,
Շիրիմներ ճնշված... այստեղ և՛ հաղթող,
Ե՛վ տեր, և՛ ծառա մի հողով ծածկված,
35 Ե՛վ Հայն, և՛ Պարթև, և՛ Հռոմայեցին
Նո՜ւյն անարգ կորուստը ընդունեցին։

1864 թվին
2 հունիսի