Jump to content

Մի թութակ պահիր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄԻ ԹՈՒԹԱԿ ՊԱՀԻՐ


Բառերը մարած ձայներ են հուշում,
առօրյայի մեջ լուծվելով որպես
ցամաքող ջրեր։
Հին է երդումդ,
մաշված՝ գոտու պես.
կարող ես մի օր
ինձ ոչինչ չասել։
Ես պատրաստվում եմ, որ ջրին ձուլվեմ,
ես պատրաստվում եմ, որ քարին ձուլվեմ,
եւ ինձ ետ պահող
խոսքերը չկան։
         Չեն էլ հարկավոր։
Գուցե դու չէ, որ իմ այս բառերը
պիտի լսեիր,
գուցե ուրիշն է,
բայց ո՞վ ստիպեց, որ այդ ուրիշը
         դու՝ ինքդ լինես։
Ես այս աշխարհից
դժգոհ չեմ բնավ։ Սա ի՞նչ աշխարհ է.
մի թութակ պահիր,
սովորեցրու հարկավոր բառեր
         եւ` անունը քո...
Իսկ ինձ ճամփու դիր, իսկ ինձ թող՝ գնամ։

Որտե՞ղ է զանգի լեզվակը՝ քաշեմ,
ինքս իմ զանգով ավարտվեմ, քաշվեմ։