Սիրեց Շերամը Շուշանին, Շուշանը՝ Շերամին
եւ ծառի վրա վայելչագրեցին՝ Շ+Շ=Սեր։
Սիրեց Վահանը Սուսանին, Սուսանը՝ Վահանին
եւ ծառի վրա վայելչագրեցին՝ Վ+Ս=Սեր։
Սիրեց Սաթիկը Վարոսին, Վարոսը՝ Սաթիկին
եւ ծառի վրա վայելչագրեցին Ս+Վ=Սեր։
Հետո եղավ այնպես, որ գումարելիները փոխվեցին,
Մոռացան ծառը, չտեսնելուն տվին ու չհիշեցին.
Շուշանը գնաց Վահանի հետ, Սուսանը՝ Շերամի,
Սաթիկն ուրիշի հետ գնաց, Վարոսն՝ ուրիշի...
Քանի անգամ ձյուն եկավ, քանի անգամ ծառը ծաղկեց։
Ու հանկարծ նրանք հիշեցին գիրը, կատաղեցին,
Ու մինչ կորոշեին ծառը մի գիշեր կտրել թաքուն,
Տղաներն ու աղջիկները մեծացան, կարդացին գրերը.
Ինչպե՞ս թե՝ մեկի հայրը, մյուսի մայրը, մեկելի...
Ու մինչ կորոշեին մի գիշեր այդ ծառը վառել,
Զայրույթը փոխվեց շիկնանքի, շիկնանքը՝ սիրո,
Ժպիտները համբույրներ դարձան եւ ծառը փրկվեց։