Մի կյանքի պատմություն
- Արցախյան պատերազմի նահատակ
- Արամայիս ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հիշատակին
Մինչ աքլորը կկանչեր՝ ոտքի վրա էր արդեն,
Ձին չափ գցած կբերեր Շենին աղբրում ջրելու,
Տանձենու տակ Եվայի՝ հանդում նա ձին կկապեր,
Հետո անտառ կգնար՝ լոբու ճիպոտ քաղելու։
Հետո խաղով կտարվեր՝ կմոռանար ամեն ինչ,
Նորից նրան կկանչեր մայրը՝ մենակ ու հոգնած,
Խաղը իսկույն կթողներ, որ գնար մոր հետ ցախի,
Թոնրի շրթին կշիկներ հետո ինչպես... թոնրահաց։
Սակայն մի օր, մի սև օր կախվեց օդում լուրը չար,
Կախվեց օդում ու մնաց ու քայլերը երերուն
Երկար ու լուռ ծալվեցին, գիշեր-ցերեկ, անընդհատ,
Հոր հետ տավարն էր քշում ու չէր հոգնում քայլելուց։
Ու չէր հոգնում քայլելուց։ Ու քայլում էր նա տխուր,
Խաչենագետը անցավ՝ լույսը դեռ լավ չբացված,
Լքված գյուղը ցավ էր լուռ, որ սեղմվել էր կոկորդում.
- Մնա՜ց Անուշ տանձենին, Խաչունց աղբյուրը մնա՜ց...
...Բակ էր իջել քրոջ հետ՝ քաղաքի հետ արթնացած,
Երբ գործարկվեց թշնամու հրետանին կատաղի,
Ու չզգաց էլ, թե արկի բեկորից ո՜նց ընկավ ցած։
...Իսկ աչքերում Ալվարդի՝ շունչն էր եղբոր ծիծաղի։
23.01.93, Ստեփանակերտ