Jump to content

Նվագներ արարվող լույսի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նվագներ արարվող լույսի
Աղբյուր՝ Ճաքած լռություն (բանաստեղծություններ և պոեմ), Ստեփանակերտ, «Արցախ» հրատ., 1993, 48 էջ, տպ. 1000 օր. (էջ 36)
Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, 264 էջ, տպ. 300 օր. (էջ 102)։

Նվագներ արարվող լույսի


Լալիս է գիշերը մեղմիկ,
Գիշերը անձրև է մաղում,
Ու ձորի ուռենու ճյուղին
Անձրևը շողում է շաղով։

Իսկ քամին՝ փոթորկված, հուզված,
Ուռենու խոհերն է խառնում,
Ուռենին՝ թեև բզկտված,
Բայց հողին ամուր է կանգնում։

Դանդաղում, քնում է քամին,
Ուռենին ննջում է հանգիստ,
Բայց էլի անձրևը մաղում,
Գիշերը լալիս է մեղմիկ։

Գիշերվա քողի տակ, մթնում
Քնել են աղջիկն ու տղան,
Ինչ ո՜ւշ է լույսը արարվում,
Որ նրանք հանկարծ... չարթնանան։

27.01.1983, Ստեփանակերտ